Լինում են պահեր, երբ հախուռն զգացողությունները խառնվում են իրար, կազմաքանդում գիտակցության տրամաբանված, հազար թելիկներով միմյանց հետ առնչվող ճանապարհները, որոնք կոչված էին վերարտադրելու մարդկային կամքը, սթափ դատելու պարգեւը, առհասարակ՝ բանականությունը, որից զրկվելը գուցե ամենամեծ պատիժն է:
Արդեն այսօր առավոտյան նույն բանականությունը, դեռ դիմադրելով, թույլ շնչառությամբ փորձ է անում հասկանալ, թե սահմանադրական բարեփոխումների մասին երկու օր առաջ խոսող Սերժ Սարգսյանին որտեղի՞ց խաբելու այսպիսի ոգեղենությունը, այս մարդուն արդյոք նման ճիգուջանք պե՞տք էր, արդյոք պե՞տք էր ասել, թե կան մտահոգություններ, վտանգներ, որոնք դրդում են գնալ դեպի սահմանադրական բարեփոխումներ, եւ ասել, թե վերջնական կամքը ժողովրդինն է՝ ինչպես կքվեարկեն, կքվեարկեն: Այդ դեպքում ինչո՞ւ գործարկվեց ամբողջովին սպառազինված թաղային ու մանկավարժական խուժանը, գործարկվեցին 5 հազարանոցներն ու 10 հազարանոցները, տաքսիներն ու գազելները, թափթփուկներն ու լույս հանգցնողները:
Պարզ է, որ հարցադրումներս նայիվ են հնչում, բայց այլ տարբերակ չկա: Համատարած ընտրախախտումների վերաբերյալ դիտորդների, լրագրողների կողմից արձանագրված հարյուրավոր արձանագրությունները հերթական անգամ վկայեցին, թե ինչի համար էին անցկացվում այս բարեփոխումները: Հակառակ տրամաբանություն պարզապես գոյություն չունի: Տեսաձայնագրություններին ընթացք կտան, մի քանի տույժ-տուգանքներով հարցը կփակեն, կվերջացնեն: Ապագա սերունդների համար կհամալրվի անամոթության արխիվը:
Ապօրինության այս պատկերասրահը Սերժ Սարգսյանի իշխանությունը նվիրաբերում է ժողովրդին, որ ներսում, ամենացավոտ ու զգայուն խորքերում ճեղքվածն ընդլայնվի, որ նորից հայտնվի «ազգի տականքը», եւ հայտնվեն ու ցնծան «ազգի տականքը» արդարամիտ բացահայտողները՝ պետությունը ենթարկելով քուչայական, ստորաքարշ մուտացիաների:
Յուրաքանչյուր ընտրությունից հետո հիասթափության ալիքն այնքան նման է նախորդին, որ իր բոլոր դրսեւորումներով բացարձակ նույնականացել է: Իսկ նույնականացումը կարծես բթացման ամենաուղիղ ճանապարհն է: Այժմյան ժամանակներում, երբ աշխարհի քարտեզից երկրներ են ջնջվում, կործանվում է Մերձավոր Արեւելքը, ոչնչացվում-հոշոտվում են «ամենազոր, սիրելի դիկտատորները», երբ համաշխարհային քաղաքականությունը լարվածության ու սպազմատիկ ցնցումների մեջ է, մոլորակը՝ էկոլոգիական մեծ աղետի շեմին, երբ այս ամենը հաշվի առնելով՝ հարկավոր է խիստ աչալուրջ լինել, հավաքել ու միավորել պետության, ազգի հնարավոր ու անհնար ռեսուրսները, փորձել միասնաբար պայքար մղել, կանխել ահռելի վտանգները, Սերժ Սարգսյանն իր հավակնությունները փսխելով փաստում է, որ ոչ ինքը, ոչ իր ղեկավարության շրջանում ստրկացած պետությունը կյանքի ապագա չեն ունենալու, որ այդ ապագան սարսափ, արյուն ու ամայություն է նախորոշում: Եվ, ցավոք, ապագա արդեն իսկ չունեն այն բոլոր ՀՀ քաղաքացիները, ովքեր դեկտեմբերի 6-ին հանուն դատարկության, մեկառմեկ գողացան մեր պետականության պարսպի քարերը:
Դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի մեծ երկրաշարժի օրը, Սերժ Սարգսյանը եւ իր թիմակիցները, նաեւ ընտրատեղամասերում լույս հանգցնողների ողորմելի բանակը երջանկության ու խրախճանքի բաժակ կբարձրացնեն՝ խմելով խավարի կենացը, որ միշտ էլ ամբողջատիրության իսկական հայրենիքն է: Եվ եթե օրերից մի օր լույս ծագի, այդ խավարը երբեք չի տեսնելու այն: