Հասարակություն

Նվիրյալը. Դանուշ Շահվերդյան – 130

Նվիրյալը. Դանուշ Շահվերդյան – 130




width=400Լրացավ պետական-քաղաքական գործիչ, իրավաբան – դիվանագետ, Դանիել (Դանուշ) Շահվերդյանի ծննդյան 130 ամյակը, ինչի կապակցությամբ Երևանում և նրա ծննդավայր Այգեհատում հունվարի 23-ից 31-ը անցկացվեցին միջոցառումներ:  



Հունվարի 23-ին հայ մեծերի պանթեոնում, հերթական անգամ, Կոմիտասի շիրիմի մոտ էին հավաքվել գրողներ, արվեստագետներ, իրավաբաններ, պատմաբաններ, լոռեցիներ, երախտագետ այգեհատցիներ` հարգանքի տուրք մատուցելու անսակարկ հայրենասերի հիշատակին:



- Արդեն 15 տարի Դանուշի ծննդյան օրն այսպես ենք նշում, քանի որ նա սատլինյան եղեռնի զոհ դարձավ ոչ միայն իր աննկուն և անհողդողդ էության և անմնացորդ հայրենասիրության, այլև դժնդակ 36-ին մեծն Կոմիտասի աճյունը հայրենադարձելու պատճառով: 37-ի փետրվարից ապրիլ Բերիայի հատուկ ցուցումով ձեռբակալվեցին և ՊԱԿ-ի զնդաններում զոհվեցին Դանուշը, կինը` Ելիզավետան, եղբայրը` Ալեքսանդրը (Անդրֆեդ ԿԳ քարտուղար), մայիսին ձեռբակալվեց, ապա աքսորվեց փոքր եղբայրը` Արամը (Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռեկտոր), իսկ 10-ամյա որդին` Սերգեյը (հետագայում` խորհրդային և ռուսաստանյան խոշոր դիվանագետ-իրավաբան, գեներալ), մինչև Ստալինի մահը կրեց «հայրենիքի (այսինքն համակարգի) դավաճանի» որդու խարանն ու դրա «ընծայած» զրկանքները: 54-ին նրանք արդարացվեցին:



1962-ին, ծննդյան 80-ամյակի առթիվ, հայրենի Այգեհատն անվանվեց Դանուշավան, իսկ Երևանում` Չարբախում, մի փողոց անվանվեց Շահվերդյան:



90-ականների սկզբներին գյուղը նորից վերանվանվեց, որը միանգամայն արդարացի է ու պատճառաբանված (Այգեհատը պատմություն և ավանդույթներ ունեցող, ազնվատոհմիկ գյուղ է և Դանուշի նման հզոր, ազգի նվիրյալ զավակներ էլի է տվել. հայ նարոդնիկության հիմնադիր Վասիլ Շահվերդյան, ՀՅԴ եռամեծերից Սիմոն Զավարյան, Այգեհատի թոռներ են Սայաթ-Նովան, Միկոյան եղբայրները և այլք), մինչդեռ 97-ին փողոցի` հապճեպ անփութությամբ անվանափոխությունը միանգամայն անհիմն էր և բնավ պետական-ազգային մտածողության դրսևորում չէր: Չէ որ նժդեհյան «... կուսակցությանս հետ, բայց ազգիս համար» -ը նաև Դանուշի նշանաբանն էր ու կենսակերպը:



2002-ին ՀՀ  ԳԱԱ-ում և հայրենի Այգեհատում  ըստ արժանվույն նշեցինք Դանուշի  120-ամյակը և փողոցի վերանվանման  խնդրով նորից դիմեցինք քաղաքապետարան:



Չնայած 2004-ին քաղաքապետարանի անվանակոչության հանձնաժողովը որոշեց «Շահվերդյան անվանել նախկին փողոցին համարժեք, համազոր, զուգահեռ փողոցը», իսկ 2005-ի մայիսի 20-ի որոշմամբ Շենգավիթի ավագանին տվեց իր համաձայնությունը և այդ մասին իրազեկեց քաղաքապետարանին, սակայն Երևանի նախկին 3 քաղաքապետերը անցած շուրջ 7 տարիներին 7 րոպե ժամանակ չգտան վավերացնելու ընտրովի մարմինների որոշումները: Վստահ եմ նորընտիր քաղաքապետը և ավագանին կուղղեն այդ թերացումը: Բացեք, կարդացեք ՊԱԿ-ի արխիվները. տեսնենք այդ քաջ, աննկուն, վեհանձն մարդուն վարկաբեկող նշույլ անգամ կգտնեք: «...Մի օր վահանով, միւս օրը` վահանին վրայ, արդիւնքը նոյնն է` հաղթութիւնը» (Զավարյան): Դանուշ շահվերդյանը միշտ վահանով եկավ հայրենիք. երախտամոռ չլինենք, վահանի վրա առնենք նրան.- նշեց միջոցառումների հանձնառու- կազմակերպիչ «Սիմոն Զավարյան» ՀԿ նախագահ Գ. Շահվերդյանը:



Հունվարի 24-ին ՀՀ ԳԱԱ-ում կայացավ գիտական նիստ-ցերեկույթ, հունվարի 26-ին Հայ կենսագիրների ակումբում  կազմակերպվեց կոմիտասական-շահվերդյանական լսումներ, հունվարի 31-ին Այգեհատի Սիմոն Զավարյան դպրոցում անցկացվեց բաց դաս-հանդես: Միջոցառումները կազմակերպել էին Հայ Առաքելական սրբ. Եկեղեցին, ՀՀ ԳԱԱ հումանիտար բաժանմունքը, Պատմության, Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտները, ՀՀ Ազգային արխիվը, «Լոռու ձոր» ՀՀԿ-ն, Հայ կենսագիրների ակումբը, «Սիմոն Զավարյան դպրոցը»: Միջոցառումներին հոգեհանգստյան կարգ մատուցեցին տեր Թովմա քահանա  Անդրեասյանը և տեր Վրդանես քահանա Բաղալյանը: Շահվերդյանի ազգանպաստ գործունեությանը նվիրված զեկուցումներով և ելույթներով հանդես եկան արվեստաբան Տ. Հակոբյանը, պատմաբաններ Կ.Խաչատրյանը, Գ. Կարապետյանը, Ս. Մարուքյանը, գրողներ Լ.Սարգսյանը, Վ Շերմազանյանը, վերլուծաբաններ Արծ. Պեպանյանը, Ն. Շահվերդյանը, կենսագիրներ Հ. Մինասյանը, Գ. Յազըճյանը, Տ. Լիլոյանը և ուրիշներ: Կոմիտասի «Մոկաց Միրզա» -ի և « Ազգային օրհներգ»-ի մասին խոսեցին և կատարեցին երգիչ-երգահան Արսեն Համբարյանն ու բանաստեղծ-երաժիշտ, փիլիսոփա Ամալյա Խաչատրյանը (Արտեմիս): Կոմիտասյան և Կոմիտասին ու Դանուշին նվիրված կատարումներով հանդես եկան երիտասարդ ու պատանի երգիչներ, երաժիշտներ, ասմունքողներ:



Որոշվեց նամակով  դիմել հանրապետության նախագահին, որպեսզի  նա աջակցի, որ Կոմիտասի այգում` Պանթեոնի հարևանությամբ գտնվող շենքը (նախկին «Կինո հոկտեմբեր», «Պլանետարիում»), որպես ազգի, պետության և պետականության գերակա շահ, փրկագնվի և վերածվի Կոմիտասի պետական թանգարան-ինստիտուտի (Հայ կուլտուրայի կենտրոնի) և իր արդարացի ավարտին հասցվի Շահվերդյան փողոցի վերանվանման` շուրջ 15 տարի չարչրկվող հարցը:



Հովհաննես Դավթյան







Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image