Մշակույթ

Եթե քեզ չորացած հաց են հրամցնում, հոտած պանիր ու փտած ձու, ինչո՞ւ ես ուտում

Եթե քեզ չորացած հաց են հրամցնում, հոտած պանիր ու փտած ձու, ինչո՞ւ ես ուտում

Հարցազրույց դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանի hետ



- Պարոն Ստեփանյան, վերջին 2 տասնամյակում դերասանի մասնագիտությունը տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվեց, հեռուստաթատրոններին փոխարինելու եկան քոմեդի շոուները, գեղարվեստական ֆիլմերն իրենց տեղը զիջեցին պարզունակ սերիալներին։ Ո՞րն է այս ամենի պատճառը։



- Այդ բոլոր հարցերին զուգահեռ, կա ռեյտինգ կոչվածը, որը դարձավ փարոս բոլորի համար։ Առաջ կար լավ, շնորհալի, տաղանդավոր, ոչ այնքան տաղանդավոր դերասան, իսկ հիմա կա՛մ ռեյտինգային դերասան ես, կա՛մ ՝ ոչ։ Թե ինչ է դա նշանակում, մինչեւ հիմա չգիտեմ։ Ռեյտինգային թեմաներ, ռեյտինգային սյուժեներ թե որտեղից են վերցնում, որ ժողովուրդը դա է ուզում՝ չեմ հասկանում, ինչ է, ես այդ ժողովրդից չե՞մ։ Այդ ռեյտինգատերը բարոյական իրավունք ունի՞ որոշել ազգի ճաշակը, ժողովրդի պահանջարկը եւ իր նախասիրած ֆիլմը կամ սերիալը թելադրել ամբողջ ազգին։ Բերեցին այդ հնդկական ֆիլմերը, մի անգամ ազնվորեն փորձեցի նայել, մեկ րոպեից ավել չկարողացա, բայց, պարզվում է, մարդիկ նայում են, քննարկում։ Իսկ ավելի ճիշտ՝ նայում են այն, ինչ ցույց են տալիս։ Եթե լավ, որակյալ ֆիլմ ցույց տաք, ո՞վ է ձեզ ասել, որ չեն նայելու։



- Երբ հնդկական սերիալների բումն սկսվեց, խոսակցություններ կային, որ դա միտումնավոր արվեց՝ բնակչությանը երկրի համար կարեւոր խնդիրներից՝ ընտրություններից շեղելու համար։ Արդյունքում ընտրություններն անցան, իսկ հնդկական սերիալները՝ ոչ։



- Ես, անկեղծ ասած, դա չէի կապի մեկը մյուսի հետ, բայց գուցե այդ թեզն առաջ բերողները տրամաբանական կապ գտնում են։ Ի վերջո, եթե այն, ինչ ցուցադրվում է, այդպիսի մակարդակի վրա է, ու դու էլ նայում ես, ուրեմն նախեւառաջ անդրադարձ կատարի ինքդ քեզ՝ ի՞նչ ես «ուտում», եթե քեզ չորացած հաց են հրամցնում, հոտած պանիր ու փտած ձու, ինչո՞ւ ես ուտում, դեն նետիր ու պահանջիր այն, ինչին արժանի ես։ Ուրիշ բան է, երբ ծրագրված իջնում է մշակութային մակարդակը։ «Ինչքան կարելի է էժան անենք եւ ինչքան կարելի է թանկ ծախենք» գաղափարը բերում է արվեստի մակարդակի սարսափելի իջեցման, չես կարող էժանով լավ բան ստեղծել, բայց, ցավոք, այս պարագայում կարողանում ես թանկով ծախել, որովհետեւ ծախսածդ գումարն այնքան քիչ է, որ ինչքան էլ ծախես, դա շահութաբեր է։ Շատ կարեւոր է՝ գան մարդիկ, որ հասկանան՝ սա է սանդղակը, որից իջնել չի կարելի, անգամ եթե որոշ ժամանակ դա այդքան էլ շահութաբեր չլինի, իսկ հեռուստացույցը հաճախ մորից, հորից, տատիկից, պապիկից ավելի դաստիարակող է, որն այս դեպքում լավ չէ։



- Վերջին տարիներին ակտիվորեն սկսեցին գործել նաեւ տարբեր թատերական ստուդիաներ, որոնք միքանիամսյա կուրսերով կրթում, դիպլոմ են տալիս երիտասարդներին ու կանաչ լույս ապահովում դեպի թատերական դաշտ։ Դա ո՞վ եւ ինչպե՞ս պետք է կարգավորի։



- Սա էլ բիզնեսի մի տեսակ է, ու եթե դուք այն մի բիզնեսն արտոնում եք, ինչո՞ւ պետք է արգելեք այս մեկը։ Իհարկե, պետք է օրենք, որ նման դեպքերում որեւէ մեկը՝ թեկուզ քոմեդի շոուներում հաջողություն ունեցող մեկը, պետք է մասնագիտական հիմքեր ունենա սովորեցնելու, բայց արի ու տես, որ առանց դրա էլ պահանջարկ կա։ Երբ սկսում է ղեկավարել փողը, արվեստը չի կարող չզիջել։ Մի քանի տարի առաջ քաղաքում մի պոստեռ տեսա՝ «Արմեն Խոստիկյան ակադեմիա»։ Ինձ շատ հետաքրքրեց, ասացի՝ տեսնես ո՞վ է դասավանդում։ Զանգեցի հարցրեցի, թե ով է հավաքում կուրսը, նախ զարմացած հարցրին, թե ո՞վ է ինչ անում, ասացի՝ կուրսի վարպետը, ղեկավարն ո՞վ է, ասացին՝ մենք դեռ ուսուցիչներին չենք անդրադարձել, երբ հավաքենք ուսանողներին, այդ ժամանակ կմտածենք կուսղեկի մասին։ Ո՞նց կարող է նման բան լինել, այսինքն՝ գլուխը չկա, բայց դուք ոտ ու ձեռն եք հավաքում։ Կար Գուրգեն Ջանիբեկյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի սերունդը, որոնց փոխարինելու եկան Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Բաբկեն Ներսիսյանը, նրանց էլ փոխարինեցին Ժենյա Ավետիսյանը, Լորենց Առուշանյանը, Յուրի Ամիրյանը, այսինքն՝ չի կարող չծնվել տաղանդավոր սերունդ, չի կարող հայ հողը չտալ տաղանդավոր անուններ, բայց գնալով թատրոնի կարեւորությունը, հեղինակությունը, նշաձողն իջան եւ տեղը զիջեցին այդ սերիալ կոչեցյալներին։ Ու եթե մի քանի տարի առաջ սերիալներն ունեին ինչ-որ մակարդակ, հիմա ոչ թե այդ մակարդակը չկա, այլ կա ուղղակի հակամակարդակ։ Կան մասնագիտական հնարքներ, հմտություններ, որին յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է հետեւի։



- Ասացիք, որ, ցավոք, նման թատերական ստուդիաների պահանջարկը կա, իսկ ինչո՞ւ չեն գնում Թատերական ինստիտուտում սովորելու։



- Որովհետեւ թատերական ընդունվելիս, այնուամենայնիվ, կա քննությունների պահանջ, թատերականն ունի մի չափանիշ, որ բոլորը չեն կարող հաղթահարել, իսկ այստեղ քեզ ոչ ոք ոչինչ չի ասում, փողը տուր՝ ինչ ուզում ես, սովորիր։ Տարբերությունը սա է։



- Յուրաքանչյուր թատրոն, հեռուստաընկերություն ի՞նքը պետք է ձեւավորի իր մշակութային քաղաքականությունը, թե՞, այնուհանդերձ, նախարարությունից պետք է իջեցվի այդ տեսլականը, գծագրվեն ուղենիշները։



- Պետք է լինի մեկ օրենք, որտեղ, ենթադրենք, գրված կլինի, որ չի կարելի հեռուստատեսությամբ խոսել նման աղավաղված հայերենով, նույնիսկ եթե դա գողի դերակատար է, նա պետք է չափանիշը պահպանի։ Չի կարելի հոգու անբարոյականությունը դարձնել դրոշակ, բոլորովին դեմ չեմ էրոտիկ տեսարաններին, եթե սեր է, ինչո՞ւ ցույց չտաս։ Հետո՝ հասկանո՞ւմ եք, մարդ սպանելը հեշտ բան չէ, բայց սերիալներում դա սուրճ խմելու պես բան է դարձել։



- Ի դեպ, սպանությունների, բռնության թեման շատ է մեր սերիալներում, ո՞րն է պատճառը։



- Որովհետեւ հեռուստաալիքների տերերի կարծիքով՝ ժողովուրդը դա է ուզում։ Ստեղծենք մի իրավիճակ, թող մեկին սպանեն, ու մյուսը փորձի գտնել նրան, ու գնաց այդպես մի քանի ամիս, բոլորը գիտեն, թե ով է մեղավոր, ինչու է սպանել, բայց դեռ քննիչը չգիտի... այստեղ ժանրի օրենքների մասին է խոսքը։ Նույն իրավապահ մարմնի աշխատողը պետք է շատ ավելի խելացի լինի, քան հանցագործը, եւ եթե նույնիսկ հանցագործն էլ ոչ պակաս խելացի է, ու այդ մենամարտում նա չհաղթեց, հավատը, սերը հարգանքը դեպի քո իրավապահ մարմինները կորում են, որովհետեւ, երբ ցույց են տալիս քննիչի կամ դատախազի, որ սաունայում տարօրինակ կանանց հետ ժամանակ անցկացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում, ես չեմ կարող նման մարդուն հարգել։



- Հեռուստատեսային հաղորդումների, սերիալների որակից շատ մտավորականներ են բողոքում, ոմանք ընդգրկված են Հանրային խորհրդում, ՀՌԱՀ-ում եւ համապատասխան այլ օղակներում, բայց կարծես թե հարցը լուծում չի ստանում, եւ խնդիրը չի կարգավորվում։



- Մի քիչ դժվար հարց է, որովհետեւ ես այդ վերին ատյաններում ո՛չ գնում-գալիս եմ, ո՛չ շփվում եմ, ո՛չ էլ իրականությունը գիտեմ, բայց եթե մշակութային օրենքների փաթեթ ստեղծվի, որ եթե դու անձնական հեռուստատեսություն ունես եւ իրավունք ունես ցույց տալու այն, ինչ համարում ես ճիշտ եւ եկամտաբեր, ապա դրանց կողքին այս-այս կետերը խախտելու իրավունք չունես։ Եթե ինձ մնար, ես բոլոր հովանավորներին, որոնց փողերով ապրում են այդ հեռուստաընկերությունները, կհավաքեի ու կասեի՝ ձեզ դո՞ւր է գալիս, որ ձեր գովազդները գնում են այս-այս հաղորդումների, սերիալների ժամանակ, ձեզ ո՞վ ասաց, որ ժողովուրդը սա է ուզում։ Մի կողմից էլ՝ սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ բան է, թե մեզ մոտ ինչու է այլասերվում այդ ամենը, չափանիշներն ընկնում, դետեկտիվը վատ բան չէ, բայց երբ որ մեր դետեկտիվում հերոսը հանցագործն է, իսկ քննիչը՝ մի ծախու, կաշառակեր կերպար, ով չի հասկանում, թե ինչ եւ ոնց է անում, կորում է այդ ամբողջ կրիմինալի իմաստը։ Ես վերջերս հրաժարվեցի մի սերիալից, որովհետեւ չկար ամենակարեւորը՝ միտքը։ Պետք է լինի մի չափանիշ՝ օրենքի տեսքով, որը կստիպի չէժանանալ, չիջնել այդ մակարդակի։ Թատրոնի կարեւորությունը, որ այսօր իրոք նվազել է, պետք է վերադառնա իր իշխող դիրքերի վրա, որովհետեւ դերասանին դերասան, ի վերջո, սարքում է թատրոնը, կինոն սիրում է պատրաստի դերասան։



Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image