Բազմաթիվ բաց նամակներ են տպագրվում «Հրապարակ» օրաթերթի էջերում, գրվում են խնդրանքով, հորդորով, խորհուրդներով։ Գրվում են սրտացավ մարդկանց կողմից, հույսով, որ կլսեն, ականջալուր կլինեն, եւ այս թշվառ երկրում մի բան կփոխվի։ Սակայն՝ իզուր։ Եթե մեր երկրի նախագահը, վարչապետը, նախարարները կարդային այս սրտառուչ տողերը, լսեին հայ մարդու աղաչանքը, խորհուրդը, տարիների ընթացքում անգամ անուղղելի մարդն էլ որոշ չափով կմտածեր այս երկրի մասին։ Նամակներ տպվեցին՝ ուղղված ուժային կառույցներին, բժիշկներին, ներկա եւ նախկին նախագահներին, գլխավոր դատախազին ու արդարադատության նախարարին։ Սակայն՝ անօգուտ։
Մեր շրջապատում այնքան շատ են աղաղակող թերությունները, որ ես՝ անուղղելի լավատեսս, փորձում եմ բարձրաձայնել դրանցից մեկը։ Խոսքս Երեւանի քաղաքապետարանին է վերաբերում։ Ամեն առավոտ ականատես եմ լինում, թե որքան ջանասիրաբար եւ քանի մարդ է աշխատում քաղաքապետարանի մերձակա հրապարակում։ Խնամում են յուրաքանչյուր թուփ, լվանում մայթերը, մաքրում ամեն անկյուն։ Մեծ պատասխանատվությամբ եւ նվիրատվությամբ են աշխատում: Դա, իհարկե, շատ լավ է, բայց սա արվում է Տարոն Մարգարյանի տեսադաշտի, նրա շրջակա միջավայրի համար, իսկ ի՞նչ է կատարվում նրանից 200 մետր այն կողմ՝ Արգիշտի փողոցում։ Այդ փողոցը գտնվում է Գլաձոր համալսարանի, Կենտրոնի զինվորական մասի, դպրոցի, Ամերիաբանկի եւ ԲՄՎ-ի գրասենյակի հարեւանությամբ։ Մի պատ է բաժանում բոլորին Արգիշտի փողոցից։ Ամբողջ փողոցի երկայնքով մի մեծ աղբանոց է եւ անթիվ-անհամար մեքենաների հոսք դեպի «Գլենդել հիլզ» թաղամաս՝ հիմնականում զորամաս։ Հսկողությունից դուրս փողոց է, տասնյակ հարյուրներով մեքենաներ են երթեւեկում եւ կայանում։ Արգիշտի փողոցը նման է Սոդոմ-Գոմորի, աղբի, փոշու մեջ կորած չարիք է դարձել բնակիչների համար։
Վերջապես ո՞վ պետք է զբաղվի այս փողոցով։ Գլաձոր համալսարանի մուտքը միշտ խնամված է, որովհետեւ նայում է քաղաքապետարանին, իսկ հետնամասը՝ պատից այն կողմ, սարսափելի է, նույնը զորամասին է վերաբերում։ Ներսից մաքուր է՝ իրենցն է, պատից այն կողմ թքած ունեն։
Լավ, մինչեւ ե՞րբ պետք է մաքրվեն քաղաքի այն հատվածները, որտեղով անցնում է Տարոն Մարգարյանը։ Ձկան խանութի գետնանցումը կարծես թե վերանորոգեցին, միլիոններ ծախսեցին, մամուլն էլ գրեց այս մասին։ Կիսատ-պռատ աշխատանքները՝ դեռ մի կողմ։ Մի՞թե հնարավոր չէ գոնե շաբաթը 2 անգամ մաքրել գետնանցումը։ Եթե մաքրում էլ են, չմաքրածի է նման։ Աղբակույտը թողնում են, մի ժամից հետո նույն չմաքրվածն է, վերահսկողություն չկա։ Հիմա ընթերցողը կմտածի՝ ի՞նչ ես կորցրել, ի՞նչ ես ուզում, էս քանդված երկրում ո՞վ է իր տեղում, որ հավաքարարն իր տեղում լինի։
Հավատացեք, եթե յուրաքանչյուրս մեզ հանձնարարված աշխատանքը բարեխիղճ կատարենք, գլխառադ չանենք, թեկուզ սկսած ներքեւից, մի բան գուցե փոխվի աստիճանաբար եւ հասնի վերեւներին։ Կենտրոնում տեղակայված զորամասի ննջարանների լուսամուտների տակ մի քանի մեքենա աղբ կա կուտակված, զինվորներն ուտում են եւ ամեն ինչ շպրտում լուսամուտներից դուրս, չկա մի կիրթ, դաստիարակված զինվոր կամ ղեկավար, որ արգելի, բացատրի, թույլ չտա շրջապատը կեղտոտել։ Ես համարում եմ, որ իր հողը, հայրենիքը սիրողը, հայրենիքի պաշտպանն այդպես չպետք է վարվի։ Երկիրը չսիրողը, դավաճանը կանի այդ։ Քանի որ բանակի վերաբերյալ յուրաքանչյուր տող ցավով ու բողոքով է ընդունվում, իսկ ղեկավարներն անհասանելի են մահկանացուներիս, ուստի խնդրում եմ որպես ահազանգ ընդունեք՝ վերջ տվեք շրջապատն աղբավայրի վերածելը։ Զինվորի հագուստ եւ ուսադիր կրողն այդչափ անդաստիարակ չպետք է լինի, իսկ ղեկավարությունը՝ անտարբեր։ Բարեհաճեցեք ձեր ննջասենյակներից ներքեւ նայել։
Արգիշտի փողոցի բնակչուհի