Հասարակություն

Հիշելով 2017-ը

Հիշելով 2017-ը
Իսկապես ասելու բան չկա, մաղթանքների, կենացների, քաղաքական վերլուծաբանական, պատմագիտական, տնտեսագիտական, նացիոնալիստական, ձախական ու աջական վերլուծաբանական, հույժ կարեւոր, հույժ օրհասական խոսքեր, տարատեսակ մաղթանքներ… մեկով ավել, մեկով պակաս, արդյո՞ք դրանից որեւէ բան կփոխվի, կվերակենդանանա կամ էլ թե կկործանվի՝ չգիտեմ:



Շվեյցարացի արձակագիր Ֆլեր Յագին իր «Երջանիկ-դժբախտ օրեր» վեպում գրում է․ «Մահը ոչինչ չի փոխում, կյանքը փոխում է ամեն ինչ»: Կուզեի հանդիպում ունենալ Ֆլեր Յագիի հետ, նախ՝ որովհետեւ ինչ-որ բան կփոխվեր, իսկ հետո նրան կասեի, որ համաձայն եմ, այդպես է՝ մահը ոչինչ չի փոխում… մահը փոխելու ունակություն չունի, առմիշտ վերցնողը տալու բան ունենալ չի կարող:



Մի քանի հուշ․ Վաղուց է, շատ վաղուց․ մեր տանն ենք, դեկտեմբերի 31-ն է, մեր ընտանիքում բացարձակ ուրախություն է՝ Նոր տարին դիմավորելու ենք միասին, դա նշանակում է, որ հայրիկը մեզ հետ է, պատերազմ չի գնալու, հերթապահություն չի ունենալու: Երջանկությունից խելքս թռցրել եմ, տարօրինակ բաներ եմ անում, ամբողջ օրը հոլի պես պտտվում եմ, երգում-պարում, ծաղրածու եմ ձեւանում: Ես երջանիկ եմ: Վերջապես որոշում եմ ցնծացող հոգուս ողջ պաշարն ի ցույց դնել մերոնց: Դոնկիխոտյան քայլերով մոտենում եմ կարմիր, կանաչ-կապույտ-դեղին լույսերով ու աննման խաղալիքներով զարդարված տոնածառին, ձայն եմ տալիս մերոնց՝ եկեք տոնածառի մոտ, անակնկալ ունեմ: Հայրս ու քույրս զվարթ հետաքրքրասիրությամբ մոտենում են ինձ, իսկ մայրս խոհանոցից ափսոսանքով բացականչում է․ «Կներեք չեմ հասցնում գալ, գազի վրա բան կա, դուք ուրախացեք»:



«Դուք ուրախացեք»-ը շատ լավն էր: Դե ինչ՝ ուրախանանք:



Ես շատ լուրջ եմ, մերոնց շատ պատասխանատու հայացքով եմ ուզում ուրախացնել: Չգիտեն, թե ինչ պիտի անեմ: Բայց ես հո գիտեմ, ասում եմ՝ մոտեցեք տոնածառին, կանգնեք այ էսպես։ Ժպիտով մոտենում են, կանգնում: Անակնկալս աշխարհի ամենապարզ, մանկական անակնկալներից է, ուզում եմ հրավառություն անել, այնպես, որ տնեցիները տեսնեն հերոսությունս:



Եվ ահա ամեն ինչ պատրաստ է, կանգնած ենք տոնածառի առջեւ, նայում ենք վաղուց Կիրովականից գնված մեր սիրուն եղեւնուն: Գրպանիցս հանում եմ իմ տոնական հրավառության զենքը՝ «խլապուշկան», փողն ուղղում դեպի տոնածառն ու բացականչում՝ տեսե՜ք, եւ քաշում եմ պատրույգ-ձգանը: Ուժեղ պայթյուն է որոտում, «խլապուշկայիս» փողից մանր, գույնզգույն փայլերի փոխարեն կրակ է ժայթքում: Տոնածառն ակնթարթորեն բռնկվում է: Ոչ ոք տեղից չի շարժվում: Մենք կանգնած ենք. երեքով՝ հայրս, քույրս եւ ես՝ տխրահռչակ, ձախորդ ասպետս: Կախարդված ենք: Վառվող տոնածառը դյութել է մեզ, կրակի լույսով լուսավորված՝ նայում ենք ու նայում: Մինչեւ ե՞րբ էինք նայելու: Հիմա համոզված եմ՝ նայելու էինք մինչեւ վերջ: Իհարկե, ամեն ինչ ընդհատվում է մորս ծղրտոցով: Հայրս ուշքի է գալիս, արագ քայլերով գնում է լողասենյակ, վերադառնում ջրով լի դույլով՝ էրեխեք, էն կողմ քաշվեք: Ջուրը հանգցնում է կրակը, չէ՞ որ բնության կարգն է այդպես՝ ջուրը պիտի հանգցնի կրակը: Բոլորը ծիծաղում են, սրտապնդում ինձ: Հուսահատ եմ, տխուր: Ի՞նչ արեցի: Բնակարանի նախասենյակում կրակի ոսկե լեզվակների մեջ հրդեհվող տոնածառ, որքան առասպելականն էիր դու, եւ մեր բիբերում որքան ուրախ էին ցոլցլում հրայրքները քո: Եվ նորից Ֆլեր Յագիի տողը․ «Մահը ոչինչ չի փոխում, կյանքը փոխում է ամեն ինչ»: Կյանքն է. միակ վայրը, մեր ունեցածը, ուր կարող ենք, ուր դեռ հնարավոր է միասին լինել՝ ապրել մեր հիշողությունն այնպես, ասես ժամանակը գոյություն չունի եւ երբեք չի բաժանելու մեզ:



Ալեքսանդր Գրինի «Կորցված արեւը» պատմվածքի հերոսը մի պատանի է, ում ծնված օրվանից պահում են այնպիսի պայմաններում, որ չտեսնի աշխարհը: Մի օր նրան տանում են մոլորակի ամենագեղեցիկ վայրերից մեկը: Երբ պատանու աչքերից արձակում են կապը, աշխարհի գեղեցկությունից ապշահար է լինում՝ զարմանահրաշ արեւը, մարգագետինը, ողջ բնությունը: Բոլորն սպասում են վերջալույսին, ուզում են հետեւել, հասկանալ, թե տղան ինչպես է արձագանքելու՝ առաջին անգամ տեսնելով մայր մտնող արեւը: Արեւը մայր է մտնում, բոլորը նայում են տղային: «Մի վախեցեք, նա կվերադառնա»,- ասում է տղան:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image