Հասարակություն

Հպարտության առարկա

Հպարտության առարկա
Առօրյայից այլեւս անմասն են ճանապարհատրանսպորտային պատահարները, մահվան ելքով վթարները, ամփոփագրերի վիճակագրական պատկերը հիմք է տալիս եզրակացնելու, որ կանգնած ենք մի աղետալի հիմնախնդրի առջեւ, որից տարատեսակ, տափակ ու շինծու բովանդակությամբ շոուներ են քաղվում: Վերջիվերջո, վթարների տեսաձայնագրությունները, լուսանկարներն ի՞նչ են տալիս՝ բացի դիտումներ ապահովելուց, տասնյակ նողկալի, լատինատառ մեկնաբանություններից, փոխադարձ վիրավորանքներից ու կլիշեներից:



Այս անսպառ շոուի երկրպագուների մեջ քիչ չեն նաեւ վթարների ու պատահարների ապագա մեղավորները, չէ՞ որ մասկուլին մշակույթն ինքնին տարածքներ զավթելու, ամենուր, ամեն ինչում դոմինանտություն ցուցաբերելուն է միտված: Բոլորը գիտեն՝ հասարակության մեջ քիչ չեն տղամարդիկ, ովքեր հպարտանում են իրենց ստեղծած խոշոր ու մանր վթարներով, քաղաքում ֆորսաժներ անելու հերոսություններով, հպարտանում են ու միմյանց պարզում վթարի լուսանկարները, անասնական խանդավառությամբ հրճվելով, որ, սեփական մեքենաներով հանդերձ, Շամշյանի կայքում են հայտնվել:



Նման երեւույթները մեկ օրում լուծումներ չեն գտնում, սրա մասին շատ է գրվել, թերեւս քննադատվել են բոլորը՝ Ճանապարհային ոստիկանությունը, վարորդները, ուղեւորները, լրատվամիջոցները, փողոցների, խաչմերուկների, բանուկ մասերի անմխիթար վիճակը վերահսկող պատկան մարմինները, սակայն որեւիցե դրական, լրջագույն արդյունք, որն ունակ է ամբողջովին կամ մասամբ վերափոխել ստեղծված իրավիճակը, այդպես էլ չի գրանցվել:



Իհարկե, պատճառները խորն են եւ ենթակա են մանրամասն քննության: Գիտենք, որ երթեւեկության, տրանսպորտի ոլորտը վաղուց համընդհանուր բարեփոխման կարիք ունի, այդուհանդերձ, գուցե տրանսպորտային որակյալ փոխադրամիջոցներն էլ չապահովեն այն ցանկալի եւ օրինավոր երթեւեկությունը, որ օդ ու ջրի նման պետք է քաղաքին: Օրենքի առջեւ հավասարության ոտնահարված սկզբունքը, պատժի անխուսափելիության համոզմունքի բացակայությունը ողբերգական ելքերով վթարների են հանգեցնում, նախադեպերը գործառական չեն, զուրկ են ներազդելու կարողությունից:



Հետաքրքիր է, թվում էր, թե քաղաքը հեղեղած հարյուրավոր տեսախցիկները, ամենամսյա ակտերը, Ճանապարհային ոստիկանության՝ երթեւեկությունը հսկող շրջիկ մեքենաները գոնե մասամբ պիտի նվազեցնեին պատահարների քանակն ու դրանց բնույթը, բայց, ցավոք, հակադարձման սկզբունքով ավելի են հավանական դարձնում դրանց կրկնությունն ու բազմացումը: Եվ, ի վերջո, մեր քաղաքի երթեւեկությունը, քաղաքային տրանսպորտը, այն կառույցները, որոնք իբր կոչված են վերահսկելու երթեւեկության գործառույթները, բոլորն անխտիր իրենց բնույթով երբեք մարդակենտրոն չեն եղել, մարդը երբեւէ հաշվի առնված չի եղել, միայն զանգվածը, նյութը, շահը, իսկ մարդը՝ որպես պարզ նվաստացում:





**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image