Ինչ խոսք, պատերազմի վերսկսման պարագայում ոչ մեկին չի հուզելու, թե ով է ծառայել հայկական բանակում, ով է խույս տվել, ըստ վաստակի՝ ով իրավունք ունի խոսել ՀՀ զինված ուժերի ներկայից ու ապագայից, ով պիտի բերանը ջուր առած լռի: Շրջանառվող թեմային անդադար սերտաճում են դատարկամիտ ու ցնորական մեկնություններ, որոնք էլ ավելի են խստացնում քաղաքական դաշտում իրատեսության զգալի կորստի փաստականությունը:
Բանակը համալրմա՞ն կարիք ունի, թե՞ արդարության… գոնե այս պահին որոշողն իշխանությունն է, այլ հարց է, թե մենք որքանով ենք վստահում, որքանով ենք հավատում այդ իշխանության վերջնական եզրահանգումներին: Վերջապես՝ Սերժ Սարգսյանին 2018 թվականի համար վերստին հեղինակության վավերացում է հարկավոր, ուստի քայլ առ քայլ ցուցանվում են այն գործողություններն ու առաջարկները, որոնք կոճգամների դերակատարություն են ունենալու հեղինակության ամրապնդման լրջագույն գործընթացում:
Ամենակոռումպացված ու վատահամբավ միջավայրում վերափոխություններ անելը, մանավանդ՝ երբ խոսքը գնում է պետության անվտանգության, սահմանների պաշտպանության մասին, իշխանության վերահաստատմանն ուղղված բավականին ճկուն, կարճ ու արդյունավետ ճանապարհ է: Հաննա Արենթդն իր «Ի՞նչ է հեղինակությունը» հոդվածում գրում է․ «Քանի որ հեղինակությունը միշտ հնազանդություն է պահանջում, այն սովորաբար սխալ կերպով ընկալվում է որպես իշխանության կամ բռնության ձեւ: Սակայն հեղինակությունն իր մեջ չի ներառում արտաքին հարկադրանքի կիրառման միջոցներ. ուժի կիրառումը նշանակում է, որ հեղինակությունը ձախողվել է: Մյուս կողմից՝ հեղինակությունն անհամատեղելի է համոզչության կամ համոզելու արվեստի հետ, որը ենթադրում է հավասարություն եւ գործում է փաստարկման միջոցով: Երբ գործի են դրվում փաստարկները, նշանակում է՝ հեղինակությունն այլեւս արժեք չունի: Հեղինակության վրա հիմնված կարգը՝ ավտորիտարությունը, որը միշտ աստիճանակարգային է, դեմ է համոզչության հավասարական կարգին: Եթե պետք է տանք հեղինակության սահմանումը, ապա այն պետք է հակադրված լինի ուժային հարկադրանքին եւ փաստարկների միջոցով համոզչությանը» (աղբյուրը՝ Հաննա Արենթդ․ «Մենք՝ փախստականներս», Երեւան-2016, ՀԱՀ հրատարակչություն):
Զինապարտության մասին օրենքի վերանայումները, Վիգեն Սարգսյանի ակտիվությունը՝ բանակում արդարություն ու հավասարություն ներմուծելու համատեքստում, թերեւս, ունի բավականին ամրակուռ փաստարկ՝ անվտանգությունը, որպես այդպիսին, սակայն, գնալով կլիշեի ու մաշված հղացքի է վերածվում: Չմոռանանք՝ ամենուր անվտանգություն, անվտանգություն թմբկահարելով՝ միատարր իշխանությունը միշտ առաջին հերթին նկատի ունի ինքն իրեն, քանզի անվտանգության հարցում կոնսոլիդացիայի հավանականությունն անգամ արմատականների հետ խիստ գերաճում է:
Արամ
ՊԱՉՅԱՆ