Հասարակություն

«Հրապարակ». Ամայացած բնակավայրեր՝ Ճերմակավան եւ Գեղատափ

«Հրապարակ». Ամայացած բնակավայրեր՝ Ճերմակավան եւ Գեղատափ

Շատերը, լսելով Ճերմակավան եւ Գեղատափ բնակավայրերի մասին, չեն իմանում, թե դրանք որտեղ` Հայաստանի որ մարզում են գտնվում։ Դրանք Դիլիջան համայնքի Խաչարձան գյուղին պատկանող ամայացած բնակավայրեր են, որոնք իրենց հայեցի անվանումները ստացել են 1991թ․ ապրիլի 3-ին։ Խաչարձան գյուղը խորհրդային տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, այն կոչվել է Փոլադ։ Ադրբեջացիների հեռանալուց, Ադրբեջանից  փախստական մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխվելուց հետո Փոլադ բնակավայրը հայացավ` դարձավ Խաչարձան։ Այստեղ ներկայում հաշվառված է 401 բնակիչ, փաստացի բնակիչների թիվը 360 է։ 

Խաչարձանում բնակվում են Ադրբեջանի Դաշքեսանի, Շամքորի, Շամախիի, Իսմայիլի շրջանների, Բաքու եւ Կիրովաբադ քաղաքների նախկին բնակիչներ, որոնք իրենց բարեկեցիկ տներն ու ունեցվածքը թողնելով Ադրբեջանում՝ մազապուրծ տեղափոխվեցին Հայաստան, որ Սումգայիթի բնակիչների ճակատագրին չարժանանան։ 
Դիլիջան քաղաքից 23 կմ հեռավորությամբ գտնվող Խաչարձան գյուղի մուտքն ասֆալտապատ է։ Շենի տները բնակեցված են, դատարկ է միայն մի քանի տուն, որոնց բնակիչները վաղուց Ռուսաստան են տեղափոխվել։

Խաչարձանում տներ են գնել նաեւ Երեւանի մի քանի բնակիչներ, որոնք այդ տները որպես ամառանոց են օգտագործում` ամառվա ամիսներին ժամանելով։ Երեւանի երկու բնակիչ էլ գյուղում հողամասեր գնելով՝ այնտեղ հյուրատներ են կառուցում։ Խաչարձան գյուղի բնակիչներից մեկը եւս հյուրատուն ունի, սակայն այն վերակառուցման, ընդլայնման փուլում է։ Գեղեցիկ բնություն ունեցող Խաչարձանի բնակչությունն ապահովված է խմելու մշտական ջրով, լուծված է նաեւ գյուղի հողերի ոռոգման ջրի խնդիրը։ 2003 թվականից Խաչարձան համայնքի ղեկավար, համայնքի խոշորացումից` 2016 թվականից հետո բնակավայրի վարչական ղեկավար նշանակված Գագիկ Շահնազարյանը մեզ հայտնեց, որ Խաչարձան գյուղից մինչեւ Ճերմակավան բնակավայր 7 կմ է, Գեղատափը գտնվում է 14 կմ հեռավորությամբ։ Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ բնակվելիս են եղել ադրբեջանցի անասնապահներ։ Իսկ դրանից ավելի առաջ դրանք հայկական բնակավայրեր են եղել, որի ապացույցը Ճերմակավանի գյուղատեղին, գերեզմանոցը եւ 10-12-րդ դարերի եկեղեցին է: Գետիկ գետի հովտի ձախափնյա լանջին գտնվող Ճերմակավանի տարածքում, բլրի վրա հառնող եկեղեցուց մի պատ է մնացել։ Եկեղեցին հայտնի է նաեւ Աղքիլիսա, Սպիտակ եղցի անուններով։ Ճերմակավանը խորհրդային շրջանում կոչվել է Աղքիլիսա։ Գագիկ Շահնազարյանը մեզ հայտնեց, որ այդ տարածքում են գտնվում իրենց գյուղի վարելահողերը, արոտավայրերը, խորտհարքները։ 

Իսկ Գեղատափը՝ Մուրթելը, 1897թվականին ունեցել է 43 բնակիչ, 1979 թվականին՝ 174, 1989 թվականին՝ 35։ Այն ծովի մակերեւույթից 1700 մետր բարձրության վրա է գտնվում, այդտեղ խստաշունչ ձմեռներ են լինում։ Խորհրդային շրջանում Մուրթելում նույնիսկ դպրոց է գործել, սակայն էլեկտրական լուսավորություն չի եղել: Ժամանակի ընթացքում կենցաղային դժվարությունների պատճառով Մուրթելի բնակիչները ցած են իջել` Փոլադ գյուղ։ 1990-ական թվականներից Գեղատափում բնակություն է հաստատել Ադրբեջանի Շահումյանի շրջանից բռնագաղթած 16 ընտանիք, ավելի ճիշտ՝ այդ ընտանիքների միայն տարեց անդամները, որոնք Գեղատափում զբաղվել են անասնապահությամբ։ Գ․ Շահնազարյանն ասաց, որ Չարենցավանում բնակվել են Շահումյանից վերաբնակվածներ, ովքեր ֆինանսապես օգնել են համագյուղացիներին`  Գեղատափում քարե փոքր տներ կառուցելու։ Այդ ընտանիքները փաստացի բնակվելով Գեղատափում՝ գրանցված են  Չարենցավանում, Հրազդանում։ Նրանք Չարենցավանից եւ Հրազդանից Գեղատափ էին հասնում Սեմյոնովկա գյուղով, որից Գեղատափի հեռավորությունը 7 կիլոմետր է։  Տարիների ընթացքում Գեղատափում ապրող ծերերը մահացել են․ 2011 թվականին գյուղն ունեցել է ընդամենը 8 բնակիչ։ Ավելի քան 10 տարի այնտեղ ոչ ոք չի բնակվում։ Բայց Դիլիջան քաղաքում եւ մերձակա համայնքներում վերջին տարիներին զբոսաշրջությունը բուռն զարգանում է, մարդիկ են գալիս հանգստանալու, տան վարձերն են աճել, կյանքը սկսել է փոխվել։ Լքված, ամայացած Ճերմակավան եւ Գեղատափ գյուղերն իրենց բնության ու տեղադրության շնորհիվ կարող են հրաշալի զբոսաշրջային վայրեր դառնալ, եթե, իհարկե, ՔՊ-ական իշխանությունը մտածված չամայացնի եւ հաջորդիվ էլ սրանք չհանձնի մեր թշնամիներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image