Հասարակություն

Հանրային էկզեկուցիա

Հանրային էկզեկուցիա

Ուշ թե շուտ մենք համացանցային տարածությունում ականատես կլինենք եւ արդեն ականատես ենք հանրային էկզեկուցիաների մի անվերջանալի շարանի, երբ պետության արդարադատության մարմինների գործառույթներն իրենց վրա են վերցնում մարդկային բառիս ամենավատ իմաստով ամբոխներն ու քառատում եւ հանցագործություն կատարած անձանց, եւ տուժողներին ու զոհերին: Առաջին հերթին սա մի բան է նշանակում՝ մենք ապրում ենք ոչ թե պետության, այլ ախոռի մեջ, որտեղ քաոսային անսահմանափակ ազատություն է տրված՝ ով ցանկանա, կարող է թամբել իր ուզած ձին, քաշել ու թուլացնել նրա սանձերը: 



Արդարեւ հանրային հնչեղության հանցագործություն է կատարվել, կան կասկածյալներ, կան տուժողներ, կա արդարադատություն իրականացնող պետական մարմին, գործում է անմեղության կանխավարկածը (որը մեզ մոտ վաղուց չի գործում), նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն… Այսպիսով ո՞րն է մեր՝ քաղաքացիներիս, ստանձնած դերակատարությունը՝ հանրության առջեւ ու հանուն հանրության սփռել, տարածել մեր փաստականությունից ու օբյեկտիվ տրամաբանությունից զուրկ, ապաշնորհ ու անմարդկային կարծիքները, մեկնաբանությունները, ռեպլիկները: Այսօր մի բան արդեն իսկ ակնհայտ տեսանելի է՝ մարդ դատավարության է ենթարկվելու ոչ միայն իշխանության կողմից, այլեւ իր եղբայրների ու քույրերի… Սա նույն մեթոդներով կրկնակի, սարսափելի դատավարություն է, որը երբեք չի վերանայվելու: Գոնկուր եղբայրների օրագրում այսպիսի նախադասություն կա. «Մարդկության պատմությունն ընդամենը մի դատավարություն է վերանայել՝ Հիսուս Քրիստոսինը»… Ուստի ոչ ոք թող հույս չունենա, թե իր անցյալը, իր ճակատագիրը, մահը, անգամ մարմինն այս համացանցային ու հանրացանցային աշխարհից ըմբռնումով է հեռանալու… Չէ՞ որ դիմացինի հանդեպ մարդկային, քաղաքակրթական պատասխանատվության պահանջն անդրդվելիորեն հեռանում է մեր գիտակցությունից: Քանիսի՞ն կարող ես խնդրել աչալուրջ լինել, հիմարություններով ու պիղծ կարծիքներով ու գրառումներով չողողել հանրային դաշտը, որ այդ ամենը կարող է մեծ վնաս հասցնել եւ կասկածյալներին, եւ տուժողներին, վնաս հասցնել մեր հոգեվարքող անձնական կյանքին ու գիտակցական համակարգին… Վերջապես մեկը չէ, երկուսը չէ՝ զանգվածներ են, հիազմայլության ռիթմի մեջ թավալվող բանակ, անվերջ նոր զոհի փնտրտուքներում վայրենացած գոյացություններ:



Ծննդկան է մահացել, կա կասկածյալ, կատարվում է նախաքննություն, բայց մենք հանգիստ չենք տալիս ոչ երիտասարդ կնոջը, որ մահացավ, ոչ կասկածյալին՝ ամեն վայրկյան ասեղնահարելով լուսանկարները, պարզելով տեսաձայնագրություններ, հանգամանքներ ու իրադարձություններ… Սա պարզապես հանրային էկզեկուցիա է… Ինչո՞ւ ենք սա անում… Այս հարցի պատասխանը ես չունեմ, չեմ գտնում: Պիտի մի օր հասկանա՞նք, որ պետության մեջ (այն էլ մեր ունեցած ներկա համակարգի) մարդկային, ցավոք, դժբախտություններ լինում են, ու բնավ պարտադիր նախապայման չէ դժբախտությունները համազգային տրամախոհության ու համազգային ողբասացության վերածելը: Իհարկե, անվերապահորեն մենք պարտավոր ենք խոսել մարդկային կյանքերը խլող բարձիթողի նախապատճառների մասին, քննադատել, վեր հանել դրանք, բայց պարտավոր ենք նաեւ սթափ լինել, մեր կույր կարծիքները չվերածել բռնության նոր աղբյուրի (ես ամաչում եմ, երբ «մենք»-ով եմ դիմում, բայց ուրիշ տարբերակ չունեմ) եւ պարտավոր ենք առաջնայնություններ շեշտադրել մեզ համար: Այսօրինակ պարտավորությունները թող որպես ցանկություններ հնչեն, որոնք գուցե նորմատիվ իրավական ակտերում սահմանված չեն, սակայն օդուջրի նման հարկավոր են մեզ, քանի դեռ ինչ-որ բան փրկելու հույս կա:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image