«Հույս և օգնություն» ՀԿ-ն «Գլոբալ» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ Լոռու մարզի ԿՍԿ-ների շրջանում» ծրագրի շրջանակներում ՄԻԱՎ վարակի կանխարգելման աշխատանքներ է իրականացնում սեռական ծառայություն մատուցող կանանց (ԿՍԿ) շրջանում՝ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Ախթալա քաղաքներում:
11 տարվա գործունեության ընթացքում կազմակերպությունը 600 շահառու է ունեցել, այս պահին ակտիվ են 250-300-ը, որոնք 6 ամիսը մեկ բժշկական հետազոտություն են անցնում և արյուն հանձնում ՄԻԱՎ վարակի նկատմամբ: Վերջին մեկ տարվա ընթացքում «Գլոբալ» հիմնադրամը հնարավորություն է տվել ծրագրի շրջանակներում հետազոտություն անցկացնել նաև սեռավարակների նկատմամբ և տրամադրել անվճար դեղորայք: Ծրագրի կանխարգելիչ աշխատանքների մեջ է մտնում նաև կանանց անվճար պահպանակների տրամադրումը:
ԿՍԿ-ների համար իրականցվող ծրագրից, սակայն, պարզվում է, ոչ բոլոր շահառուներն են օգտվում: «Հույս և օգնություն» Լոռու մասնաճյուղի տնօրեն Հայարփի Էդիլյանի խոսքով՝ Վանաձորում կան սեռական ծառայություն մատուցող կանայք, որոնք չունեն օգնության կարիք: «Կայացած մարդիկ են, գումար էլ ունեն, հնարավորություն էլ, հարկ եղած դեպքում բժշկի էլ են դիմում, եթե պահպանակ է հարկավոր, գնում են: Խնդիր չունեն: Իսկ մենք զբաղվում ենք այն աղջիկներով, որոնք սոցիալական ավելի ցածր վիճակում են, որոնք այդ պահպանակի գումարն օգտագործում են հաց գնելու համար»,-ասում է ծրագրի ղեկավարը:
Լոռեցի մարմնավաճառների մի մասը շատ լավ է վաստակում, կարողանում է թանկարժեք զարդեր ու կահույք գնել, և հակառակը՝ կան նույն գործով զբաղվողներ, որոնք ծայրահեղ չքավորության մեջ են ապրում: Լոռիում մարմնավաճառների ծառայություններն սկսվում են 1000 դրամից և հասնում մինչև 100 ԱՄՆ դոլարի:
«Բացի հաճախորդներից, որոնց ընդունում, ճանապարհում են, իրենք ունեն մշտական զուգընկերներ, որոնց հետ ապրում են նույն հարկի տակ կամ նրանց հետ ավելի հաճախ են հանդիպում: Մշտական զուգընկերոջից գումար չեն վերցնում,- պատմում է Հայարփի Էդիլյանը,- իրենց արժեքը հստակ իմացող կանայք կան, որոնց հրավիրողն էլ գիտի, որ այդքան է գինը, եթե գրպանում այդքան գումար չկա, չի տանում: Կան, որ ուտելիքի դիմաց են ծառայություն մատուցում, այդ պահին սնունդ է անհրաժեշտ, ընտանիքը սոված է, երեխաները սոված են, գնում են: Ունենք աղջիկներ, որ խմիչքի նկատմամբ անտարբեր չեն, և միշտ խմած են լինում, ծառայությունն էլ խմած են մատուցում, հաճախորդի հետ էլ այնքան են խմում, որ ամեն ինչ մոռանում են: Ունեցել ենք թմրամոլ աղջիկ, որ երկրից դուրս է հիմա»:
Վանաձորում փողոցային մարմնավաճառություն չի եղել ու չկա: Կան մի քանի մարմնավաճառներ, որ միջպետական ճանապարհներին են կանգնում, բայց նրանք քիչ են, հիմնականում սաունաներում են ընդունում հաճախորդներին, կամ էլ իրենց ու կավատների տներում՝ վերջին դեպքում ծառայության դիմաց գումարից բաժին հանելով նաև տանտերերին: Վանաձորում հիմնականում հեռախոսով են պայմանավորվում մարմնավաճառների հետ:
«Շատ հստակ բոլորը գիտեն հեռախոսի համարները, եթե նույնիսկ հյուր է գալիս այլ քաղաքներից կամ երկրներից, գիտեն՝ ում կարելի է հրավիրել: Տղամարդկանց մեծամասնությունը, չեմ կարող ասել՝ քանի տոկոսն է օգտվում, բայց ովքեր օգտվում են, հստակ գիտեն՝ որ տարածքում, որ տանը, քանի տարեկան, քանի հոգու կարելի է տեսնել, ինչ գներով: Տղամարդիկ ավելի շատ տեղեկատվություն ունեն, քան ես, որովհետև «փչացած» հեռախոսի տարբերակը շատ լավ է աշխատում, փոխանցվում է այդ տեղեկատվությունը: Շատ է եղել, որ Ռուսաստանից երիտասարդներ են եկել, սկսել են հարցուփորձ անել՝ այսինչը ձեզ մոտ գալի՞ս է, կամ ստուգվե՞լ է, ստուգվելու արդյունքում ի՞նչ է պարզվել: Ասում ենք՝ չենք տալիս տեղեկատվություն, փակ ենք այդ առումով, բայց երբ հարցրել եմ՝ բա ինչ գիտեք ո՞վ է, սկսել են պատմել՝ այսինչն է ասել, այնինչն է ասել: Ու եթե Ռուսաստանում բնակվողը գիտի, պարզ է՝ վանաձորցիները կիմանան ու կիմանան: Այսինքն՝ կապը կա ինչ-որ ձևով, տղաները փոխանցում են իրար»,- նշում է զրուցակիցս: Նրա խոսքով՝ վերջերս լոռեցի մարմնավաճառները՝ նրանք, ովքեր համակարգչից ու համացանցից օգտվելու հնարավորություն ունեն, սկսել են հաճախորդներ գտնել նաև սոցցանցերի միջոցով:
Սեռական ծառայություն մատուցող լոռեցի կանայք տարբերվում են մայրաքաղաքի մարմնավաճառներից՝ առաջին հերթին հանրության համար չբացահայտված, թաքուն մնալու հոգեբանությամբ ու աշխատելաոճով: Մայրաքաղաքի ինչ-որ տարածքներում կանգնող մարմնավաճառները խնդիր չունեն ճանաչվելու մարդկանց կողմից, Իսկ Վանաձորում նույնիսկ բժշկի ուղարկելն է մեծ ջանքեր պահանջում:
«Ասում են՝ այսինչի այնինչը այդտեղ է աշխատում: Պետք է մտածես գտնես ուրիշ ճանապարհ՝ նրանց այնտեղ ուղարկելու ու նաև բացատրես, որ եթե տեսնի քեզ, չի կարող հասկանալ՝ որտեղից ես: Իրենք չեն ամաչում մեր առաջ, բայց հանրության համար՝ վայ, չէ, չիմանան: Բայց երևի թե ճիշտ են վարվում՝ ելնելով մեր բնակչության մտածողությունից,- ասում է Հայարփի Էդիլյանը և հավելում,- օրիանկ իմ շենքում եթե կին լինի, որն զբաղվի այդ գործով, ես հնարավոր է նորմալ վերաբերվեմ, բայց համոզված եմ, մնացած բնակիչները կորոշեն, որ քարերով պետք է խփել, սպանել»:
Նույնիսկ մարմնավաճառների ծառայություններից օգտվող տղամարդիկ են նրանց հասցեին ավելորդություններ թույլ տալիս իրենց, բայց, միևնույնն է, մարմնավաճառների պահանջարկը չի նվազում Վանաձորում:
«Տղամարդիկ գնում են նրանց մոտ, հետո դուրս են գալիս, սկսում են նրանց մասին ավելորդ խոսել, ընկերների մոտ ավել-պակաս բաներ պատմել, այն, ինչ արել են ու նաև այն, ինչ չեն արել, դա էլ են պատմում: Բայց ես միշտ ասում եմ՝ ես ինձ առաջարկում եմ, բայց եթե ոչ մեկը չուզի, ում պետք է առաջարկեմ: Մեր տղամարդիկ եթե չգնան, աղջիկները չեն կարող այդ ծառայությունը մատուցել»:
Մարմնավաճառներն էլ հաճախորդների հետ իրենց «քաջագործություններից» են պատմում ու զվարճանում: «Վստահում են, գալիս պատմում են մանրամասներ՝ ում հետ ինչ արեցին, ոնց արեցին, խոսում, ուրախանում են»: Ափսոսանքի զգացում չկա այդ կանանց մեջ, հակառակը, շատ երջանիկ են: «Ասում են՝ հա ինչ, պարտադիր պետք է մեկ մարդ ունենայի, ամբողջ քաղաքի մարդիկ իմն են, էլի,- մարմնավաճառների հոգեբանությունն է բացատրում Հայարփի Էդիլյանը: Նրա խոսքով՝ դա գուցե ինքնապաշտպանական ռեակցիա է, որ փորձում են ինչ-որ ձևով իրենց արդարացնել: Բայց դժգոհ էլ չեն, ում ուզում, երբ ուզում՝ կանչում են, օգտագործում, գումար են վերցնում: Ապրելաոճ է դարձել: Փորձի մեկը մի բան ասի, պատասխանում են՝ դու ավելի վատն ես»:
Զրուցեց՝
Ադրինե ԹՈՐՈՍՅԱՆ