Մշակույթ

Անցյալի կանաչ կղզյակ Երեւանը

Անցյալի կանաչ կղզյակ Երեւանը

Ցավալիորեն այդպես լինում է, երբ մանավանդ ամառվա այս շոգին նայում ես քաղաքիդ անգամ ոչ վաղ անցյալի լուսանկարներն եւ չես հավատում, որ այդ անցյալն իսկապես եղել է։



Եղել են քաղաքային անտառներ, պուրակներ, զբոսայգիներ, եղել են կանաչ, զով տարածություններ, ծաղիկներ, թփեր, բուսածածկույթներ․․․ եղել են եւ ոչնչացվել, զավթվել են տարածքները, կտրված ծառերի փոխարեն կանգնեցվել են նորակառույց շենքերի մահարձանները։



Երեւանն անապատացվել է, եւ այդ զարհուրելի գործընթացը շարունակվում է։
Քսան-քսանհինգ տարի առաջ դպրոց գնալու ճանապարհին մենք մասուր էինք հավաքում, վազում էինք թիթեռների ու թռչունների հետեւից, ուսումնասիրում էինք մրջյուններին, կրետներին ու չաղ, ծանրաշարժ իշամեղուներին, որոնց խայթոցների մասին բակային լեգենդներ ու ասքեր էինք հյուսում։



Մենք բնության մեջ էինք, եւ բնությունը մեր մեջ էր՝ որպես մի հարազատ, գաղտնիքներով անսպառ ուղեկից։



Այդպես է՝ կապիտալիստական հասարակարգը ոչ միայն սպառել ու ոչնչացրել է մեր մոլորակի բնական պաշարները, այլեւ անջրպետ է դրել մարդու եւ բնության միջեւ, խորթացրել նրանց։



Կարող ենք վստահաբար փաստել, որ վերջին քսան տարիներին իշխանությունների հովանավորչությամբ եւ հենց նրանց կողմից Երեւանում իրացվել է կանաչ տարածությունների զանգվածային ոչնչացումը, եւ փոշիներից ազատագրված քաղաքը կրկին վերածվել է փոշեզանգված գոյացության։ Անցյալի կանաչ կղզյակ Երեւանը՝ կարոտաբաղձության վարակը խստացնող պատրանք։



Այլեւս անհնար է նայել այդ հարյուրավոր լուսանկարներում պատկերված թարմ, զմրուխտե քաղաքին, քանի որ այդ անցյալի իրականությունը մեզնից մի բան է խնդրում՝ վերադարձ։



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image