Քաղաքականություն

4 միլիոն է պետք

4 միլիոն է պետք
«Ազգ-բանակի «համատիեզերական, համազգային ճոխ» գաղափարաբանությունից հետո հիմա էլ հերթը 4 միլիոնինն է: Սերժ Սարգսյանին ու իր թիմին 4 միլիոն մարդ է պետք ու հենց Հայաստանում՝ հեռու-մոտիկ տարիներում, անգամ հստակ տարեթիվն է նշվում` 2040 թվական: Առաջին հայացքից զավեշտ ու ապշանք է հարուցում ՀՀԿ-ի «սրտից ու հոգուց» դուրս թռած նման գաղափարական դեֆորմացիաների ծնունդը, այդուհանդերձ՝ պետության ապագան կանխորոշող հիմնաքարային անհրաժեշտությունները չափից դուրս լավ են գիտակցվում իշխանության կողմից:



Սովորել են՝ «մեծ ու հզոր պետությունները կառուցվում են գաղափարի, տեսիլք-տեսլականի, իռացիոնալի, անգամ մի հզոր տխմարության նպատակադրությունների շուրջ», ուղղակի կամք ու ողնաշար է պետք՝ կերտելու եւ առաջ տանելու այդ մտացածին եղելությունը՝ հավատացնելով, որ այն ուշ թե շուտ կյանքի կկոչվի, անվերջ ու անդադար նախանձախնդրությամբ օրինակ բերելով, մատնանշելով Իսրայելին: Ի վերջո, մշտապես թմբկահարվող «Իսրայել ու տեսլական, տեսլական ու Իսրայել» եզրերն այս մարդկանց իրական փրկագոտիներն են, առաջինը՝ որպես պետության արարման, ժողովրդի անվտանգության ապահովման, մեծ գաղափարի իրացման տիեզերական կենտրոն։ Մյուսն էլ, դե, այն ածականներից է, որը հնարավորություն է ընձեռում փոքր-ինչ որոշակի ակնթարթներում գոնե խոհական թվալ:



«Իսրայել-տեսլական, տեսլական-Իսրայել»․ անգամ ամենատաղանդավոր, ֆիզիկապես ամուր խոսող թութակը չէր ձգի նման անմարդկային, ծանծաղամիտ կրկնաբանության, որից ասես պրծում չկա: Ահա՝ հեռուստացույց, ռադիո, համացանց, լրատվամիջոց, թերթ, բլոգ՝ ամենուր, որտեղ պատկերվում են ՀՀԿ-ականները եւ ոչ միայն նրանք, նաեւ տարատեսակ պատգամավորներ, կուսակցականներ, ընդդիմադիրներ, վերլուծաբաններ, մտավորականներ, հնչում է «Իսրայել-տեսլական, տեսլական-Իսրայել» մղձավանջային դարձած ծաղրախաղը:



Այս 4 միլիոնի պետքությունը նույնպես անմիջականորեն կապում են թե՛ Իսրայելի եւ թե՛ տեսլականի հետ: «Ժողովուրդներին առաջ է տանում ոչ թե բանականությունը, ոչ թե տրամաբանությունը, այլ հավատը, սերը եւ ատելությունը» (Ա. Գերցեն): Հիմա Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ականներին ո՛չ հավատում են, ո՛չ սիրում (ատելության մասին խոսելը դժվար է), ժողովրդին առաջ տանելու համար ընտրվել է «ազգ-բանակ» գաղափարը, որին հաջորդել է ապագայում 4 միլիոն բնակչություն ունենալու նպատակադրումը:



Օրեր առաջ մի խոկուն վերլուծաբան հույժ գիտակցական տոնով խոկում էր․ «Լսեք, ժողովուրդը միայն իռացիոնալ մտքերի ու գաղափարների շուրջ է համախմբվում»: Թերեւս ասածների մեջ «մասնակից տրամաբանություն» կար, որ թե՛ «ազգ-բանակը, թե՛ 4 միլիոն բնակչությունը ՀՀԿ-ականների իռացիոնալ մտքերի ու գաղափարների առհավատչյան են, մնում է ժողովուրդը հավաքվի դրանց շուրջ՝ աջ ու ձախ «Իսրայել ու տեսլական» խաղացնելով՝ հեռու-մոտիկ, եղած-չեղած ապագայում:



 



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image