Ամենօրյա տեղեկագրերին նայելով՝ բոլշեւիկներն ամեն տեղ ահ ու սարսափ են տարածում եւ, չգիտես ինչու, «աշխատում» են բացառապես կացիններով: Հավատա՞լ, թե՞ չհավատալ: Կարո Համդիլյանը, օրինակի համար, հենց թեկուզ Չարենցը, որը կռվում է Ախտայի ճակատում, մի՞թե նրանք կացիններով կոտորում են ժողովրդին:
Երեւանը - Երեւանը նման էր այն հարբածին, որն «ուզում է լա», ու թվում էր, թե «կանգնել է մի անտես արեւ մեր նաիրյան բախտի վրա»: Այսպես էի ես ընկալում եւ այսպես էլ երգեցի տիրող մթնոլորտը հետագայում, 1923 թվականին, Ալեքսանդրապոլում, ՆԷՊ-ի շոգում…
Բայց քիչ առաջ չանցնենք:
Քանի օր ու շաբաթ փրկության կոմիտեի տիրապետությունը ես հիմա չեմ հիշում, բայց հիշում եմ, որ «բոթը» տարածվեց Երեւանում եւ որբանոց մտավ օր ցերեկով - բոլշեւիկները գալիս են… գալիս են, ամեն մեկի ձեռքին՝ երկու կացին: Վա՛խ, վա՛խ, վա՛խ: Փա՛խ, փա՛խ, փա՛խ: Ու փախչում են վախեցած բազմությունները, առեւտրականներ, աշակերտներ, պետական պաշտոնյաներ, գյուղացիներ, մինիստրներ, պառլամենտի անդամներ, տեղացի՛, Վրացյա՛ն, վանեցի՛, Հմայակ Մանուկյա՛ն, անգամ որբեր, Հրանտ Բոռոզյա՛ն, բանաստեղծներ՝ Ոստանի՛կ, Ֆենի՛քս, փախչում են անիվների վրա, ձիով, ավելի շատ եւ շուտ՝ ոտով, ո՞ւր, - Պարսկաստան: Նորի՞ց գաղթ: Ոչ, գաղթ չէր, կանայք չկային, երեխաներ՝ նույնպես, սա պարզապես փախեփախ էր: Փա՛խ, փա՛խ, փա՛խ: Վա՛խ, վա՛խ, վա՛խ:
- Ժողովուրդը կփախնի, մենք ի՞նչ կանենք,- ասաց Գառնիկը:
- Խուճապ է,- դատեց Հայերը,- գաղթ չէ: Ժողովուրդը տեղից չի շարժվե… Գաղթ՝ Վանի գաղթն էր… Մենք փախչելու ի՞նչ ունենք… որտեղ ժողովուրդ՝ էնտեղ էլ մենք…
Մենք երեքով կանգնած ենք որբանոցի դռան առաջ եւ ցրված հայացքով դիտում ենք մարդկային հեղեղի պղտոր ընթացքը, որը երբեմն նոսրանում է, հետո մոլեգնում ավելի եւ ավելի: Փախչողները լուռ են, չկա աղմուկ, գոռգոռոց: Այստեղ գլխի ես ընկնում, որ սրա միակ պատճառն այն է, որ այս մեծ գործին չեն մասնակցում կանայք եւ երեխաներ ու, հետեւաբար…
- Ժողովուրդ չի շարժվե…
- Ժողովուրդն իմաստացել է, նա գիտե կորցրած հողի գինը: Եթե պետք է մեռնել, մեռի՛ր, մեռիր միայն այն հողի վրա, ուր թաղված են քո հայրերը, նախահայրերն ու պապերը:
Այսպես է բանը, սիրելիս:
Խառն օրերը, համախառն, համա՜խառն օրեր:
Պարզվում է, որ մենք, բանից անտեղյակ, որբերից շատերը դուրս են եկել չեզոքությունից ու դաշնակցական աշակերտական միությունից եւ կոմսոմոլ են գրվել. տալիս են Ադոյի, Հենրի Գաբրիելյանի, Գեւորգ Պարոնիկյանի եւ ուրիշ շատ շատերի անունները, նրանից մեկը թեմական դպրոցի բակում ճառ է ասել եւ ճառը վերջացրել է․ «Կեցցե՛ հայ հեղափոխական դաշ…», հետո բռունցքը խփել է ճակատին եւ ուղղել սխալը.
- Կորչի՛ հայ հեղափոխական… եւլն:
**Գուրգեն Մահարի՝ «Երիտասարդություն» անավարտ վեպից**
Պատրաստեց **Արամ ՊԱՉՅԱՆԸ**