Երեւանի երգը դեռ պիտի երգեն
Եվ ինչպես մեր երաժիշտները, կոմպոզիտորներն ի վերջո (թող չզայրանան հանդգնությանս վրա) չկարողացան իսկապես մի սրտաբուխ, իսկապես սրտից եկած եւ լավ հայերեն երգ հորինել մեր հարազատ Երեւանի համար: Եղածները, նորից եմ հանդգնում, արժանի չեն մեր Երեւանին: Կարծում եմ, որ ուղղակի չի ստացվել մինչ այժմ, իսկ սա կնշանակի, որ պետք է համբերել, եւ կստացվի, կերգվի այդ երգը, ու կերգեն ե՛ւ փոքրերը, ե՛ւ մեծերը, ե՛ւ միասին՝ խմբով, ե՛ւ բեմից, ե՛ւ Հրազդանի ալիքներին մասնակից դարձնելով, ե՛ւ գնացքում, ե՛ւ լեռներում, որտեղից կերեւան գիշերային լույսերը Երեւանի:
Երեւանը՝ Երեւանից դուրս
Արին-բերդից չի երեւում ո՛չ Ավանը, ո՛չ Շահումյանը, Արաբկիրն անգամ վատ է երեւում: Միայն քաղաքի հարավային մասն է, որ լավ է երեւում: Այս կողմում էլ են նոր շենքեր կառուցում:
Քաղաքի դիրքը, բարձրությունը, սքանչելի ջուրը, արեւը, լեռնային զրնգուն օդը կարող են Երեւանը դարձնել բուժական վայր, եթե լիովին մաքրվի արտադրության վնասակար մնացուկներից: Եվ պետք է դրան հասնել, թող դա լինի 5 թե 15 տարի հետո, բայց պե՛տք է իրականացնել:
Ճարտարապետների տանը քննարկվում էր քաղաքի հետագա զարգացման հարցը, նրա տարածության մեծացման հարցը: Ի՞նչ նոր հողեր զբաղեցնել քաղաքի լայնացման համար:
Մինչեւ այդ հարցին անցնելը, արծարծվում էր քաղաքի ազգաբնակչության քանակի հարցը: Արդյոք մեծանա՞ քաղաքը, եւ նրա բնակչությունը հասցվի՞ մինչեւ մեկ միլիոնի, թե՞ կսահմանափակվեն 7-8 հարյուր հազարով: Իհարկե, մտքերը տարբեր էին: Քաղաքի գլխավոր ճարտարապետը եւ նրա հետ ուրիշները պնդում էին, որ քաղաքի մեծանալը դրական չպետք է համարել: Պետք է սահմանափակել նրա աճը: Չէ՞ որ քաղաքի մեծանալու հետ բարդանում են, ծանրանում նրա ազգաբնակչության սպասարկման հետ կապված մյուս հարցերը: Հակառակ կողմն ասում էր, որ մենք չենք կարող սահմանափակել քաղաքի աճը եւ կկանգնենք փաստի առաջ, եւ, որպես օրինակ, հիշում էին մեր քաղաքի նախկին հատակագիծը՝ 400 հազար մարդու համար, իսկ այժմ արդեն 600 հազարի ենք հասել:
Երեւանը գրավում է նոր հողեր
Անցնում են նոր հողերի քննարկմանը: Միայն Երեւանի հարավում, նոր բնակելի տներում տեղավորվելու է մոտ 50 հազար մարդ: Մյուս առաջարկվող տեղերն են Շահումյանից դուրս հյուսիս, արեւմուտք եւ արեւելք եղած հողերը: Հետո բարձրանալու է քաղաքը դեպի Ջրվեժ, որտեղից անհավատալի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտավայրը, իսկ օդը՝ մաքուր, ամռանը՝ շատ ավելի զով, քան քաղաքում, ձմեռը՝ ավելի մեղմ: Մոտակա ժամանակներում կառուցելու համար տեղեր են հատկացված Քանաքեռի մոտ: Շատ ուշագրավ է, որ քաղաքի այդ ամենաբարձր տեղում կառուցվելու է Խաչատուր Աբովյանի՝ մեծ լուսավորչի անվան մանկավարժական ինստիտուտը, Քանաքեռի տակ, Աբովյանի ծննդավայրում, նրա տնից քիչ հեռու: Եվ դա կլինի ժողովրդի շնորհակալության խոսքն իր մեծ լուսավորչին: Մինչ այդ ժողովն ընթանում էր համերաշխ, առաջարկություններն ընդունվում էին լավ քննելուց հետո, թեեւ պատահում էին վեճեր, ինչպես, ասենք՝ հարավում շենքեր կառուցելը, որը շատերին դուր չէր գալիս: Բայց երբ գլխավոր ճարտարապետն ասաց, որ նոր շինարարության համար հատկացվելու են նաեւ Դալմայի այգիները, դահլիճը պոռթկաց, բռնկվեց: Ո՛չ մի դեպքում թույլ չտալ կանաչ տարածությունները տրորել: Նույն ոգեւորությունն էր տիրում, երբ խոսվում էր Էջմիածնի ճանապարհների այգիների մասին: Պետք է խնայե՛լ բնությունը: Որոշվեց դրանք թողնել քաղաքում՝ որպես կանաչ տարածություն:
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ