Նախօրեին Լոս-Անջելոսում կայացել է «Օսկար»-ից հետո ամենահեղինակավոր համարվող՝ «Ոսկե գլուբուս»-ի մրցանակների հանձնման 73-րդ արարողությունը: Բևեռլի Հիլզի շքեղ հյուրանոցներից մեկի դահլիճում հավաքվել էր ողջ Հոլիվուդյան վերնախավը: Մրցանակներ հանձնվեցին անցած տարվա կինեմատոգրաֆիական արդյունքներով՝ 25 անվանակարգերում:
Լեոնարդո դի Կապրիոյի գլխավոր դերակատարմամբ մեքսիկացի անվանի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտոյի նոր ֆիլմը` «Փրկվածը» հաղթող ճանաչվեց «լավագույն ռեժիսուրա»-ի անվանակարգում: Այդպիսով, Ինյարիտոն նույն մրցանակին է արժանանում երկրորդ տարին անընդմեջ: Նախորդ տարի նրան դա հաջողվեց իր «Բերդմեն»-ի շնորհիվ, որը հետագայում նաև «Օսկար»-ի արժանացավ նույն անվանակարգում, նաև ճանաչվելով տարվա լավագույն ֆիլմ:
Ի՞նչ կլինի այս անգամ: Կհաջողվի՞ արդյոք վերջին տասնամյակների ամենաինքնատիպ կինոստեղծագործողներից մեկին այս տարի էլ կրկնակի մրցանակակիր դառնալ: «Փրկվածը» արդեն կինո քննադատների, կինոգետների և կինոսիրողների կողմից չափազանց դրական գնահատականների է արժանացել, բուռն արձագանքներ ունեցել:
Կինոաշխարհն այս օրերին քննարկում է մեկ այլ կարևոր հարց (չնայած այդ հարցը քննարկվում է պարբերաբար գրեթե ամեն տարի՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխությունից առաջ)՝ կհաջողվի՞ գոնե այս տարի դի Կապրիոյին արժանանալ այդ բաղձալի արձանիկին: Հիշեցնենք, որ Լեոնարդո Դի Կապրիոն այն եզակի հոլիվուդյան գերաստղերից է, ով երբեք «Օսկար»-ի չի արժանացել:
Լ.Գ.