Մշակույթ

Տարանտինոյի նոր ֆիլմը

Տարանտինոյի նոր ֆիլմը

Արյան սակավությունը Տարանտինոյի ֆիլմերում զարմանք է հարուցում, մանավանդ, երբ դրա համար կան հիմնավոր պատճառներ: Նրա վերջին վեսթերնում՝ «Զազրելի ութնյակում», դուրսպրծուկների, հանցագործների եւ իրենց բացառիկ ապուշությամբ աչքի ընկնող գլխավոր հերոսների շքախումբը, կրկնում եմ, ունենալով արյուն թափելու լիքը առիթներ, սպասում է ֆիլմի ավարտական դրվագներին՝ չդավաճանելով իրենց ռեժիսորի առանձնացող ոճին: Առհասարակ, «Զազրելի ութնյակում» Տարանտինոն ինքնահղումների շատ է դիմում՝ հիշեցնելով եւ իր ձեռագրի, եւ անցյալում նկարահանված ֆիլմերի մասին:



Իսկ «Զազրելի ութնյակը» վերապատմելը գրեթե անհնար է, քանի որ մեծ հաշվով ֆիլմում պատմություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Գլուխների բաժանած դրվագները պատկերում են «անձանց». որը՝ ավազակ, որը՝ ոստիկան-ավազակ, որը՝ կառապան-ավազակ, մի տանիքի շուրջ հավաքվելու վիճակը, որն էլ, ըստ այդ «անձանց» հակումների, անվերապահորեն, ինչպես միշտ, ավարտվում է արյան գետերով: Եթե նախորդ ֆիլմերում Տարանտինոն փայլում էր իր սրամտությամբ, պոստմոդեռնիստական հեգնանքի ու մեծ խաղի փիլիսոփայությամբ, բարձրացնելով նաեւ սոցիալական ու հասարակական-քաղաքական զգայուն խնդիրներ, ապա «Զազրելի ութնյակը» պարզապես հիշատակումն է այդ վառ անցյալի: Այս անգամ Տարանտինոն իսկապես ստեղծել է ձանձրալի ֆիլմ, եւ, իհարկե, «Զազրելի ութնյակում» ձանձրույթը ոչ մշակութաբանական եզր է, ոչ էլ նոր շերտեր բացահայտող փոխաբերություն: Սակայն այս հետաքրքիր երեւույթը (ֆիլմում կարծես ամեն ինչ արված է, որ դիտողը երկու ժամ անվերջ վերհիշի սիրելի ռեժիսորի նախկին սիրելի կտավներում տեղի ունեցած անմոռանալի դեպքերը, երկխոսությունները, հումորները, եւ այսպես շարունակ) Տարանտինոյի հայտնագործությունն է, խորամանկորեն պատրաստած որոգայթը, հետեւաբար, իսկապես մտահղացումն ամբողջովին ստացվել է: 



Վեսթերն-թրիլլեր ժանրն ունի որոշակի ներքին հատկություններ, դրամատուրգիական հնարներ, հստակ կանոններ, որոնցով էլ գոնե մասամբ ուղղորդվում են ռեժիսորները: Չեմ կարող ասել, թե Տարանտինոյի ֆիլմը որքանով է անդավաճան մնացել ժանրի սկզբունքներին, սակայն Տարանտինոն տարանտինոյականությանը անհավատարմության մեջ դժվար թե մեղադրի: «Զազրելի ութնյակն» այն դեպքերից է, երբ մտածում ես. «Ռեժիսորը կամ հոգնել է, կամ մտովի ծերացել», ուստի միակ փրկությունն ինքնահիշատակումն է այն լավ ու փայլուն օրերի, որոնք հեռվում են մնացել: Եվ իր արվեստի անցյալն արձանագրելու այս հույժ կարեւոր արարքը Տարանտինոն հրաշալի է իրացրել… Մնում է մինչեւ վերջ դիմանալ ու դիմադրել, ապա դուրս գալ կինոդահլիճից՝ «դե, Տարանտինոն էր, էլի» մի ֆլեգմատիկ դարձվածքով…Բարի դիտում…



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image