«Փրկվածը»
Մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, շարունակելով հոլիվուդյան իր ոդիսականը, սեւ հումորի ժանրում նկարահանած «Բյորդմենից» հետո առաջարկում է թերեւս իր ամենավերջին ֆիլմը՝ «Փրկվածը» (գլխավոր դերերում՝ Լեոնարդո Դի Կապրիո, Թոմ Հարդի): Այս օրերին ֆիլմը համակ ուշադրության է արժանանում նաեւ որպես «Օսկար» մրցանակի գլխավոր հավակնորդ: Ինյարիտուի կարծիքով, ֆիլմում գլխավոր գործող անձանց մարմնավորած Դի Կապրիոն եւ Թոմ Հարդին ներկա պահին աշխարհի լավագույն դերասաններն են, որոնք իրենց վարպետությամբ ֆիլմին պոեզիա են հաղորդել: Ինչպես Ինյարիտուն, այնպես էլ Լեոնարդո Դի Կապրիոն (որը, ինչ խոսք, փափագում է վերջապես ստանալ այդքան ցանկալի ոսկեփայլ արձանիկը) իրենց հարցազրույցներում նշում են, որ «Փրկվածը» ֆիլմը ցույց է տալիս սոսկալի պայմաններում մարդկային արիության ներուժն ու կյանքի հանդեպ մեծ սերը: Վերջապես օրեր առաջ «Մոսկվա» կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո ուզում եմ կիսվել ստացածս տպավորությամբ:
Ինյարիտուն
Երեկ ընկերս, որը նույնպես դիտել է ֆիլմը, ասաց, որ «Փրկվածը» Ինյարիտուի՝ Հոլիվուդում իր գործունեությունը շարունակելու վերջին շանսն է, եւ եթե ֆիլմն «Օսկար» մրցանակի չարժանանա, նրա համար ամեն ինչ կավարտվի: Եվ ինչո՞ւ: Որովհետեւ այս ֆիլմը (իր էության պատճառով) ի զորու չէ ցուցադրումներից մեծ գումարներ հավաքել: Մեծ հաշվով, Ինյարիտուն հոլիվուդյան ստանդարտներին չհամապատասխանող ֆիլմ է նկարել: Աշխատել է ընդդեմ Հոլիվուդի: Ես իմ հերթին Ինյարիտուի ստեղծագործական ընթացքի վերաբերյալ ֆիլմը դիտելուց հետո մի քանի բան եմ եզրակացրել.
1. «Փրկվածը» պարզապես ռեժիսորի հերթական ֆիլմն է, որտեղ նոր գաղափարների, նոր որոնումների հետքեր չկան: 2. Ինյարիտուի մոգական կամ, ավելի ճիշտ՝ մեքսիկական միստիկ ռեալիզմին հոգեհարազատ մասնիկները թեեւ ֆիլմի ընթացքում հայտնվում էին, սակայն բավական քիչ քանակությամբ: 3. Ինյարիտուի իմպրեսիոնիստական տաղանդն ու դրա նուրբ երեւումները հմայում են իրենց ողջ վեհությամբ: 4. Ինյարիտուն ֆիլմը կառուցում է ոչ թե ֆրագտենտալ ոճով, այլ սյուժետային միագիծ ընթացքով, որն ավելի ճնշող է:
Դի Կապրիոն եվ Թոմ Հարդին
Թվում է՝ ֆիլմի սյուժետային գիծը (սյուժեն միտումնավոր չեմ ուզում ներկայացնել, որ դիտումն ավելի հետաքրքրական լինի) հենց սկզբից այնպիսին էր, որ դերասանական խաղը մինիմալիզմի էր հասնում: Դի Կապրիոյի խաղը ֆիլմում առհասարակ բացակայում էր, կար միայն նրա ներկայությունը, ժեստի ու դիմախաղի արտանետում, որը, իհարկե, ինչ-որ ուրույն բան կարողանում է փոխանցել: Եթե այսօրինակ «խաղի» համար (ասենք՝ արջի հետ մենամարտելու դրվագի կամ սառնամանիքին ձիու որովայնի մեջ մտնել-քնելու համար) իր կյանքում առաջին անգամ Դի Կապրիոն արժանանա «Օսկարի», ուրեմն կարելի է մտածել, որ Հոլիվուդում իսկապես մի դրական տեղաշարժ կա: Նույնը Թոմ Հարդիի պարագայում․ իսկապես նրան հաջողվել էր հոլիվուդյան ֆիլմերում հայտնվող ագահ, փողասեր ու դաժան տականքի համահավաք կերպար կերտել: Եվ այդքանը:
Ֆիլմի օպերատոր Էմանուել Լյուբեցկին
Այս ֆիլմը դիտելուց հետո անցյալի հռչակավոր գեղանկարիչներ, նաեւ որոշ լուսանկարիչներ Լյուբեցկուն կհամարեին իրենց հոգեւոր եղբայրն ու թաց աչքերով կգուրգուրեին նրան: «Փրկվածը» ֆիլմում բնության շնչարգելության չափ ապշեցուցիչ ու գեղեցիկ (թերեւս այլ բառ չեմ գտնում բնորոշելու) կադրեր կան: Ֆիլմը նկարահանվել է բնական լուսավորության ներքո, որն էլ իր հետաքրքիր երանգավորումներն է բերել: Եվ, ահա, բնապաշտներն անչափ բարձր կգնահատեն օպերատորի աշխատանքը․ բնության այսպիսի փառաբանում:
Բռնությունը եվ ձանձրույթը
Ասում են, որ «Փրկվածի» վերաբերյալ հիմնական դժգոհությունները բռնության տեսարաններից են ծագում: Իհարկե, Ինյարիտուի ֆիլմում քիչ չեն դրանք: Սակայն վեսթերն-թրիլլեր ոճում նկարահանված մեղմաբարո ֆիլմեր հիմնականում շատ չեն լինում: Եվ վերջում ֆիլմի ամենաձանձրալի հատվածը՝ ինքնին ձանձրույթն է: Զգացողությունը, որ ինչ-որ բան ճիշտ ժամանակին չի ավարտվում եւ հաջորդ բանը ճիշտ ժամանակին չի սկսվում:
Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ ներկա պահին ֆիլմը ցուցադրվում է երեւանյան մի քանի կինոդահլիճներում: