Մշակույթ

Goodreads` գրքի սիրահարների համար

Goodreads` գրքի սիրահարների համար

Օթիս Չենդլերը 2006 թվականին ստեղծել է Goodreads ինտերնետային պորտալը, որը կայքի տեսքով թողարկվեց 2007 թվականին եւ սկսեց իր վերելքը: Կայքը հնարավորություն է ընձեռում անվճար գրանցվել, կազմել գրքերի իր ցանկը, ընթերցողների խմբեր, վերագրանցել իր սիրելի ստեղծագործությունները՝ վեպեր, պատմվածքներ, էսսեներ, գիտական հոդվածներ, ապա գնահատել աստղիկներով (5 բալային համակարգով), թողնել մեկնաբանություններ, ռեւյուներ, ընթերցված գրքերի վերաբերյալ հայտնել կարծիքներ: Կայքը նաեւ հնարավորություն է տալիս սիրելի գործերից առանձնացնել ցիտատներ, պարբերություններ, տեքստեր, որոնք լավագույնս կարող են ներկայացնել հեղինակին: Օգտատերը կարող է իր խումբը բացել, ընդգրկել ու ավելացնել մարդկանց, ստեղծել սեփական (ընթերցանության «ներկայի», «ապագայի») եւ այլ տարաբնույթ կատալոգներ: Գրանցված գրքերը հայտնվում են գրադարանային կատալոգում (գրադարանային կատալոգում գրանցված է 395 միլիոն անուն գիրք), որից կարող է օգտվել յուրաքանչյուր ոք: Առհասարակ, կայքում արդեն 10 միլիոնից ավելի ամբողջական գիրք կա: Goodreads-ն ամեն ամիս ունենում է 20 միլիոն այցելու: Ահռելի թվեր, որոնք տարեցտարի բազմապատկվում են: Տարբեր հարցազրույցներում այս կայքի հիմնադիրներն ասում են, որ պորտալն ստեղծելու գլխավոր նպատակը գրքի եւ ընթերցանության հանդեպ հետաքրքրվածություն առաջացնելը, գրքերն ավելի մատչելի դարձնելը եւ ընթերցողների շփումն ակտիվացնելն է եղել: 



Այսպիսով, Goodreads-ը, այսպես ասած, ընթերցանության կայքերի մեջ առաջինն է: Այն միացված է նաեւ Twitter-ին, Pinterest-ին, Facebook-ին: Goodreads-ը գնալով տարածում է գտնում նաեւ Հայաստանում, կան ընթերցողներ, որոնց համար պորտալը գիրք գտնելու եւ ընթերցելու ամենահարմար ու մատչելի տարբերակն է, ստեղծվում են ընթերցողական խմբեր, կազմվում գրքերի ցուցակներ, որոնց մեջ մեկ-մեկ հայտնվում են նաեւ հայ դասական եւ ժամանակակից գրականության հեղինակներ: Goodreads ինտերնետային պորտալն ընթերցողների համար կարծես բազմահարմար, օգտավետ կայք է, ուր կարող են լինել, փոխհարաբերվել միմյանց հետ, ազատորեն այս կամ այն գրքի մասին կարծիքներով կիսվել եւ այն: Սակայն հարցը խնդրահարույց է դառնում, երբ խոսքը գնում է հեղինակների եւ նրանց ստեղծած գրականության մասին: Արդեն 2008 թվականից սկսած՝ Goodreads-ն իր քաղաքականության համար ենթարկվեց խիստ քննադատության: Պատճառը միլիոնավոր իրական եւ ֆեյք օգտատերերի կողմից գրողների ու նրանց ստեղծագործությունների վերաբերյալ արված վիրավորական, զրպարտչական ռեւյուներն ու մեկնաբանություններն են, որոնք լուրջ վնաս են հասցնում եւ գրողների հեղինակությանը, եւ թիրախ դարձած գրքին, որին հետեւում է նոր լույս տեսած ստեղծագործության հանդեպ հետաքրքրության նվազում, վաճառքի անկում եւ այլն: 2013 թվականին Goodreads-ը հայտարարեց, որ գրողների եւ նրանց գրքերի հանդեպ կոնկրետ զրպարտչական ու վիրավորական ռեւյուներն ու մեկնաբանությունները կայքից կհեռացվեն: Այս որոշումը բազմաթիվ բանավեճերի առիթ տվեց: Օգտատերերից շատերը բողոքում են որոշման դեմ՝ այն համարելով գրաքննության հերթական հաղթանակ եւ այլն:



Սակայն այս հարցը, թերեւս, իր վերջնական լուծումը չի գտել: Մի բան ակնհայտ է՝ Goodreads-ում գրանցված յուրաքանչյուր ոք (ընթերցող), մանավանդ ֆեյք օգտատերը, որը կարդացած գրքի ու հեղինակի մասին որոշում է զրպարտչական ու վիրավորական ելեւէջներով մեկնաբանություն թողնել, գոնե այս պահին չի մտածում, թե ինչ հետեւանքներ այն կարող է ունենալ: Քանի որ այդպիսի մեկնաբանություններն օր օրի ավելանում են ու իրենց հարակայուն տեղն զբաղեցնում համացանցում: Եվ, ահա, վերջերս լույս տեսած գրքի մասին ինչ-որ ինֆորմացիա ստանալու համար ժամանակակից ընթերցողը դիմում է Google-ին, որն իր հերթին միանգամից ճանաչում է ու առաջարկում Goodreads ինտերնետային պորտալը, որտեղ, պարզվում է, գիրքը գրանցված է: Ընթերցողը բացում է գրքի էջը եւ հերթով կարդում դրա վերաբերյալ թողնված լակոնիկ կամ երկար մեկնաբանությունները (հիմնականում մակերեսային հիացմունքների եւ նողկալի վիրավորանքների ու զրպարտանքների տեսքով)։ Իհարկե, կայքում կարելի է հանդիպել նաեւ բավականին լավ ու հանգամանալից գրված ռեւյուների, որոնք, ցավոք, շատ քիչ են: Եվ չի բացառվում, որ ապագայում հենց Goodreads-ի ընթերցողները դառնան գրականությանը գնահատականներ տվող բացարձակ մոնոպոլիստներ:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image