Քաղաքի կենտրոնը
Քանի որ այս քաղաքը, որպես կենտրոն, այդպես էլ մինչեւ վերջ չկայացավ, ապա հետզհետե սկսեց կորցնել եւ իր կենտրոնը:
Քաղաքի կենտրոնում, գուցե հենց այն պատճառով, որ այդ կենտրոնն այժմ չկա, ամեն ինչ թվում է առավել քան վաղանցիկ, անիրական ու արհեստածին, ու այդ պատճառով` կեղծ ու մահազդու: Այստեղ աներեւակայելի հեշտ է զոհվելը` հանուն գաղափարի, դժբախտ պատահարից եւ կամ մի այլ բանից` փույթ չէ… եւ կամ` առանց ապաշխարանքի ապրելը: Քաղաքի կենտրոնում կարծես միշտ ուրիշն է ապրում քո փոխարեն եւ ամեն օր մի բան աննկատ մեռնում է եւ երբեմն միայն նույնքան աննկատ` ծնվում: Քաղաքի կենտրոնը կամաց-կամաց նմանվում է պտտանիվից դուրս թռած սռնիի:
Կենտրոնում, ավելի սուր, քան մի այլ տեղ, հանկարծ զգում ես, որ այս քաղաքն ինքն իր խորքում արդեն կորցրել է ինքն իրենից դուրս գալու բոլոր վայրերն ու ազատ եւ կամ գողտրիկ անկյունները…
Իսկ լայնածավալ ու անթափանց ապակիներով մեքենաները խոլ ու շփերթ սուրում են թաղված-ասֆալտապատ գետի վրայով:
«Գրահավաքը» գրքից