Հատված Գուրգեն Մահարու «Երիտասարդություն» անավարտ վեպից
…Նույն Երեւանն էր իր միակ փողոցով, որն Աստաֆյան է կոչվել, որի վրա՝ երկու հայկական եկեղեցի եւ երկու հիվանդանոց: Կան երկու հարկանի եւ մի հարկանի սեւ քարե տներ ու տներ՝ մի-երկու հարկանի՝ հողե տափակ կտուրներով, կողք կողքի:
Աստաֆյան փողոց, հետո՝ Աբովյան: Նա թափով իջնում է վար, կարճ ու երկար ճյուղեր նետում աջ ու ձախ եւ ավարտվում փոքրիկ մի հրապարակով, որի վրա «Ապոլլո» միակ կինոթատրոնն է՝ քաղաքային ժամացույցով: Կինոթատրոնի հարյուր քսան թե հարյուր քսանմեկ տեղանոց դահլիճի խունացած էկրանի վրա գրվում է. - Չէ՞ որ ես ձեզ նախազգուշացրի… իսկ դուք…։ Հետո Չարլի Չապլինն է անցնում մեծ քաղաքի աղմկոտ փողոցով, փոքր բեղերով եւ անբաժան գավազանով: Քամին թռցնում է նրա գլխարկը:
Թվում է, թե նա չի նկատում եւ շարունակում է քայլել: Բայց ահա… ձեռնափայտով նա բարձրացնում է անցորդներից մեկի գլխարկը եւ իջեցնում իր գլխին: Առաջին կարգերում նստած կոշիկ մաքրողները, ջրավաճառներն ու ընդհանրապես լյուպմեն պրոլետարները զվարթ ծիծաղում են, - հի՛-հի՛, հա՛-հա՛: Բայց պատահում է, որ նկարի ցուցադրումը խանգարվում է, խափանվում, շարժուն փողոցն ու Չարլի Չապլինն անշարժանում են էկրանի վրա, հետո տիրում է խավար, ապա վառվում են դահլիճի գունատ լույսերը, իսկ առաջին կարգերի հանդիսականները զիլ ճչում են.
- Սապո՛ժնիկ, փինաչի՛…
Պիտի ասել, որ այս առաջին կարգի հանդիսականները չափազանց անմիջական են, զգայուն ու հասկացող: Երբ Մոզժուխինը համբուրում է սիրած աղջկան, նրանք մեծ ախորժակով չփացնում են իրենց շրթունքները, մասնակցելով դերասանի ըստ երեւույթին համով եւ բուրող համբույրին: Կինոյում՝ այս ոչինչ, Մոզժուխինին չի շփոթեցնում կամ վրդովում սրտամոտ հանդիսականների «օգնությունը», բայց ահա, երբ նա ձեռքով գրկեց Դեզդեմոնայի իրանը, մոտեցրեց իրեն եւ համբուրեց, թատրոնի վերջին շարքում նստածները հասան օգնության. չը՛փ-չը՛փ… Օթելլոն թողեց Դեզդեմոնային, երկու քայլ արեց դեպի բեմի առաջամասը եւ ասաց վրդովված Զարիֆյանի ձայնով.
- Պարոններ, այս դահլիճում նստածներից ոմանք մոռանում են, որ իրենք գտնվում են թատրոնում եւ ոչ թե փողոցում: Նմաններին խնդրվում է ազատել դահլիճը…
Նման բանե՜ր…