Մաշտոցի պողոտայով դեպի Բաղրամյան փողոց… Հինգհարկանիների պատուհաններից մարդկանց գլուխներ են երեւում, շատերը դուրս են եկել-կանգնել բաց պատշգամբներում, սեւեռուն հետաքրքրասիրությամբ նայում են ցուցարարներին։ Ցուցարարները նկատում են նրանց, բացականչում՝ միացեք, միացեք: Պատշգամբներում կանգնած մարդիկ մի տեսակ շփոթվում են, տխուր ծիծաղում, որոշները մեղմորեն ողջունում են երթը: Գնալով շշուկներ են տարածում, թե Բաղրամյան փողոցի շենքի բնակիչների անդորրն արդեն երեք օր է՝ խաթարում են, եւ դա ոստիկանության համար կարող է Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների պայքարը կանգնեցելու առիթ հանդիսանալ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկվա իր հայտարարության մեջ նման ակնարկներ հնչեցրեց. «Բացեք Բաղրամյան պողոտան, նման ձեւով ոչ մի կառուցողական արդյունքի չեք հասնելու»։ Աբրահամյանը, դիմելով ակտիվիստներին, խորհուրդ տվեց «վերադառնալ կառուցողական դաշտ եւ բոլոր հարցերը քննարկել սեղանի շուրջ, ոչ թե ցույցերով խանգարել մյուս քաղաքացիներին»:
Բայց այս շինծու պատրվակը չի աշխատի: «Երկիր մեդիայի» «Կլոր սեղան» հաղորդաշարի վարող Գայանե Աբրահամյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» էջում առաջարկում է. «Երեխեք ջան, մի գործնական առաջարկ ունեմ, գրեթե վստահ եմ, որ առաջիկայում ոստիկանությունը, հղում անելով Բաղրամյան պողոտայի բնակիչներին, նրանց անդորրն ու համակեցության կանոնները չխաթարելու խնդրին, փորձելու է կրկին ցրել կամ որեւէ գործողություն անել... Որպես Բաղրամյան պողոտայի բնակիչ, առաջարկում եմ ստորագրահավաք սկսել, մոտակա շենքեր մտնել, կամ տեղում վստահաբար կլինեն Բաղրամյանի եւ հարակից փողոցների բնակիչներ, թող ստորագրեն, որ այս ցույցը որեւէ կերպ չի խաթարում իրենց անդորրը, որ պատրաստ են ու միանում են այս հավաքին։ Սա հետագայում պետք կլինի դատարաններում եւ այլն... գուցե հոռետեսական է ասածս այս անասելի դրական մթնոլորտում, բայց լրագրողական փորձս հուշում է, որ սա պետք կլինի հետագայում Օսիպյանի եւ մյուսների աչքը մտցնելու համար: Մեզնից մեծ ջանք չի խլում, թուղթ եւ հայտարարություններ, կոչեր, որ ստորագրեն, լավ կլինի նաեւ հասցեն գրեն»։
Ստորագրահավաքն արդեն սկսված է: Գայանե Աբրահամյանի գրառման տակ արված մի մեկնաբանություն վկայում է այն մասին, որ հարակից շենքերի բնակիչները պայքարող երիտասարդների կողքին են, տալիս են իրենց ստորագրությունները, զորակցում են շարժմանը:
Վերջին օրերին կարելի է իրարից խիստ տարբերվող Երեւան տեսնել: Մի քաղաք, որի երիտասարդության ստվար հատվածի աչքերը պարզապես փայլփլում են պայքարի, նոր կյանքի, նոր հույսերի, իրենց իրավունքները պաշտպանելու վճռականությամբ, եւ, ցավոք, նաեւ հակառակը՝ երեւանյան համայնքների բազմաթիվ բակերում ու փողոցներում անգործ, աննպատակ ճեմողներ, ովքեր տարբեր պատճառներով կամ, առհասարակ՝ առանց որեւէ պատճառի չեն միանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կասեցումը պահանջող քաղաքաբնակներին, ասես իրենք այս երկրում չեն ապրում եւ էլեկտրաէներգիայի թանկացումն իրենց չի սպառնում: Առաջին հայացքից կարող է ծիծաղելի թվալ, բայց մեր քաղաքում, նաեւ մարզերում, գյուղերում դեռեւս ապրում են մարդիկ (կամ էլ այդպես են ուզում ապրել), ովքեր մեծ հաշվով տեղյակ չեն, թե իրենցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչ է կատարվում, տեղյակ չեն մանրամասնորեն, թե որքան կարեւոր է իրենց մասնակցությունը: Դրա համար էլ, հարկ եղած դեպքում, խիստ անհրաժեշտ է այդ մարդկանց համբերատարությամբ իրազեկել, դուրս բերել անտարբերության ողբերգական թմբիրից: