Այսօր տոնելու ենք՝ «Էրեբունի-Երեւան 2799»-ը։ Տարիներ առաջ, երբ «Հրապարակում» սկսեցի «Մեր քաղաքը» խորագրով սյունակ վարել, միտում ունեի թերեւս սյունակի շրջանակում որքան հնարավոր է եռանդուն վերադարձնել քաղաքագրության մշակույթը: Քաղաքն ամենուր էր, քաղաքի կյանքը՝ ամեն վայրկյան մեր տեսադաշտում, կարծես ճանաչում ու զգում էինք Երեւանի ռիթմերը, եղանակը, անգամ՝ բնավորությունը: Այնուհանդերձ, քաղաքային կեցությունը, Երեւանի խնդիրներն ու հոգսերը՝ շատ ժամանակ ներշնչած պատրանքների ու երազայնության, ռոմանտիզմի ու նոստալգիկ տրամադրությունների կողքին, ազնվորեն, իրականության մասին ավելին էին հուշում, ավելին էին ասում:
Այդպես է՝ այսօր Երեւանը հոգսերի, կերուխումի, աղքատության, անհարմարության, աղբի, լքվածության, մենակության սուր զգացումի, բետոնի, նորակառույցների, անապատացման քաղաք է, ուր, իհարկե, կան նաեւ հաճելի ու ճաշակավոր, փոքր կամերային վայրեր, կա ավելի հետաքրքրական, գուցե մարգինալացված մշակութային լինելություն, վերջապես՝ կան մարդիկ, ովքեր աղն են քաղաքի, ովքեր վերադառնում ու հեռանում են Երեւանից կամ անհետանում են այլեւս անվերադարձ՝ ամփոփվելով իրենց տներում, իրենց մեջ:
Կոստան Զարյանը 20-ականների Երեւանի մասին «Անցորդը եւ իր ճամբան» համայնավեպում գրում է․ «Երեւանը ո՛չ գյուղ է, ո՛չ քաղաք»: Երեւանն այսօր քաղաք է, ցավալիորեն՝ հանրապետության գուցե միակ քիչ թե շատ գործող քաղաքը, բայցեւայնպես, ինչ-որ առումով՝ գյուղ. գյուղ է նախեւառաջ այն կառավարման սիստեմի համար, որն ունակ չէ քաղաքը դիտարկել որպես լայնածավալ, հարմարավետ, ուրույն դիմագիծը պահպանած՝ ժամանակակից մարդու ֆիզիկական եւ հոգեւոր պահանջները բավարարող գոտի: Երեւանի ավագանու արտահերթ նիստում տեղի ունեցածը մեծ հաշվով ի՞նչ առնչակցություններ ունի այն խնդրի հետ, որը կոչված են իրականացնելու նիստի մասնակիցները: Երեւանը ո՛չ քաղաքագլուխ ունի, ո՛չ էլ երբեւիցե իրեն որպես քաղաք ընկալող մարմին եւ հենց սրանով էլ գյուղ է:
Քաղաքում զբոսնելիս ընկերներով միշտ հին վայրեր ենք փնտրում, որոնց փոխարեն ավելի շատ հին իրեր ենք գտնում, ասենք՝ ներկաթափ, ծռմռված դուռ, անգամ դռան թռչնակերպ, մաշված բռնակ, ներքնաբակերից մեկում դրված վաղնջական աթոռ, եւ այսպես շարունակ: Ժամանակն անցնում է, եւ հանկարծ ներկաթափ, ծռմռված դուռը, վաղնջական աթոռը նոր թրենդ են դառնում տեսահոլովակներում, լուսանկարներում, քաղաքի հնաբուրությունը երեւակայող տարատեսակ վայրերում: Մենք մեր բակերի ծռմռված, վերջին հաշվով՝ սովորական տախտակներով մեխված հին դռներով ենք երջանկանում, որ, ահա, էլի վատ չէ, որ «բիբլիական հույզեր» ի հայտ բերող այդ փայտի կտորները գոնե պահպանվել են ու մեզ անցյալի հետ են կապում:
Հետո մեր թերթում սկսեցի «Քաղաքագրություն» սյունակը՝ փորձելով հավաքել, ի մի բերել քաղաքի անցյալը կենդանացնող, անցյալը պատկերահանող պատմությունները՝ Մահարին, Թոթովենցը, Բակունցը, Մկրտիչ Արմենը, Վահրամ Փափազյանը, Կոստան Զարյանը, Ալեքսանդր Թամանյանը, Ռաֆայել Իսրայելյանը, պրոֆեսոր Թադեւոս Հակոբյանը՝ «Երեւանի պատմությունը» իր փառահեղ քառահատոր աշխատությամբ, «Գարուն» ամսագիրը` երեւանյան խճանկարներով ու քաղաքային շնչով, ու էլի շատերը՝ նկարիչներ, երաժիշտներ, ռեժիսորներ, դերասաններ, շինարարներ… նրանք գրել են, վկայել ու շնչավորել իրենց Երեւանը՝ հավաքելով ու ապագա սերունդներին փոխանցելով հիշողությունների թանկարժեք նեկտարը:
Եվ այսօր Երեւանը կա, ապրում է հենց այդ հիշողությունների կենարար հյութերով, գալիս է հենց այդտեղից, եւ որեւէ տխրահռչակ նիստ, որեւէ տկար ու սահմանափակ գիտակցություն չի կարող նսեմացնել, ընդհատել ու ջնջել Երեւանի շարունակությունը:
Արամ ՊԱՉՅԱՆ