Ամերիկյան անկախ ֆիլմի թերեւս ամենահետաքրքրական դեմքերից մեկը՝ Դեյվիդ Լինչը, ով այս տարվա մայիս ամսին հայտարարել էր, թե հեռանում է մեծ կինոյից, ֆիլմերում համադրած իր երազային, սյուրռեալիստական եղանակներով, հակասություններով աչքի ընկած ռեժիսորը «Կյանքը՝ արվեստում» վավերագրական ֆիլմում արդեն հանդես է գալիս որպես գլխավոր հերոս, մի մարդ, ով իր արվեստանոցում աշխատելիս, նաեւ ռադիոտաղավարում խոսափողի մոտ նստած՝ կենտրոնացած ծխելով, միջանկյալ դադարներով պատմում է այն հեռավոր երեխայի, ապա պատանու, երիտասարդի անցած ուղու մասին, ով շատ անգամներ սայթաքել է, սխալվել եւ, ահա, ճակատագրական թվացող այդ սայթաքումներն ու սխալները վերածել է արվեստագետի կյանքի պատմության։
Ռեժիսորներ Օլիվիա Նեերգարդ-Հոլմի, Ռիք Բարնսի, Ջոն Նգուինի համատեղ աշխատանքը պատկերահանում է նախեւառաջ գեղանկարիչ Լինչին։ Նրա երազանքը, ձգտումն առ նկարչություն ուղեկցում է ողջ իմացական կյանքը։ Ֆիլմում կտավների վրա աշխատելիս Լինչը վերհիշում է իր մանկությունը, ծնողներին, հոր հետ դժվարին հարաբերությունները, այն վատ շրջապատը, որ ներազդել է գիտակցության վրա՝ ինչ-որ առումով նաեւ ազատագրելով այն։ «Կյանքը՝ արվեստում» վավերագրական ֆիլմում գեղանկարչությունն այն հիմնավոր շրջանակն է, ուր գործում է Լինչը՝ անվերջ իր կտավների համար առարկաներից, տարատեսակ իրերից ու հավելումներից նյութեր ստանալով։ Դեյվիդ Լինչի նկարչությունը շատ մոտ է ֆիլմերի բաղադրությանը՝ նույն երազայնությունը, իրավիճակների անհամադրությունը, հատվածականությունը, սարսափի առկայությունը, սարսափի մանկամտությունը, զանազան սեգմենտների մասնակցությունը կտավի ընդհանրական աշխարհին։
Միայն ֆիլմի վերջում է Լինչը հասնում արդեն իր առաջին ֆիլմերի, ռեժիսորական կյանքի ստեղծման պատմությանը, երբ անհույս թվացող կեցությունը հանկարծ շրջում է կյանքի ընթացքը՝ պարգեւելով բաղձալի դրամաշնորհը, ինչը հնարավորություն է տալիս լիովին զբաղվել ռեժիսուրայով։
«Կյանքը՝ արվեստում» ֆիլմը, կարելի է ասել՝ կինոպատում-աշխատարան է, քանզի մինչեւ վերջ Լինչը նկարում է, կտավի համար սղոցում, ողորկում, կտրատում, սոսնձում է առարկաներ, որոնք կազմավորում են լինչյան յուրօրինակ, անսովոր աշխարհը, որի շրջագծից դուրս ռեժիսորն այլ իրականություն չի պատկերացնում։
Արամ ՊԱՉՅԱՆ