Կոպոկաբանա լողափի, Պելեի, Ամադուի, թռչող փամփուշտների, ֆավելաների երկիրը երեւանյան սրճարան է մտնում պատահաբար, ծանոթ ընկերոջ ցանկության միջով, որը բարեւում է ու միանգամից հայտնում իր Բրազիլիա արտագաղթելու (գնալու) ծրագրի մասին:
«Ու ինչի՞ Բրազիլիա»:
«Նախ՝ վիզային գոտուց հանել են, էդ արդեն գժական առավելություն ա, հետո՝ մի տեսակ Բրազիլիան ա, էլի, համ անունն ա կայֆ, համ երկիրը՝ արեւոտ: Թեկուզ, եթե մնալու տեղ չունենաս, հանգիստ կարաս Ատլանտյան օվկիանոսի ափին ապրես, քո համար պառկես՝ ջրին նայես, մեկ-մեկ ձուկ-մուկ, կոկոս-մոկոս ուտես ու տենց…»:
Անգործությամբ գործողությունների այս շարանն այնքա՜ն համահունչ է երեւանյան առօրյային: Մեզ մոտ նույնպես ընդամենը աննշան փոփոխություններով կարելի է հասնել նույն հոգեզմայլանքին, պարզապես Ատլանտյան օվկիանոսին կփոխարինի Թոխմախի գյոլը, օվկիանոսային վառ ձկանը՝ տեղական կողակը, կոկոսին՝ դեմիրճյան խնձորը:
Կոմպրոմիսն այդքան էլ ողբերգական չէ: Եվ եթե մտածենք ու հաշվի առնենք, որ Երեւանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկն է, իսկ, օրինակ, Ռիո դե Ժանեյրոն աշխարհի ամենավտանգավոր քաղաքներից մեկը, որտեղ հաճույքի ամենացնցող պահին հնարավոր է մի թափառող փամփուշտ մխրճվի կոկորդիդ մեջ... ահա, նման պարագայում մեր քաղաքամայրը, փաստորեն, ծանրակշիռ առավելություն է ձեռք բերում:
«Գլուխդ առնես՝ գնաս: Օդանավակայանում ոչ ոք չդիմավորի, ոչ մի ծանոթ-բարեկամ չունենաս... Էսա ուզածս, ու Բրազիլիան հաստատ տենց տեղ ա»:
«Դժվար կլինի շատ: Ո՞նց ես գործ գտնելու, ի՞նչ ես անելու»:
«Կարեւորը Բրազիլիա հասնելն ա, մնացածը արագի մեջ կկարգավորեմ, մի տեղից մի բան կկպցնեմ՝ կապրեմ: Հիմա պիտի տոմսի փող ճարեմ»:
Հետո, երկար լռության մեջ, անցնում ենք սուրճ խմելուն, որ գուցե բրազիլական է կամ մի քանի հարյուր կիլոմետր դեպի հարավ՝ ուրուգվայական: Կարեւոր չէ:
«Բայց ինչի՞ ես ուզում գնաս»:
«Ասե՞մ... Մեր ժողովրդից զզվել եմ, մինչեւ կոկորդս զզվել եմ ու ինձնից էլ եմ զզվել, Բրազիլիայում կորելը մի վայրկյան ա, ուզում եմ կորեմ, լրիվ կորեմ»:
Հաշիվը փակում՝ դուրս ենք գալիս: