Հասարակություն

Եկեղեցու դռները միշտ բաց են

Եկեղեցու դռները միշտ բաց են
Եկեղեցու և ՀՀԿ-ի սիրավեպը՝ սա փոխադարձ որդեգրման է նման, այն օրերին, երբ թե եկեղեցուց, թե առավել ևս իշխանությունից երես է թեքել անգամ բովանդակ ու սթափ իրականությունը, այդ իրականության սահմաններում անապավեն ու մենակ մնացած ժողովուրդը: «Երես է թեքել» վերտառությունը դիպուկ չէր, երես են թեքում նրանից, ով երբևէ կշռավորություն է ունեցել, եղել է որոշակիորեն ընդունելի և ըմբռնողական: Վերջին տասնամյակում ՀՀ իշխանությունների ու եկեղեցու հանդեպ մերժելի և անհամատեղելի վերբերմունքը պարզապես կանոն է դարձել, իսկ հետո առհասարակ մնացել է միայն դրա կաղապարը:



Համընդհանուր մերժվածության ու նոթոտության ֆոնին Ազգ-բանակ «հղացքի» պոպուլիստական մտապատրանքի լրջմիտությունն ու եթերայնությունը ոչնչով և ոչ մի կերպ ինքն իրեն չի արդարացնում, ավելին գնալով արժանանում է մեմերի, ծանակության, հանաք կատակի, տարատեսակ պամֆլետային մեկնաբանությունների, հետևաբար սրանից բխող որբության զգացումն էլ մեկուսացած այլ ուղիներ է փնտրում:



Մարդիկ փրկագործության ճանապարհ են հարթում, ուզում են անվտանգություն, կայունություն ապահովել… էլ ի՞նչ էին ասում…նաև բարեկեցություն, բիզնեսի զարգացում, տնտեսական աճ, սոցիալական արդարություն և շատ այլ բաներ, իսկ շատերին թվում է այս ամենը սոսկ ձեռառնոցի է, մի տեսակ պաթոլոգիկ զավեշտախաղ, հերթական խաբկանք է, ամեն գնով իշխանությունը պահելու անմեղսունակ մի կորով:



Փաստ է՝ իշխանության առաջ եկեղեցու դռները միշտ էլ բաց են եղել, եկեղեցին երբևէ չի քննադատել իշխանությանը, ընդհակառակը միշտ էլ հավատարմորեն ծառայել է «պետականաշինությանը», այսպես ասած նեղ օրերին «թագավորի կողքից չի հեռացել» չէ՞ որ միասին նրանք ավելի ամուր են, ավելի վերերկրային, ավելի հուսադրող, իրականության ծանր հարվածների տակ աննկուն, վերջապես միաբան: ՀՀ իշխանությունները իհարկե լավ գիտեն՝ իրենց իշխանությունը ժողովրդից չէ՝ երկնքից է, մի ուժից, ով գահանիստ վճռում է շնչավորների, նրանց արարքների, որոշումների բնույթն ու ճակատագիրը: Ազգ-բանակ-եկեղեցի-մարտիրոսություն զառամախտը սկսված է՝ մինչ վճռորոշ ապրիլ-մայիս ամիսները, փոքր ինչ գոտեպնդվելու, մխիթարվելու համար, ՀՀԿ-ն մտնում է աստծո տուն, հանդերձավորվում է պատշաճորեն, այնպես ինչպես կարգն է ու ապագա խնդրելով՝ աղոթք մրմնջում բարձրյալին:



**Արամ Պաչյան**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image