Հասարակություն

Կոզբադինների ժամանակը

Կոզբադինների ժամանակը

Եթե օրերից մի օր, տարվա վերջում մեքենայի տեխզննման կտրոնը գնելիս քաղաքացիներից մեկի կացինն իջնի իշխանության հարկահավաքների գլխին, չզարմանաք: 



Ինձ հետաքրքիր է՝ կա՞ աշխարհում այսօրինակ տրամաբանված ղեկավարման համակարգ ունեցող մեկ այլ երկիր: Կրկնում եմ՝ տրամաբանված, ոչ աբսուրդային եւ, իհարկե, իրական, ամեն քայլը հաշվարկած, որտեղ թքում են քաղաքացիների հոգու մեջ, նրանցից քամում, մաշկում վերջին հյութերը, հնարավորություններն ու քարշ գալու հենակները:



Մի շաբաթ առաջ կառավարությունն սկսեց «լավության ու մարդասիրության» շարժում, ջատագովները՝ վարչապետ, արդարադատության նախարար եւ այլն... հանկարծ մարդիկ սթափվեցին, հասկացան, որ ո՞նց կլինի՝ սոված ժողովրդի վզին ո՞նց կարելի է էսքան տուգանք դնել, ախր, տակից դուրս չեն գալիս: Մտածեցին-մտածեցին, որոշեցին բարեփոխումներ իրականացնել, մեղմել տուգանքների չափը, օրինախախտ, պարտքերից ճկռող վարորդներին մի քանի անգամ զգուշացնել, նոր պատժել, հո թշնամի չե՞ն, հայեր են, չէ՞... եւ հետո՝ հարյուրավոր վարորդներ դեռ չմարած միլիոնների հասնող տուգանքներ ունեն, ու, ոնց երեւում է, հույսները համաներման վրա դրած, չեն էլ վճարելու պարտքը: Այս թեմայի շուրջ վարչապետի ու արդարադատության նախարարի լրջմիտ, այսօրինակ անարդարությունից գրգռված խոսքը լսելիս մտածում ես. ինչ է՝ նրանց մտքի ու գիտակցության ինքնագնացները նո՞ր իջան Հայաստան, թե՞ հասկացան, որ մարդիկ երբեք չեն մարելու կուտակած պարտքերը, ուղղակի մի պարզ պատճառով, որ չեն կարող...
«Կատարված բարեփոխումներն» այս անգամ եւս սլացիկ կերպով շրջանցեցին մեքենայի տեխնիկական զննության ներկա խայտառակ երեւույթը` փակելով շորթման թեման: Հիմա հիշում ենք, որ, ըստ կառավարության, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 14-րդ հոդվածի տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում շահագործելը համարվում է ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման կարեւոր երաշխիքներից մեկը, հետեւաբար՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պահանջը հանելը կարող է հանգեցնել ճանապարհային երթեւեկության վթարների թվաքանակի աճի:



Հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես է Հայաստանում սկսվում եւ ավարտվում տեխզննման գործընթացը: Սկսվում է, իհարկե, տեխզննման համար նախատեսած գումարից, որ կամ տնտեսել ես, կամ պարտք ես արել, քանի որ հունվարի 1-ից, եթե կտրոնի բացակայությունը նկատեն, կտուգանվես: Այսպիսով վերցնում ես գումարը, գնում համայնքի թաղապետարան, որտեղ էլ հերթ կանգնելով՝ սկսում ես այն մաս առ մաս լցնել ՀՀ կրիմինալ իշխանության որկորը: Ավարտվում է նրանով, որ քեզ տեխզննման կտրոն են տալիս, որը պիտի փակցնես մեքենայիդ դիմապակուն: Վերջ: Այսքանը: Սրանով ավարտվում է տեխզննման ողջ պրոցեսը: Հենց նոր, կես վայրկյանում մեքենադ տեխզննեցին, իսկը ֆանտաստիկ ֆիլմ: Կապ չունի, թե ինչ մեքենա ես քշում, ինչով է մեքենադ քշվում՝ բենզինով, գազով, թեփով (գուցե մեքենա էլ չէ, ասենք՝ էշով սայլակ է կամ կավիճով գծած մեծ հետույք, միեւնույն է՝ ոչ ոք չի տեսնի), կարեւորը՝ այն ենթակա է երթեւեկության: Եղիր ուրախ եւ երջանիկ: Քշի՛ր՝ որքան սիրտդ կուզի: Վճարել ես, չէ՞: Ահա, կտրոնը դիմապակու վրա է: Հոգուդ պարտքը կատարել ես, էլ ի՞նչ: Հիշում եք, չէ՞, վերեւում հիշատակություն կար՝ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը (խնդրանքս՝ մեկ անգամ էլ կարդացեք): Իսկ մեր երկրում ինչն է շատ՝ օրենքը, չէ՞: Սա Հայաստանի այսօրյա իշխանության արտապատկերն է: Կոզբադինների ժամանակը, տեխզննման կտրոն վաճառողների անասնագոմ, բայց չափած-ձեւած, ամեն ինչ հաշվարկած, ամեն ինչ մտածած...



Արամ
ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image