Մշակույթ

«Պարտված մարտի մասին»

«Պարտված մարտի մասին»

Հատվածներ գրականության բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիր բելառուս լրագրող Սվետլանա Ալեքսիևիչի բանախոսությունից



Այս հարթակում ես մենակ չեմ կանգնած… Շուրջս ձայներ են, հարյուրավոր ձայներ: Դեռ մանկությունից նրանք միշտ ինձ հետ են: Ես ապրել եմ գյուղում: Մենք՝ երեխաներս, սիրում էինք փողոցում խաղալ, սակայն երեկոյան մագնիսի նման ձգվում էինք դեպի աթոռները, ուր հավաքվում էին, ինչպես մեզ մոտ ընդունված է ասել, հոգնած կնանիք: Նրանցից ոչ ոք ամուսին, հայր, եղբայր չուներ: Մեր գյուղում պատերազմից հետո տղամարդկանց չեմ հիշում: Երկրորդ աշխարհամարտին, Բելառուսում պարտիզանական մարտերին մասնակցելիս, յուրաքանչյուր չորրորդը զոհվել է: Պատերազմից հետո մանկական մեր աշխարհը կանանց աշխարհն էր: Առավել շատ հիշում եմ՝ կանայք խոսում էին ոչ թե մահվան մասին, այլ՝ սիրո: Պատմում էին, թե վերջին օրն ինչպես էին հրաժեշտ տալիս իրենց սիրեցյալներին, ինչպես էին սպասում նրանց վերադարձին եւ հիմա էլ ինչպես են սպասում: Տարիներ էին անցել, իսկ նրանք դեռ սպասում էին. «Թող առանց ձեռք, առանց ոտք գա: Ես նրան իմ ձեռքերի վրա կպահեմ»… Առանց ձեռք… առանց ոտք… Կարծես դեռ մանկությունից ես գիտեի, թե ինչ է սերը…



…Ես ապրել եմ մի երկրում, որտեղ դեռ մանկությունից սովորեցրել են մեռնել: Մահվանն են սովորեցրել: Մեզ ասում էին՝ մարդը գոյություն ունի, որպեսզի հանձնի իրեն, այրվի, զոհաբերվի: Սովորեցրել են սիրել մարդուն զենքով: Եթե մեծանայի ուրիշ երկրում, այս ճանապարհն անցնել չէի կարող: Չարիքը նրա հանդեպ անողոք է, պատվաստում է հարկավոր: Այնուհանդերձ, մենք մեծացել ենք դահիճների ու զոհերի շրջապատում: Թեպետ մեր ծնողներն ապրել են վախի մեջ եւ ամեն ինչ չէ, որ պատմել են, սակայն մեր կյանքի օդն անգամ թունավորված էր այդ ամենով: Չարիքը միշտ հետեւում էր մեզ… Ես գրել եմ հինգ գիրք, բայց ինձ թվում է՝ ընդամենը մի գիրք եմ գրել: Գիրք ուտոպիայի պատմության մասին… «Կարմիր» կայսրությունն այլեւս գոյություն չունի, սակայն «կարմիր» մարդը դեռ կա, շարունակվում է… Չեռնոբիլի մասին թերթերում գրում էին ռազմական բառապաշարով՝ պայթյուն, հերոսներ, զինվորներ, տարհանում։ Կայանում աշխատում էր ԿԳԲ-ն. փնտրում էր լրտեսների եւ դիվերսանտների, լուրեր էին պտտվում, թե վթարը ծրագրված է եղել արեւմտյան հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի քանդվի սոցիալիզմի ճամբարը...



…Մինչ Աֆղանստանը ես հավատում էի մարդկային դեմքով սոցիալիզմին։ Այնտեղից վերադարձա պատրանքներից ազատ։ «Ներիր ինձ, հայր,- ասացի հորս հետ հանդիպման ժամանակ։- Դու ինձ դաստիարակել ես՝ իմ մեջ սերմանելով հավատ կոմունիստական արժեքների նկատմամբ, բայց հերիք է մի անգամ տեսնել, թե ինչպես են խորհրդային դպրոցի նախկին աշակերտներն ուրիշի հողի վրա սպանում իրենց անծանոթ մարդկանց, որպեսզի քո բոլոր խոսքերը հօդս ցնդեն։ Մենք մարդասպաններ ենք, հայրիկ, հասկանո՞ւմ ես»։ Հայրս արտասվեց…



…Երբ կայսրությունը փլուզվեց, ի՞նչ եղավ մեզ հետ: Առաջներում աշխարհը բաժանված էր դահիճների եւ զոհերի միջեւ - եղբայրներ եւ քույրեր՝ դա Գուլագն է, պատերազմն է, էլեկտորատը - տեխնոլոգիան է, ժամանակակից աշխարհը: Առաջներում մեր աշխարհը բաժանված էր նաեւ նրանց միջեւ, ովքեր նստում էին եւ ովքեր նստեցնում, այժմ այն բաժանում են սլավոնապաշտներն ու արեւմտամետները: Եվ բաժանում են նրանց միջեւ, ովքեր կարող են գնել եւ ովքեր չեն կարող: Վերջինը, ես կասեի, սոցիալիզմից հետո ամենադաժան փորձությունն էր, որովհետեւ ոչ վաղ անցյալում բոլորը հավասար էին: «Կարմիր» մարդն այդպես էլ չմտավ Եդեմի արքայություն, որի մասին երազում էր խոհանոցում: Ռուսաստանը բաժանեցին առանց իր մասնակցության: Նա մնաց ձեռնունայն՝ ստորացված եւ կողոպտված, ագրեսիվ եւ վտանգավոր։
Ինչ եմ լսել, երբ ճամփորդում էի Ռուսաստանով.



- Մոդեռնիզացիան մեզ մոտ հնարավոր է միայն գնդակահարություններով.



- Ռուս մարդը չի էլ ուզում հարուստ լինել: Իսկ ի՞նչ է ուզում: Միշտ նույն բանը՝ որ հանկարծ մեկ ուրիշն իրենից ավելի շատ չհարստանա:



- Ազնիվ մարդ մեզ մոտ չես գտնի, իսկ սրբեր՝ կան:



- Անշղթա սերունդների չես սպասի, ռուս մարդը չի հասկանում, թե ինչ է ազատությունը, նրան կազակ ու մտրակ է հարկավոր:



- Ռուսերեն երկու գլխավոր բառերը՝ պատերազմ եւ բանտ: Գողացար, ֆռֆռացիր, նստեցիր... դուրս եկար, նորից նստեցիր...



- Ռուսական կյանքը պիտի չար ու նողկալի լինի, այնժամ հոգին վեր է ելնում՝ հասկանալով, որ չի պատկանում այդ աշխարհին... Որքան արյունոտ ու կեղտոտ, այնքան տարածությունն ավելի ընդարձակ:



- Նոր հեղափոխության համար չկա ոչ ուժ, ոչ խելագարություն: Գլխապտույտ չկա: Ռուս մարդուն մի այնպիսի գաղափար է պետք, որ մաշկը սառի:



- Նույնպես մեր կյանքն է՝ այն թափառում է խառնափնթորի ու կացատան միջեւ: Կոմունիզմը չի մեռել: Դիակը դեռ ողջ է:



- Համարձակվեմ ասել, որ մենք բաց ենք թողել մեր հնարավորությունը, որ ունեինք 90-ականներին: Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի երկիրը՝ ուժե՞ղ, թե՞ արժանապատիվ, որտեղ մարդիկ լավ են ապրում, մենք ընտրեցինք ուժը։ Հիմա կրկին ուժի ժամանակն է։ Ռուսները կռվում են ուկրաինացիների դեմ։ Եղբայրների դեմ։ Իմ հայրը բելառուսցի է, մայրս՝ ուկրաինացի։ Շատերի մոտ է այդպես։ Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում են Սիրիան:



Հույսի ժամանակին փոխարինելու է եկել վախի ժամանակը։ Ժամանակը ետ է շրջվել... Սեքընդ-հենդ ժամանակը...



Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ ՊԱՉՅԱՆԻ

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image