Հասարակություն

Երկրաշարժի շարունակությունը

Երկրաշարժի շարունակությունը
Սպիտակի մեծ երկրաշարժից 29 տարի անց աղետի ակնհայտ հետքերը մեզ հիշեցնում են այն անտարբերության, անարդարության ու բարոյալքման մասին, որ ծայրահեղ աղքատության գիրկն են նետել տասնյակ հազարավոր մարդկանց: Դեռ մնացել են բազմաթիվ վագոն-տնակներ, որոնց մեջ ծնվում են, իրենց մանկությունն ապրում այն երեխաները, որոնք երկրաշարժի մասին կիմանան շատ ավելի ուշ, նրանց ճակատագրերն անմիջնորդ զուգորդված կլինեն մեր պատմության ամենացավալի էջերից մեկի հետ:



Դվինի երկրաշարժը, 1319 թվի Անիի երկրաշարժը, 1679 թվի հունիսի 4-ի Երեւանի 8-9 բալանոց կործանիչ երկրաշարժը, որի արդյունքում քաղաքը հողին հավասարվեց՝ ավերվեցին բոլոր եկեղեցիները, մզկիթները, բերդը, տները, խանի ապարանքները, բաղնիքները, այգիները, կամուրջները՝ Երեւանը 7 հազար 600 մարդկային զոհ տվեց: Ըստ պատմագիր Զաքարիա Սարկավագի՝ «Արարատյան աշխարհը ճոճվում էր, որպես նավն ալեկոծության ժամանակ»: Վաճառական, ժամանակագիր Զաքարիա Ագուլեցին վկայում է․ «Երկրաշարժից հետո Երեւանում սաստիկ սով սկսվեց: Մարդիկ անասունի պես կանաչի էին արածում, աթար ու հող ուտում»: 1840 թ․ հունիսի 20-ի Մասիսների շրջակայքի երկրաշարժը, որ ցեխի ու սառցախյուսի հսկայական զանգվածի տակ ամբողջովին թաղեց Ակոռի գյուղը՝ իր բնակիչներով, Երեւանի 1846 թ․ հոկտեմբերի 19-ի, 1937 թ․ հունվարի 6-ի, 1965-66 թթ․ առավել թույլ ցնցումներով երկրաշարժերը, վերջապես՝ 1988 թ․ Սպիտակի երկրաշարժը:



Սա պարզապես թվաբանություն ու վիճակագրություն չէ: Մենք գործ ունենք անբեկանելի եղելությունների հետ. եղելություններ, որոնք կարող են վերադառնալ այսօր, կարող են վերադառնալ վաղը: Որքանո՞վ են Երեւանը, Գյումրին, Հայաստանի մյուս քաղաքները պատրաստ դիմակայելու նման ավերիչ աղետներին, եթե դրանք ուշ թե շուտ կրկնվեն: Մեծ երկրաշարժից հետո որքանո՞վ է քաղաքաշինությունը վերանայել, արմատապես կամ մասնակիորեն փոփոխությունների ենթարկել քաղաքների կառուցապատման նկատմամբ իր մոտեցումները:



Երեւանի կենտրոնում իրար գլխի դարսդարսված, կիպ կպած նորակառույց, բարձրահարկ շենքերը, անճոռնի, բետոնային, անհասկանալի ծագմամբ շինությունները, ազատ, միջանցիկ գոտիների վերացումը բացահայտորեն ակնարկում են, որ ոչինչ էլ հաշվի առնված չէ, ասես Հայաստանն ակտիվ սեյսմիկ գոտու վրա չէ, ասես երկրաշարժերի ավերիչ շարանը մեր պատմությունից թեթեւ ձեռքով դուրս է թողնվել, իսկ անցյալում եղածը պարզապես բնության թյուրիմացությունն էր, եւ վերջ:



Իրականում Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանը դեռեւս հիմնովին ուշքի չի եկել: Շատ եմ մտածել՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չտեսներ այդ աղետը… Իհարկե, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն, մեր կողքին կլինեին այն մարդիկ՝ քսանհինգ հազար մարդ: Իսկ մենք նրանց անվերադարձ կորցրիք՝ ընդամենը մեկ ակնթարթում:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image