Քաղաքականություն

Այսքան անհետաքրքիր

Այսքան անհետաքրքիր
Իհարկե՝ ակներեւ զգալի է լրատվական դաշտում, հրապարակախոսության տարածքում եւ, առհասարակ, ողջ մեդիատեղեկատվական ոլորտում անդեմության, ապաշնորհության ու դժգունության այլեւս անփոփոխելի եղանակը: Ասում եմ՝ «անփոփոխելի», նկատի առնելով մեռած քաղաքական դաշտի, քաղաքացիական պայքարի համանման անապատացումն ու իսպառ վերացումը: Խոպան դաշտի զգացմունքարաններում գնալով բազմանում են, թեւածում, իրենց ընթերցողին գտնում ու լեգիտիմանում սրտառուչ, զգացումներից ծնվող, դեպի զգայարանները գնացող, սրտից խոսող, սրտից հայհոյող, սրտակեր, սրտալի, բաց մաշկով, բաց նյարդերով, բաց վերքերով հոգու գեղգեղանքները՝ համեմված հայ ֆոլկլորային, գեղջկական երգեցիկ, աշուղային հնչյուններով ու շեշտադրումներով: Եվ կա մեկ այլ ուղղություն՝ մշակութաբանության առանցքի շուրջ պտտվող աֆորիստիկ, տրամախոհության հեռուները թափանցող, առեղծվածայնություն տենչող՝ տնական փիլիսոփայությամբ պարուրված մի ճամարտակություն, որին ունկ են դնում հավասարակարգ, զննող, խելամուտ էակները՝ խիստ մտահոգ երկրի, քաղաքացիների, մանավանդ՝ ծախված, չարչիական, անգրագետ ու մակերեսային քաղաքացիների ճակատագրով, որոնք միայն բնազդներով են կենում, չեն կարդում, չեն ներթափանցում, չեն սիրում, չեն ատում, որոնք այլեւս մարդիկ չեն, այլ, կներեք արտահայտությանս համար՝ պարզագույն արարածներ:



Մեծ հաշվով՝ դաշտում սփռված քաղքենիության այս երկու տիպական շառավիղները մտքի հեռացման, մտքի խորը անկման արդյունքն են վայելում: Եվ, վերջին հաշվով, ինչո՞ւ պիտի այսպես չլիներ: Սերժ Սարգսյանի միատարր, անկասելի իշխանությունն ունակ եղավ ստեղծելու ձայնափողների մի բանակ, որ տարիներ շարունակ այն լեզուն է բարբառում, որը մատչելի է, սրտից ու հոգուց է, կյանքից ու կենցաղից, որն ազատորեն ասում է այն, ինչ մտածում է, ասում է այնպես, ինչպես ուզում է, եւ անգամ ուրույն ոճ ունի, գեղագիտական ու ընդդիմական, նաեւ էթիկական վճիտ դիրքորոշում:



Իսկ լավ ու հետաքրքիր ժամանակները կարոտաբաղձողները, մանավանդ նրանք, ովքեր կարդացել են, առնչվել լրագրության ու լրատվության տիտանների հետ, ընդամենը մի չնչին բան են մոռանում՝ լինում են ժամանակներ ու բարքեր, երբ հենց ժամանակներն ու բարքերն են ստեղծում լրատվական դաշտը, դաշտի մասնակիցներին, եւ դրանից ոչ մի կերպ չես փախչի, դրանից ոչ մի կերպ չես ազատագրվի, որքան էլ անմարդկայնորեն ջանաս այդ անել: Անշուշտ, ժամանակներ ու բարքեր հասունացրած անհատներ, որոնք ստեղծում էին ե՛ւ իրենց, ե՛ւ հասարակության մտավոր, ֆիզիկական ապրելակարգը, եղել են եւ գուցե դեռ կլինեն, ուստի կարոտաբաղձությունը չափորոշիչ չդարձնենք, քանզի այն սովոր է գրեթե միշտ կշեռքի նշարն իր կողմը թեքել:



Ի վերջո՝ պարզ բան. եթե իշխանությանը հաջողվեց աղքատացնել մոտ մեկ միլիոն մարդու, նրա համար մի մեծ դժվարություն չէ բոլոր առումներով աղքատացնել լրատվական դաշտը, ողջ կրթական համակարգը, մարդկային գիտակցությունները, առհասարակ՝ կյանքը, օգտագործելով այն որպես մահվան ու նահատակության պարզագույն միջոց:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image