Քաղաքականություն

Նախագահ՝ առանց քաղաքականության

Նախագահ՝ առանց քաղաքականության
Արմեն Սարգսյանը, հավանաբար, կդառնա ՀՀ չորրորդ նախագահը եւ ՀՀԿ-ականների հետ ձեռք ձեռքի տված՝ կշարունակի մասնակիորեն (որքան որ թույլատրեն իր «լավ բարեկամները») մասնակցել, այսպես ասած, «պետականաշինության» այս ողջ համահավաք գործընթացին: Ապագա նախագահը, ով նաեւ գիտությամբ ու հանքարդյունաբերությամբ է զբաղվում, իր աշխատաոճով դժվար թե կարողանա մրցել դրայվների սիրահար ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, նիստերին ու ասուլիսներին կարուսելներ ու ֆուրորներ անել, աջ ու ձախ կտրուկ պահանջներ դնել․ նրանք խառնվածքներով ու մոտեցումներով բավականին տարբեր գործիչներ են: Ահա, ասում են՝ Արմեն Սարգսյանն ավելի արեւմտյան տիպի գործիչ է՝ երկարամյա լուրջ փորձառությամբ, դիվանագիտության հմտություններին տիրապետող, վերջիվերջո՝ թագավորական ընտանիքի հետ առնչված, անգլիական էլիտայի հետ «նստած-հելած» 65-ամյա մարդ, ով իր անունը կամրագրի պատմության մեջ իբրեւ ՀՀ չորրորդ նախագահ, թեկուզեւ ժողովրդի կողմից քվե չստացած, այդուհանդերձ, հրավիրված հենց Սերժ Սարգսյանի կողմից, առաջադրված հենց ՀՀԿ-ի անունից:



Իսկապես, Արմեն Սարգսյանի հետագա (Սերժ Սարգսյանի ականջից հեռու) «քաղաքական» կարիերան մեծ քայլերով եզրափակելու համար սա բնավ վատ տարբերակ չէ, ավելին՝ «էլիտար» տարբերակ է, դափնեպսակ է, թռիչք, որ մի անգամ արդեն ընդհատվել է՝ դեռ հեռավոր 1997 թվականին: Բոլորը գիտեն, այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե իրականում Արմեն Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարվելու եւ Հայաստանից հեռանալու գլխավոր պատճառը ոչ թե առողջական խնդիրն է եղել, այլ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած կոնֆլիկտը: Հասարակության մեջ երկար ժամանակ Արմեն Սարգսյանը որպես «վտարյալ» է ընկալվել, ում քաղաքական կարիերան Հայաստանում ուղղակիորեն վիժեցվել է: Սակայն այսօր այդ «միֆական» տարաձայնության եղելությունը հերքվում է Արմեն Սարգսյանին եւ Վազգեն Սարգսյանին ավելի մոտ կանգնած մարդկանց կողմից: Բայց թողնենք անցյալը՝ փաստելով միայն այն, որ Հայաստանում ապագա նախագահի քաղաքական կյանքի առաջին փորձը ձախողվել է, թեպետ Արմեն Սարգսյանը շարունակել է իր դիվանագիտական գործունեությունը Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան ներկայացնելով Հայաստանը:



Շատ հետաքրքրական է, որ Արմեն Սարգսյանին այս պաշտոնում լիովին համապատասխանող եւ լավ թեկնածու համարողներն ընդգծում են նրա՝ դրսում ներկայանալի լինելու, դրսի հետ կապեր, փոխշփումներ ունենալու հանգամանքն ու կարեւորությունը (դրսում ասելով՝ իհարկե, նկատի ունեն միայն Արեւմուտքը): Այնպիսի տպավորություն է, ասես դրսի համար ներկայանալի ՀՀ չորրորդ նախագահը ներկայացնելու է մի սնամեջ երկիր, որի քաղաքական կյանքի հետ ինքը որեւիցե կապ չունի, եւ իր գործողություններն ընդհանրապես սկիզբ չեն առնում հայաստանյան քաղաքական կյանքի խմորումներից, այլ դրանք ուղղակի ինքնակա են, փորձառության եւ անձնական մտորումների արդյունք:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image