Մշակույթ

Քաղաքագրություն. երեւանյան մետաքսը

Քաղաքագրություն. երեւանյան մետաքսը

Երեւանում բամբակի, բրդի եւ այլ հումքերի հետ միասին վաճառվում էր նաեւ մեծ քանակությամբ մետաքս, որը քաղաքի շուկա էր բերվում Երեւանի խանության մահալներից եւ հարեւան շրջաններից։ Երեւանի շուկայում մետաքսի վաճառքի եւ գնի վերաբերյալ կարեւոր հիշատակություն ունի անգլիացի վաճառական-ճանապարհորդ Ջոն Նյուրերին, որը դեպի Արեւելք իր ճանապարհորդությունը կատարել է 1578-1582 թվականներին եւ Երեւանում եղել է Թավրիզից Թոքատ գալիս՝ 1581 թվականի դեկտեմբերի 9-12-ը։ Ահա նրա հիշատակությունը. «Իններորդ օրը, դեկտեմբերի 9-ին Կամբելլելլայից մեկնեցինք եւ նույն օրը հասանք Երեւան (Errewan), այստեղ մետաքսի յուրաքանչյուր բեռը (hemel) վճարվում է հինգ չեկին (chekins)»:



Զաքարիա Ագուլեցու մի վկայությունից երեւում է, որ հում մետաքսը Երեւանի շուկա էր բերվում եւ այստեղից արտահանվում դեպի Արեւմուտք հիմնականում Ագուլիսի եւ Նախիջեւանի կողմերից։ Երեւանի խանության մահալներում շերամապահությամբ համեմատաբար քիչ էին զբաղվում։ Ահա թե ինչ է գրում Զաքարիա Ագուլեցին իր հայրենի գյուղից Երեւանի վրայով Իզմիր տարվող եւ այնտեղ վաճառվող մետաքսի առեւտրի մի մասնավոր դեպքի մասին, որը կապված էր իր հետ. «1647թ. մարտի Ե-ումն Աքուլիս, որ ես Աքուլեցի Քուրդունց Աղամիրի որդի Զաքարէս, որ ես Զաքարէս էի ԺԷ ամանց, նախ եւ առաջի ի ճանապարհ գնալն այս է, որ մին բէռն խամ ապրիշմով, իմ հօր, մօր, իմ եղպայր Շմաւոնի, սոցայ կամով ինձ դրին իմ հօր եխպօր որդի պարոն Նիկողոսին յետ, գնացի Իզմիր»։



Հայաստանում եւ Վրաստանում արտադրվող մետաքսի քանակության մասին հիշատակություն ունի Ադամ Օլեարին, որը Պարսկաստանում ճանապարհորդել է 17-րդ դարի 30-ական թվականներին։ Նա գրում է, որ Հայաստանն ու Վրաստանը տարեկան արտադրել են 5 հազար հակ մետաքս։



Մետաքսը բացառություն չէր կազմում։ Երեւանի շուկայում վաճառվող ապրանքների մեծ մասը գալիս էր դրսից, բերվում էր խանության զանազան մահալներից եւ ներմուծման ճանապարհով։ Այսպես, օրինակ, Երեւանի շուկա վառելափայտ ու փայտածուխ էին բերում Դարաչիչակի (Ծաղկաձոր) մահալի բնակիչները, բուսական բորակ (սոդա) էին բերում Արարատյան դաշտի տարբեր մասերից, հացահատիկներ՝ դաշտային եւ նախալեռնային մահալներից, անասուններ, բուրդ, կաթնամթերք՝ լեռնային շրջաններից, աղ՝ Կողբից եւ մասամբ Նախիջեւանից, ձուկ՝ Սեւանի կողմերից եւ այլն։ Այնպես որ, Երեւանի շուկայում վաճառվող ապրանքների միայն մի փոքր մասն էր քաղաքային արտադրանք։ Դրանց մեջ էին մտնում արհեստավորական շինվածքներ ու իրեր, խմիչքներ, մրգեր, խաղող, կանաչիներ, բանջարեղեն։



Ինչպես երեւում է, Երեւանում գյուղատնտեսական մթերքների գները հարեւան խանությունների եւ շրջանների շուկաների գների համեմատությամբ ցածր են եղել։ Զաքարիա Սարկավագը վկայում է. «Երկիրն Արարատեան պարարտ է եւ առատ ամենայն իրաց՝ եւ թեթեւագին։ Վասնորոյ յամենայն կողմանց գան յԵրեւան, եւ գնեն զոր ինչ կամին, եւ դառնան ՛ի տեղիս իւրեանց»։



Թ. Հակոբյան, Երեւան քաղաքի պատմությունը



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image