«Վերջապես ե՞րբ է խոսելու Սերժ Սարգսյանը»․ ահա շեքսպիրյան դրամաների պաթոսին հարազատ մի հարցադրում, որը, ինչպես ասում են, անգամ տեղական, գավառական ինտրիգի էլ չի ձգում: Ասում են՝ կգա ժամանակը, կիմանաք, իսկ այդ ճակատագրական ու փոքր-ինչ միֆական ժամանակին այդքան էլ շատ չի մնացել՝ մի քանի ամիս, եւ վերջ, ապրիլը մոտ է, մոտ է, այսպես ասած՝ նախագահի խոստովանանքի օրը:
Իսկ հիմա նահապետի աշունն է, հարսանիքների, քավորության, քեֆեր-մեֆերի, արբեցման քաղցր թմբիրի մեջ հետահայաց շրջումների եւ իշխանությունը, իշխանության կապիտալը, մերձակա էլիտային պահել-պահպանելու տրամախոհության ժամանակը: Առջեւում ձմեռն է, որոշումներն ի մի բերելու, հաստատելու, հանրույթի գիտակցության մեջ սեպելու ոչ դյուրին փուլը:
Համենայնդեպս, Ազգ-բանակի դիցաբանությունը թերեւս վատ չի աշխատում, աղքատացած, արտագաղթող, հուսահատ ՀՀ քաղաքացու ուսերին Հանրապետականը դրել է ազգափրկման պատվաբեր պատասխանատվությունը: Եթե հերոսանալ ես ուզում, ահա հերոսության ուղին, փառահեղ նյութը մատնանշված է՝ միացիր, մասնակցիր, զգա անմահության համը, անմահության խիստ հարազատ մերձավորությունը եւ ամենակարեւորը՝ բաց մի թող քեզ տրված այս ճակատագրական ու անկրկնելի պահը:
ՀՀԿ-ականները շարունակում են ազգ պահող տղերքի առասպելաբանությունը, լծված են «տիեզերական անարդարություններն ուժով ու պատվով հաղթահարելու սուրբ գործին» եւ բնավ չեն զլանում հրավերք ուղարկել վաղուց մոռացված, սնանկացած, անգամ կյանքից զրկված քաղաքացիներին:
«Ճաշակելով ճաշակեցի սակավ մի մեղր եւ ահա մեռանիցեմ»․ 2018 թվի ապրիլին հանրույթի սեղանին սակավ մեղրի եւ, այնուհանդերձ, «երանավետ, մեռցնող մեղրի» առաջարկն է դրվելու: Առաջարկելու այլ բան, քան արագ ճանապարհով «հերոսանալը», Ս. Սարգսյանն ու թիմը պարզապես չունեն: Խուսափողական պատասխանները միշտ էլ որոշակիորեն միտված են ժամանակ շահելուն, ակներեւ է՝ թիմը կոնկրետությունից ու հստակությունից խույս տալով, ապագա վարչապետի համար ժամանակ է շահում։ Թե ինչ կտա այս գջլած ժամանակը, շուտով կիմանանք, հնարավոր է այն պարզապես ամփոփ բարդույթների մի ողջ փաթեթ է, որ փոքր-ինչ բխում է ամոթխածության զգացումից, չէ՞ որ ամեն ինչ միանգամից ասելու համար պիտի ամոթդ հաղթահարելու քաջություն էլ ունենաս:
Արամ ՊԱՉՅԱՆ