Փետրվարի 5-ին «Հրապարակ» օրաթերթի կայքում տեղադրված «Ֆեյսբուք կամ բարուց եւ չարից անդին» հոդվածիս առնչությամբ կարդացի ֆեյսբուքյան օգտատեր «Եղբայրներ Փիլոսյան»-ի մեկնաբանությունը: Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այսօրինակ արձագանքի համար, որն ընթերցելուց հետո ցանկություն առաջացավ շարունակել թեմայի շուրջ սկսված խոսակցությունը:
Դուք գրում եք. «Ձեր մտահոգությունը հասկանալի է, բայց մտորումների ընթացքը՝ ոչ: Ձեր գրածը պարզապես ՀԻՆ եւ ՆՈՐ մտածելակերպերի «բախման» տիպիկ օրինակ է: Ուրիշ ոչինչ: Եթե բանուգործներս թողած նստենք ու մտածենք, որ ՖԵՅՍԲՈՒՔԸ «պարապ վախտի խաղալիք» է (ժամանակի անիմաստ վատնում), ապա այդ դեպքում ի՞նչ է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ (անիմաստ սերիալներ, ծեծ ու ջարդ, լաց ու թաց եւ այլն)... ՀԵՌԱԽՈՍԸ (շատ դեպքերում՝ անիմաստ երկխոսություն կամ մենախոսություն եւ այլն)... ԳԻՐՔԸ (շատ դեպքերում՝ իրական կյանքից կտրված անիմաստ գրականություն... անիմաստ դասագրքեր եւ այլն)...»:
Դիցուք, եթե անգամ իմ գրածը «Պարզապես ՀԻՆ եւ Նոր մտածելակերպերի «բախման» տիպիկ օրինակ է», կարծում եմ՝ դրա վերսկսումը եւ անհրաժեշտությունը միանշանակ կա, այլապես չէր ծնվի ոչ իմ հոդվածը, ոչ Ձեր մեկնաբանությունը: Առանց Ձեր նշած հնի ու նորի ««բախման» տիպիկ օրինակի» ես ընդհանրապես չեմ պատկերացնում մեր քաղաքակրթության ավելի բարվոք ու խոհեմ ապագան: Միթե հենց այդ «բախման» արդյունքից չեն ծնվել աներեւույթ թվացող ճանապարհներն ու հետաքրքրական մտքերը:
Եվ չեմ հասկանում, առհասարակ, մտածելակերպի «հին ու նոր» լինելու հղացքը (օրինակ, եթե բացարձակ դրական մոտենայի Ֆեյսբուքին եւ բոլոր կողմերից ողջունեի նոր տեխնոլոգիաները, ապա ի՞նչ, «նոր մտածելակերպի» կրո՞ղը կլինեի): Եթե ներկայում միասին մտածում ենք, եւ եթե մեր մտածելու ԿԵՐՊԵՐՆ են տարբեր, ուրեմն գոյություն չունի «հին ու նոր» մտածելակերպ:
Գրում եք. «Եթե բանուգործներս թողած նստենք ու մտածենք, որ ՖԵՅՍԲՈՒՔԸ «պարապ վախտի խաղալիք» է...»:
Բանուգործ թողնելն ու մտածելը թվացյալ անկարեւոր բաների մասին, հնարավոր է, ավելի կարեւոր մի Բան է, քան այդ «բանուգործը»: Այսօր բավականին լուրջ գիտնականներ (հենց նոր տեխնոլոգիաների հիմնադիրներից) ծավալուն գրքերով ու վերլուծություններով հանդես են գալիս՝ քննադատելով Ֆեյսբուքի եւ մյուս սոցիալական կայքերի Ձեր նշած «պարապ վախտի խաղալիք» լինելու դրությունը: Եվ հետո՝ իմ հոդվածում Ֆեյսբուքը բնավ չեմ դիտարկել որպես «պարապ վախտի խաղալիք», այլ խոսել եմ մարդկային գիտակցության ու կյանքի վրա դրա ավելի շատ բացասական ներազդեցության որոշակի արդյունքների մասին (իհարկե, ելնելով իմ անձնական փորձառությունից ու դիտողականությունից): Հեռուստացույցը, հեռախոսը, գիրքը, Ֆեյսբուքը... մեր օրերում են, որ հայտնվել են բուռն կապիտալիզմի նույնականության հարթակում: Եթե մարդկային «պարապությունից» կամ ազատ ժամաքանակի ավելցուկից ծնվեցին ռադիոն ու հեռուստատեսությունը, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ դրանց դերը միայն ժամանց ապահովելն էր: Փաստ է, որ նացիստական գաղափարախոսության այդպիսի վերելքի ու տարածման գլխավոր մեղավորը դարձավ ռադիոն: Իսկ հեռուստատեսությունը եղել ու մնում է սոցիալիզմի ու կապիտալիզմի քարոզչության ծանր հրետանին: Գիրքը կատարելապես այլ տարածություն է (կամ տարածություն էր): Չեմ կարծում, թե Լեւ Տոլստոյն ու Դեւիդ Ֆոսթեր Ուոլեսը գրում էին, որ մարդկանց լավ ժամանց ապահովեին, իրենց վեպերով լցնեին նրանց պարապ ժամերը: Վստահ եմ՝ նրանք գրում էին մարդկային ճահճացած, նույնական ու գորշ կյանքում մարդու բնույթի մեջ փոփոխություններ բերելու, բեկումներ մտցնելու համար (իսկ Ֆեյսբուքի մասին իմ կարծիքն արդեն գիտեք): Շատ կուզեի, որ Ֆեյսբուքի ազդեցության վերաբերյալ հոռետեսական գնահատականներս սխալ դուրս գային, որ ավելի շատ Ֆեյսբուքը ծառայեր մարդուն, քան մարդը՝ Ֆեյսբուքին, կրկնում եմ, չկորցնելով իր անհատականությունը, ինքնատիպությունը, անձնական կյանքը, օժտվածությունները, պրոֆեսիոնալիզմը, վերջապես՝ իրականության զգացողությունը, չապրեր Ֆեյսբուքի համար, այլ ապրեր կյանքի ու աշխարհի համար:
ՀԳ. Գրում եք. «Գտեք Ձեր ՏԵՍԱԿԻՆ պատկանող մարդկանց, կազմեք ԽՈՒՄԲ, հետո ԽՈՒՄԲԸ կդառնա ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ, եւ այդժամ այլեւս «սպիտակ ագռավը» Ձեզ համար կդառնա ոչ թե ներկայի իրականություն, այլ անցյալի հիշողություն: Ի դեպ, Ձեր ՏԵՍԱԿԻՆ պատկանող մարդկանց գտնելու հարցում կարող է օգտակար լինել նաեւ ՖԵՅՍԲՈՒՔԸ (նաեւ մյուս «պարապ վախտի խաղալիքները»): Հարկավոր է միայն այն ՃԻՇՏ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ»:
Մարդիկ ինձ շատ բան կարող են համարել: Կարեւորը, թե ես ինձ ինչ եմ համարում: Ես «սպիտակ ագռավ» չեմ, ոչ էլ իրականությունից փախուստի դիմած մարգինալ: Ընդհակառակը՝ ամբողջովին իրականության մեջ եմ (թեպետ հիմա Ֆեյսբուքում չլինելը, անթիվ-անհամար ստատուսներ չգրելը, յուրօրինակ հոգեւոր արարած ու մեծագույն հայրենասեր, փիլիսոփա չթվալն ու սելֆիներ չանելը նույնն է թե՝ երեւակայական աշխարհում ապրես): Մարդկանց եւ, ուրեմն, նաեւ իմ մարդկային «տեսակի» կամ տեսակավորման վարկածին չեմ հավատում (ինձ համար մարդկային «տեսակներ» չկան):
Իրենց «տեսակների» հետ խումբ, ապա հանրություն կազմավորել ցանկացողները գուցե շատ են: Ես դրանց թվին չեմ պատկանում: Ես իմ գործն ունեմ եւ ամբողջ ժամանակս տրամադրում եմ իմ գործի ժամանակին... Մի գործ, որը, հուսով եմ, ինչ-որ կերպ վերաբերում է մեր իրականությանը եւ իրական դիմագիծ ունեցող աշխարհին: