Իր վենետիկյան էսսեի մեջ Իոսիֆ Բրոդսկին այսպիսի տողեր ունի. «Մարդն այն է, ինչ տեսնում է»: Այդպես էլ մեր քաղաքն է: Վերջին տարիների Երեւանը մենք ենք, մեր դիմագիծն է՝ այլանդակված, փլփլված, բիբի ու հոգու համար անհաճո: Բարձրադիր կետերից հայացք նետեք Երեւանի համայնապատկերին ու տեսեք այն ահռելի, ողբերգական փոփոխությունները, որ կրել է մեր քաղաքը, հետեւապես՝ մեր կյանքը:
Առանձին ճարտարապետություն, մշակութային խորը հետքեր թողած ժողովուրդները հայտնի են եղել իրենց հռչակավոր քաղաքներով, որոնք արտանկարներն էին հոգեւոր, փիլիսոփայական ու գիտական անընդհատ աշխատանքի: Ժամանակին մենք դասվել ենք այդ ժողովուրդների շարքը, ընդունվել որպես այդպիսին՝ Արտաշատով, Դվինով, վերջապես՝ Անիով, որ առայսօր իր փառահեղ բովանդակությամբ ու առեղծվածային ճակատագրով իսկական գլուխկոտրուկ է դարձել: Մեր լավագույն քաղաքները՝ իրենց ոգեղեն շինություններով, կազմված էին մեր ավանդույթների, կրոնի, խոհերի, պարզ առօրյայի բջիջներից, այսինքն՝ հայելիներն էին մեր գոյության, եւ եթե քարը, կառույցները պատերազմներից ու երկրաշարժերից ավերվում էին, այնուհանդերձ, ճարտարագիտական ողջ համակարգը մնում էր ժողովրդի հիշողության մեջ եւ միանգամից ողջ զորությամբ դրսեւորվում, երբ խաղաղության կարճատեւ ժամանակափուլ էր տրվում:
Թամանյանի, Հալաբյանի, Մազմանյանի, Իսրայելյանի, Կիրակոսյանի եւ նոր շրջանի մեր մյուս ճարտարապետների տաղանդը, ձեռագիրը, նրանց լինելիությունը պայմանավորված էին խորը ավանդույթներով, որ բխում էին եւ համաշխարհային, եւ հայ ճարտարապետության խոշոր ավանդույթներից, դրանց համեմատությունից, հակադրությունից:
Այսպիսի ճարտարապետներից ժառանգելով Երեւանը, որ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն էր, այդ ավանդույթներից ու նոր գաղափարներից բացարձակ զուրկ (վատ իմաստով) ցածրորակ արհեստավորների խումբը, որոնց մեջ մտնում են նախագահներ, քաղաքապետեր, պատգամավորներ, այլեւայլ դուրսպրծուկներ, շատ կարճ ժամանակում կործանեցին այն իսկականն ու լավագույնը, որով առանձնանում էր Երեւանը:
Փաստ է, որ քաղաքը կորցրինք այս մարդկանց անարժեքության ու անգրագիտության պատճառով: Նրանք ավանդույթներ չեն կրում: Նրանց համար աչքը, լսողությունը, մյուս զգայարանները վաղուց չեն աշխատում ու ծառայում են միայն որկորի համար: Թե ինչպիսի տեսք ունի եւ պիտի ունենա Երեւանը, ինչպես պիտի պահպանվի... այսպիսի մտորումներն ու հարցադրումները հազարավոր կիլոմետրերով հեռու են նրանցից... Մարդիկ, ովքեր, համոզված եմ՝ ճամփորդում են աշխարհով մեկը, տեսել են Հռոմը, Վենետիկը, Ժնեւը, Լվովը, հարեւան Թբիլիսին եւ այլ բազում քաղաքներ, տեսել են ու առանց ամոթի վերադարձել նույն բթամիտ ու նողկալի դեմքերով... Առանց ամոթի, որ իրենց հանցավոր գործունեության արդյունքում Երեւանը վերածել են գավառական, սպառողական հասարակարգերին հատուկ մի մուտացիայի՝ ցածրակարգ հյուրանոցներով, գռեհիկ ու փնթի հացատներով, ամայի բարձրահարկերով... Դուրս են մղել վերոնշյալ բացառիկ քաղաքների շարքից: Եվ, իհարկե, ճամփորդելն ու տեսնելը դեռ ոչինչ չեն նշանակում: Սքանչելի քաղաքներն ի՞նչ պիտի փոխեն Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովիկ Աբրահամյանի մտավոր աշխատանքի մեջ, ի՞նչ պիտի ավելացնեն, ի՞նչ է նրանց համար Երեւանը, եթե ոչ՝ մի տարածություն, որի հողերը դախլչիներին վաճառելով, կարելի է բավականին մեծ գումար աշխատել:
Կոստան Զարեանը 20-ականների Երեւանի մասին «Անցորդը եւ իր ճամբան» համայնավեպի մեջ մի այսպիսի տխուր միտք ունի. «Երեւանը ոչ գյուղ է, ոչ քաղաք»: Համարյա մեկ դար անց այս տողերը, ցավալիորեն, ճշմարիտ են հնչում: