Այս պահին Սեւանի պրոբլեմը կրկին բարձրացվել է: Քննարկվող եւ առաջ բերվող հիմնախնդիրները բավականին աղոտ են եւ տարընթերցումների տեղիք են տալիս:
Վերանորոգման աշխատանքներ կատարելու պատճառաբանությամբ կանգնեցված է Արփա-Սեւան թունելը: Հետայսու կենսական թունելի վերանորոգման աշխատանքների եւ դրա որակի ճակատագիրը եւս հայտնի չէ: Ստորեւ ներկայացնում եմ մի հատված 1969 թվականին պարբերական մամուլում հրապարակված ակնարկից:
Ո՞րն է Սեւանի պրոբլեմի էությունը: Ինչո՞ւ ահա երեք տասնամյակ այն վիճարկվում ու քննարկվում է ոչ միայն գիտնականների, մտավորականների, այլեւ բնակչության լայն զանգվածների կողմից: Բնական պայմաններում Սեւանի ջրային պաշարները կազմում էին 58,5 մլրդ․ խմ, որոնք կուտակվել են հազարամյակների ընթացքում: Որո՞նք են լճի սնման ներկայիս աղբյուրները, եւ ինչպիսի՞ն է նրա ջրային հաշվեկշիռը: Հետազոտությունները ցույց են տվել, որ լճի մեջ թափվող 28 գետերն ու պարբերական ջրհոսները տարեկան լիճ են բերում 795 մլն․ խմ ջուր: Անմիջապես լճի մակերեսին թափվող մթնոլորտային տեղումների հաշվին ստացվում է 483 մլն․ խմ: Այսպիսով, լիճ մուտք գործող ջրի տարեկան քանակը հավասար էր 1278 մլն․ խմ-ի: Իսկ ազատ հոսքի ձեւով Հրազդանը դուրս էր բերում տարեկան ընդամենը 66 մլն․ խմ, այսինքն՝ ամբողջ մուտքի 5 տոկոսը:
Մոտավորապես այդքան էլ գնում էր ստորերկրյա հոսքի միջոցով: Ջրի մնացած վիթխարի քանակը՝ ամբողջ մուտքի 88 տոկոսը, գոլորշիանում էր Սեւանի ջրային մակերեսից:
Արարատյան դաշտի հարյուր հազարավոր հեկտար հողերի ոռոգման դեպքում մեծ չափով կավելանար արժեքավոր պտուղների՝ խաղողի, դեղձի, ծիրանի բերքը: Հնարավորություն կստեղծվեր մեծացնելու բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածությունը: Բացի այդ, զարգացող արդյունաբերությունը լիուլի կապահովվեր էլեկտրաէներգիայով: Այն հարցին, թե ինչպես կարելի է օգտագործել «գոլորշիացող միլիարդները», տրվեց հետեւյալ պատասխանը՝ արտահոսքի արհեստական ավելացման, ջրի մակարդակի իջեցման, հետեւապեսեւ՝ գոլորշիացման մակերեսի կրճատման միջոցով:
Սեւանի պրոբլեմի իրականացման սկիզբը կարելի է համարել 1937 թիվը, երբ գործարկվեց Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը: Նախատեսված էր 13-15 տարում (մինչեւ 1946-48թթ.) ավարտել 9 էլեկտրակայաններից բաղկացած կասկադի շինարարությունը: Սեւան-Հրազդանի ոռոգչա-էներգետիկ կոմպլեքսի նախագծման գործում, ինչպես հետագայում պարզվեց, թույլ էին տրվել որոշ անճշտություններ: Բայց որքան էլ դրանք մեծ լինեին, այնուամենայնիվ, դժվար է գերագնահատել այն դերը, որ կատարեց Սեւանի ջրի օգտագործումը Սովետական Հայաստանի տնտեսական հզորության ստեղծման տարիներին:
Հիմնականում Սեւանի ջրի օգտագործման շնորհիվ էր, որ Արարատյան գոգավորություններում ընդարձակվեցին խաղողի եւ պտղատու այգիների տարածությունները: Սեւան-Հրազդան կասկադի էլեկտրաէներգիայի շնորհիվ է զարգացել հանրապետության շրջաններում մեծ մասի տնտեսությունը, մանավանդ՝ արդյունաբերությունը, գլխավորապես այդ կոմպլեքսի ծնունդն է:
Ի՞նչ նոր բան մտցրեց կյանքը Սեւանի պրոբլեմի մեջ: Նախեւառաջ այն, որ որոշվեց Սեւանա լիճը՝ բնության այդ հրաշալիքը, պահպանել բնականին մոտ վիճակում: Նրա մակարդակը սկզբնականի համեմատությամբ ցածր կլինի 19-20 մետրով: Այդ նոր նիշի վրա լճի հայելու տարածությունը կկազմի սկզբնականի 86,5 տոկոսը, առավելագույն խորությունը՝ 80 տոկոսը, եւ ջրի դարավոր պաշարների ծավալը՝ 56 տոկոսը: Լճի մակարդակի իջեցման դադարեցումը եւ Սեւան-Հրազդան սիստեմի աշխատանքը կախված են լճի հաշվեկշռի մուտքի եւ ելքի տարրերից ու ջրի ազատ հոսքից (Հրազդան գետով): Միակ ելքը հարեւան գետային ավազանների ջրերի հաշվին Սեւանի հաշվեկշռի մուտքային մասի մեծացումն է: Սեւանի ֆիզիկա-աշխարհագրական դիրքը թույլ է տալիս այդ անել: Հայտնի է, որ Կուր գետի որոշ վտակների ակունքները լճից հեռու են ընդամենը 20-30 կմ եւ նրա ավազանից բաժանված են Արեգունի ու Սեւանի լեռնաշղթաների համեմատաբար նեղ կատարային գոտիներով: Նույնը կարելի է ասել նաեւ Սեւանից հարավ գտնվող Արփա գետի ավազանի մասին, որը տարածվում է Վարդենիսի լեռնաշղթայի հակադիր լանջին: Արփան ունի չօգտագործված ջրի ահագին պաշարներ, որոնք էլ որոշվեց շուռ տալ դեպի Սեւան: Տարեկան դեպի Սեւան պետք է մղվի 250-300 մլն. խմ ջուր:
«Հայաստան», 1969 թիվ
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ