Մշակույթ

Իմանալի իրականությունը

Իմանալի իրականությունը
Ամերիկյան ժամանակակից արձակի դասականներից Ֆիլիպ Ռոթը 2004 թվականին «Դավադրություն՝ ընդդեմ Ամերիկայի» վերտառությամբ մի վեպ էր հրատարակել, որտեղ 1940 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ է տանում ոչ թե Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, այլ Չարլզ Լինդբերգը:



Լինդբերգն ամերիկյան օդուժի պարծանքներից էր, առաջինը, ում հաջողվեց 30-ժամյա թռիչքով մենմենակ հատել Ատլանտյան օվկիանոսը՝ հասնելով Եվրոպա՝ Փարիզ: Թերեւս Լինդբերգի անվան հետ է կապված 20-րդ դարասկզբի ամենաողբերգական սկանդալներից մեկը․ 1932 թվականի մարտի 1-ին գողանում են նրա մանկահասակ որդուն՝ Լինդբերգից պահանջելով 50 հազար դոլար: Հանցագործներն ստանում են այդ գումարը, սակայն ամիսներ անց օդաչուի որդուն սպանված են գտնում: Նացիստների հետ Լինդբերգի մերձեցման առիթը նրա՝ գերմանական ավիացիոն արդյունաբերությամբ խանդավառվելն ու հիանալն էր: Ի վարձատրություն նմանօրինակ հիացմունքի՝ Գյորինգը նրան նացիստական օրդեն է ընծայում: Վերադառնալով ԱՄՆ՝ Լինդբերգը բացահայտ ցուցանում է նացիստական գաղափարախոսության հանդեպ իր համակրանքը՝ հանդես գալով ճառերով եւ նացիստներին աջակցելու կոչերով: Իհարկե, նրա գործունեությունը շուտով խափանվում է, եւ Լինդբերգը վերստին վերադառնում է հարազատ ավիացիա: Սակայն Ֆիլիպ Ռոթի վիպական իրականությունը, ահա, թույլ է տալիս, որ հանրապետական Չարլզ Լինդբերգը հաղթի նախագահական ընտրություններում, Սպիտակ տունը ողողի նացիստներով եւ, վերջապես՝ Ամերիկա-գերմանական պակտ կնքի:



Երբ 2016 թվականի նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ն արթնացավ Դոնալդ Թրամփի երկրում, աշխարհի համար այս եղելությունն անհավանական պատրանք թվաց: Անհնար էր պատկերացնելն անգամ, որ հանրապետականներին ներկայացնող միլիարդատեր շոումեն Թրամփն օրեր անց իր ողջ գերդաստանով տեղափոխվելու է Սպիտակ տուն՝ իր շուրջը հավաքելով տարատեսակ նեոնացիստական ագիտատորների, նաեւ՝ ընդգծված ռասիստների:



Երեկ Երեւանի «The club» սրճարան-ռեստորանում ԱՄՆ-ից ժամանած գրողների հետ հանդիպման ընթացքում ես նրանց ասացի, որ երկար ժամանակ է՝ դժվարանում եմ զատորոշել Ամերիկայի իրականությունն ամերիկյան գրականության իրականությունից (թեպետ այս երկու իրականությունները կարող են եւ բացարձակ չկապակցվել), որ հեռավորությունը, մեդիաները մեզ լրիվ այլ բան են տեսցնում, իսկ, ահա, գրականությունը՝ մեկ այլ բան, մանավանդ, երբ սրանց միջեւ փորձում ես պարզաջրել եւ ըմբռնել մոտավոր ճշմարտությունը: Արձակագիր Նատաշա Դեոնն ասաց, որ, ընդհակառակը՝ շատ ու շատ ամերիկացիների համար Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելը բնավ զարմանալի չէր՝ հաշվի առնելով այն իրողություններն ու խմորումները, որոնք տեղի են ունենում ԱՄՆ քաղաքական կյանքում, որ նման դիպվածը տարիներ ի վեր սպասելի էր թե՛ առավել եւս գրողների եւ թե՛ ԱՄՆ քաղաքացիների համար: Սա շատ հետաքրքիր է, քանի որ, ինչ խոսք, նմանօրինակ բարդ երեւույթը, որպես այդպիսին, առնչվում է նաեւ հայաստանյան քաղաքական կյանքին եւ ՀՀ քաղաքացիներին:



Անթաքույց՝ 2018-ից սպասումները քիչ չեն, բայց չմոռանանք նաեւ, որ ՀՀ քաղաքացիներից շատ շատերն արդեն գիտեն, թե վաղն ինչ է լինելու եւ ինչպես է լինելու, որ դժվար թե Սերժ Սարգսյանի ձեռքից վարչապետի պաշտոնը խույս տա: Իրականում սարսափելի է մտայնությունն անգամ, որ հեռու, մոտիկ, իմանալի իրականությունը կարող է անկասելի ու անփոփոխելի թվալ: Դեռ տարիներ առաջ Ֆիլիպ Ռոթն իր վեպում կատարելապես վերաշրջել էր ամերիկյան պատմությունը, որպեսզի ցույց տար անհնարին թվացող այդ իրականության կենսունակ հնարավորությունը:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image