ԱՄՆ-ն գրանցում է հերթական զանգվածային սպանությունը: Երեկ Կալիֆորնիայի նահանգի Սան Բերնարդինո քաղաքում հրազենային վնասվածքներից զոհվեց 14 մարդ, իսկ 17-ը ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ցավոք ԱՄՆ-ում այսպիսի դեպքերը գնալով ավելանում են:
ABC News-ը տեղեկացնում է, որ այս ողբերգական դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում սահմանափակ կարողություններով մարդկանց համար նախատեսված հաստատությունում: Նախագահ Բարաք Օբաման տեղեկանալով սպանության մասին մամլո ասուլիսի ժամանակ կրկին անգամ բարձրացրել է զենքի ազատ վաճառքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու հարցը, որ թույլ կտա կանխել հետագա ողբերգությունները:
Ժամեր անց ոստիկանությանը հաջողվել է պարզել հանցագործների ինքնությունը: Նրանց անուններն են՝ Սաիդ Ֆարուկ և Թաշֆեն Մալիկ: Չորս ժամ հետապնդելով նրանց՝ հենց փողոցում, տևական հրաձգության արդյունքում հանցագործները լիկվիդացվել են: Ըստ The guardian-ի մարդասպանները երիտասարդներ էին 27-28 տարեկան, ամբողջովին զինված ինքնաձիքներով և ատրճանակներով: Սան Բերնարդինոյի ոստիկանապետ Ջարոդ Բուրգուան հայտնել է, որ հրաձգության հետևանքով ոստիկանության սպա է վիրավորվել, որին հոսպիտալացրել են: Լոս Անջելոս քաղաքի ԱՄՆ-իսլամական հարաբերությունների խորհուրդը դեպքի առնչությամբ խիստ մտահոգված է: Խորհրդի անդամներից՝ Ֆարհան Խանի մեկնաբանությունը՝ «Ես ուղղակի բառեր չեմ գտնում, որպեսզի կարողանամ արտահայտել իմ ողջ տխրությունը, ցավակցում են զոհվածների հարազատներին և առողջությում մաղթում տուժածներին: Անբացատրելի է՝ ինչպես էր սա հնարավոր, շոկի մեջ եմ»:
Հարավային Կալիֆորնիայի իսլամական խորհրդի նախագահ Մուզամիլ Սիդիքին ևս ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին՝ դատապարտելով հանցագործությունը: Այն հարցին, թե արդյոք սա կարելի է դիտարկել որպես կազմակերպված ահաբեկչություն, ոստիկանապետ Ջարոդ Բուրգուան պատասխանել է՝ «Պարզ է, որ հանցագործները հստակ նապատակով էին եկել, սակայն այս պահի դրությամբ դժվար է նման պնդում անել, քանի որ հնարավոր ահաբեկչության մասին տեղեկատվություն դեռ չունենք»:
Դեպքի ականատեսներից NBC4-ի օպերատոր Ալեքս Վասկեսը պատմում է՝ «Մարդիկ փախչում էին: Նրանք գնդակահարվում էին մեջքից, ձեռքերից, կրծքավանդակից… Մարդիկ էին, որոնք առավոտյան արթնացել էին, եկել աշխատանքի և ահա հայտնվեցին սարսափելի մղձավանջի մեջ»:
ԱՄՆ-ում այս տարի գրանցվել է զանգվածային սպանությունների 342 դեպք, որի հետևանքով զոհվել է 447, վիրավորվել 1292 մարդ: