Իրավունք

Պատժելու պատրաստ

Պատժելու պատրաստ
Հիմա էլ հերթը ծխողներին հասավ․ հանրային վայրերում, արգելված տարածքներում ծխելու համար մարդիկ կտուգանվեն: Չսահմանված վայրում ծխելու համար անձը կվճարի 250 հազար դրամ, նույն արարքը եթե կատարում է երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ, տուգանվում է արդեն 500 հազար դրամով:



Խելահեղ արագություն հավաքած մեքենայի ընթացքը դժվար թե ընդամենը մի սեղմումով կասեցվի, անգամ եթե դա տեղի ունենա, հետեւանքները հնարավոր է աղետալի լինեն: Նորություն չէ Հայաստանում՝ ծխողներն անթույլատրելիորեն շատ են, ծխախոտն էժան է այնքան, որ նույնիսկ Եվրոպայում ու ԱՄՆ-ում ապրող մարդիկ այստեղից են իրենց համար տուփերով ծխախոտ ձեռք բերում: Ամեն առիթով ՀՀ քաղաքացուն նսեմացնելու, պատժելու ու կլպելու կազմուպատրաստ կառավարությունը, իշխանություններն արդյոք հաշվի՞ են առել այն բոլոր հանգամանքները, որոնք կարող են ուղիղ պատճառահետեւանքային կապով բացասաբար ազդել մարդկանց կեցության ու գիտակցության վրա, բարձրացնել, ասենք, ապատիայի, քաոսի ու անգամ հանցավորության մակարդակը: 9 հարյուր հազար աղքատ մարդ կա Հայաստանում, 3 հարյուր հազարը ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, ծխախոտի հիմնական սպառողները հենց այս շերտն է՝ ամենաաղքատ, հուսալքված, սոցիալական ծանր դրության մեջ ապրող մարդիկ:



Չքավորության մեջ մի կերպ գոյություն պահպանող մարդու համար ծխելը հույս է, եւ, իհարկե, վատ սովորույթը եւս կարող է հույս լինել, մանավանդ՝ երբ հույսի մյուս աղբյուրները նվաճված են: Արդյոք սրա մասին մտածե՞լ են պատկան մարմինները, որոնք ժամ առաջ ուզում են այդ վերջին հույսն էլ խլել մարդկանց ձեռքից, փոխարենը ոչինչ չտալով, ոչինչ չառաջարկելով նրանց: Այլեւս տարրական գիտելիք է թվում՝ ծխելը վնաս է առողջությանը, եւ մարդու առողջությունը, շրջակա միջավայրն ավելի լավ, թարմ պահպանելու, զանազան հիվանդություններ կանխելու համար, միանշանակ, այս վնասակար սովորույթից հրաժարվել է պետք: Այնուհանդերձ, այսօրինակ մեթոդներով, աղքատության բարձր ցուցանիշի առկայությամբ նման պայքարը վերածվում է պայքար ոչ թե ծխելու, այլ պայքար ՀՀ քաղաքացու դեմ: Տնտեսական, սոցիալական ծանրագույն պայմաններում ապրող մարդուն ամեն պատեհ-անպատեհ առիթով նման կերպ նսեմացնելը՝ ձեւականորեն որդեգրած քաղաքական «կուրսի» հավասարակշռությունը պահելու գնով, ուղղակի ստորություն է, ապակայունացնող հերթական քայլ:



Վնասակար սովորույթը՝ ծխելը, հույս է, իսկ հույսը կարծես երբեք էլ վնասակար չի լինում: Իսկապես, ինչի՞ հետ եւ ինչո՞վ փոխարինեն մարդիկ այդ թեկուզ վատ սովորույթով ձեռք բերված հույսը, երբ համատարած գործազրկություն է, անլիարժեքություն ու խորը չքավորություն, երբ համատարած ամեն իրական ու անիրական քայլիդ համար խստագույնս պատժվում ես: Սա եվրոպական բարեկեցիկ երկիր չէ, ուր հազարավոր մարդիկ հավելյալ ազատ ժամանակ ունեն եւ զբաղվում են իրենց մարմիններն առողջացնելով, սա ուղղակի քաղքենություն է, սեփական ժողովրդին ծաղրելու հերթական միջոց:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image