Համացանցը պայթում է Ավակով-Սահակաշվիլի սպոնտան դուելից, որ կարծես նոր շունչ, թարմ արյուն է փոխանցել մարդկանց երեւակայությանը: Եվ այդ երեւակայությունն աշխատում է անխափան մեքենայի պես: Այս գողավարի դուելը, հնարավոր է, տարվա վերջին ամենազիլ բոցն էր, համենայնդեպս, վաղուց այսքան չէինք հրճվել, վաղուց քաղաքական դաշտում այսպիսի «հանճարեղ» լեզվակռվի ականատես չէինք եղել: Գրող, հրապարակախոս, նացիոնալ-բոլշեւիկյան կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, որը գաղութներում ու բանտերում ապրելու բավականին մեծ փորձ ունի եւ այնտեղի բարքերին քաջատեղյակ է, իր անձնական էջում գրում է. «Երեկ դիտեցի Ավակով-Սահակաշվիլի բախման կադրերը, բացականչությունները՝ «գո՛ղ, գո՛ղ»… նման վիրավորանքներ նույնիսկ գաղութում չես լսի: Ես նստել եմ երեք գաղութում, ու էնտեղ ինձ հետ նստած էին ավելի բարեկիրթ ու արժանապատիվ մարդիկ: Էս ձեւով գզվռտվե՞լ: Սա ցածրորակ հարիֆների ոճ ա: Տեղի ունեցավ ուկրաինական իշխանության գողականացում, բայց ամենաստորին մակարդակում: Արժանապատիվ կրիմինալն իրեն նման ձեւով չի պահի: Ուղղակի էս հարիֆների հարգը ցածր ա, սրանք ընդհատակի չմոներից են»:
Իհարկե, Լիմոնովն արժանապատիվ կրիմինալի հարցում ճիշտ է: Գողավարի ապրող տղերքը երբեք հանրության առաջ նման կերպ իրենց չէին պահի: Ծագած հարցերն ու վիրավորանքները կլուծվեին ավելի ծածուկ, սովորական մահկանացուների, պաշտոնական անձանց աչքից հեռու մի վայրում: Այսպիսի վիրավորանքների համար հանցավոր աշխարհի ներկայացուցիչները թաղում են իրար, առնվազն կողմերից մեկին զոհ են տալիս: Այդ իսկ պատճառով ուկրաինական իշխանությունը, եթե սկսել է գողավարի ապրել, ուրեմն պիտի մինչեւ վերջ գնա ու այս երկուսից մեկի հարցերն արագ լուծի: Այլ տարբերակ չկա, քանի որ միլիոնավոր մարդկանց աչքի առաջ մի վայրկյանում դիմակները պատռվել են: Հայաստանում էլ ավակովասեր հայերն ազգային սնապարծություն ու վայելք են ապրում. «Մեր հայը լավ տշեց, չէ՞, սրան»:
Թե մեր հայը ով է, այդպես էլ պարզ չէ: Մարդիկ ուկրաինացի լինելու համար իրար կոկորդ են կրծում, դուք ասում եք. «Մեր հայը, մեր Ավակովը, մեր դուխով տղեն»: Ու իսկապես, մարդիկ ուկրաինացիներ են, Ուկրաինայի քաղաքացիներ ու դոշ են տալիս ոչ թե Հայաստանի կամ Վրաստանի, այլ Ուկրաինայի համար: Իրար գող, հանցագործ, թափթփուկ անվանելով՝ «ուզում» են բարելավել իրենց երկրի կյանքը: Մեծ ու դրական ցանկություն: Հետո՞ ինչ, թե էդ ամենը գողավարի են անում կամ քաղաքավարի: Սրանք գոնե չեն թաքցնում իրենց ցածր հարգը, իսկ մենք մի օր, գոնե մի օր հայաստանյան ներկա իշխանության գողավարի ապրող տղերքի գզվռտոցը տեսնելու բախտ էլ չունեցանք: Վատ չէր լինի, որ, ասենք, մի օր մեր երկրի լուսավոր ապագայի համար Լիսկան ու Գալուստն անխնա հագնեին իրար ու… Անբախտ ենք, էլի, հո զոռով չի՞: