Ընդգծված, ոսկրոտ ու զգայուն դիմագծերով, ակնոցի տակից տխուր, նաեւ մեղմաժպիտ հայացքով ամերիկացի վիրաբույժ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մրցանակի հաղթողը, ով մաքառում է Սուդանի հարավի Նուբա լեռներում տեղակայված «Գթության մայր» հիվանդանոցում, վիրահատում եւ բուժում է աղքատության մեջ տառապող, քաղաքական տարատեսակ խարդավանքներին զոհ գնացած հալածյալ բնակչությանը։ «Բարձր եմ գնահատում «Ավրորա» մրցանակը, որովհետեւ այն օգնեց Նուբա լեռներում ապրող մարդկանց։ Ես ցանկանում եմ մարդկանց ուշադրությունը հրավիրել հասարակ մարդկանց տառապանքներին»։
Առանձնահատուկ անձնական վերաբերմունքը, որն ունեմ վիրաբույժների եւ բժշկագիտության հանդեպ, կրկնապատկում է ուրախությունը եւ համոզմունքը, որ, միեւնույն է՝ երախտիք եւ շնորհակալություն հայտնելու սրբազան հատկությունը դեռեւս չի վերացել քաղաքակրթությունից, որ կապիտալիստական հակամարդկային հասարակարգում, որին ծառայում են հարյուր հազարավոր բուժաշխատողներ՝ զբաղվելով մարդկային մարմինների առուծախով, ստրկավաճառությամբ, սնամեջ ինքնահռչակմամբ, դեռ մնացել են, ապրում են մարդիկ, որոնց համար մեկ հիվանդի կորուստը տիեզերքի, ողջ կյանքի կորուստ է։ «Զոհարում» ասված է․ «Եթե փրկում ես մի մարդու կյանք, ուրեմն փրկում ես աշխարհը»։
Բժիշկ Թոմը Նուբայի լեռնային շրջան է մեկնել հենց այդ փրկության հետեւից, այդ փրկության համար՝ իր հետ տանելով, իր մեջ կրելով Աստծուն։ Վիրաբույժը կաթոլիկ է, ով ընթերցում է, ներշնչվում կաթոլիկ աշխարհի մեծագույն սրբերից մեկի՝ Ֆրանցիսկյան ուխտի հիմնադիր Ֆրանցիսկ Ասիզեցու գաղափարներով եւ տեքստերով։
Թողնելով ընտանիքը, սիրած աղջկան, 2008 թվականից ի վեր իր կյանքը գրեթե ամեն օր վտանգելով՝ նա կատարելապես ծառայում է հազարավոր հիվանդների, նաեւ փորձում է խոսել եւ միջազգային հանրությանը տեղեկացնել Սուդանում ստեղծված քաղաքական, հակասանիտարական վիճակի մասին եւ այն սարսափելի իրականության, որի մեջ ստիպված է ապրել եւ իր ծանր գոյությունը տոկալ լքյալ, թշվառության շեմը հատած ժողովուրդը։
2015 թվականին «The New York Times»-ին տված հարցազրույցում Բժիշկ Թոմն ասում է․ «Հիվանդանոցում թխվածքաբլիթի ու պաղպաղակի պակաս, իհարկե, կա, իսկ եթե ավելի լուրջ, ապա ամենից շատ՝ հարազատ ընտանիքի»։
Քաթինայի աշխատավարձը կազմում է 350 դոլար՝ առանց ապահովագրության եւ ապագայում թոշակ ստանալու հեռանկարի։ «Իմ ծննդյան օրվանից բարեհաճությամբ եմ պսակվել՝ ծնողական մեծ սեր, հրաշալի կրթություն․․․ եւ սա է պատճառը, որ ինձ, որպես քրիստոնյա եւ որպես մարդ, պարտավորված եմ զգում օգնել դիմացինին»։
Եվ, ահա, հանձին Թոմ Քաթինայի, աշխարհին է ներկայանում վիրաբույժի եւ անզուգական մարդու այն նվիրական կերպարը, ով ապրում է հանուն աղքատների ու հալածյալների, ապրում է մարդկային տառապանքն ամոքելու առաքելությամբ։
Արամ ՊԱՉՅԱՆ