Եթե մի օր մարդն ընդունակ լինի դադարեցնելու իր մանկության տարածականությունը, ապա չապրի ու չվերհիշի ետ վերադառնալու զգացական ինքնությունը, ուրեմն Ռոբինզոն Կրուզոն այս անգամ արդեն վերջնականապես հավաքելու է հարակայունության իր ապահով ճամպրուկը: Այսպես ասած՝ կեցության հանապազօրյա մթերանոցում Դանիել Դեֆոյի հռչակավոր վեպի վերնագիրը գրեթե միշտ կիսատ է սղվում, ըստ այդմ՝ արտասանվում ու մտապահվում է թերատության մեջ: Ահա, Դանիել Դեֆո՝ «Ռոբինզոն Կրուզո» կամ ավելի ծույլ, ընդունված տարբերակով՝ պարզապես «Ռոբինզոն»: Սկզբից եւեթ այս պատմության առաջին նախադասությունը դավադրաբար հատվում է՝ իր հետ տանելով մի կարեւոր բարեհաճություն, որի կիրառումից ապագայում հրաժարվելու էր վիպասանության հիմնարվեստը` պահ տալով այն մանկապատանեկան «ոչ ծանրակշիռ» շրջանակում: Դեֆոյի վեպի ամբողջական վերնագիրը մի պարբերություն է, եւ նմանօրինակ վերնագիրը կարող է ընդամենը մի բան հավաստել՝ արկածն սկսված է:
Թերեւս, 18-րդ դարում պատումի արկածայնությունը լավագույն շրջանն էր ապրում: Հատորյակների բաժանված վեպը խորքում հեղինակի ալտրուիստական, սակայն, այնուամենայնիվ, կոմերցիոն ձեռնարկն էր, որի հաջողությունից շատ դեպքերում կախված էր Դեֆոյի կենցաղի ճակատագիրը: Եվ, ինչպես պատմությունից է հայտնի, Դեֆոն միայն իրեն հռչակ բերած «Ռոբինզոնի» հեղինակը չէր, այլեւ չստացված պաստոր, անարգանքի սյունին գամված հրապարակախոս, քաղաքական գործիչ, վաճառական, արկածախնդիր, բանսարկու, պարտապան ու սադրիչ: Դարի մեծագույն պամֆլետիստներից մեկը, նաեւ անգլիական լրագրության հայրերից, որը հիմնադրեց ու հրատարակեց թերթեր եւ ամսագրեր: Ուրեմն, եթե «Ռոբինզոնը» դիտարկենք որպես մանկապատանեկան ընթերցանության արդյունք, մեր հիշողության մեջ վեպը վերադարձնելու ենք անվերապահորեն արկածի միջով: Արկածն ու մանկությունը համանուն են՝ մի ճյուղի, մի բաղադրության արդյունք: «Ռոբինզոնի» պարունակից հանել արկածը՝ կնշանակի հրաժարվել մանկությունից, որը ոչ միայն կոչված է բացահայտելու աշխարհը, այլեւ պատկերահանելու բացահայտման ողջ գործընթացը: Արկածն ու մանկությունը վիպական կաղապարի ատաղձն են, հումքը չդադարող մեկնաբանությունների ու վերարտադրումների, որոնք բումերանգի նման հեռանում են բոլոր հնարավոր իմաստներից եւ վերադառնում մեկնակետ: Չմոռանանք՝ Դեֆոն ապրում էր արկածը վերցնելու, այլ ոչ երեւակայելու ժամանակաշրջանում: «Ռոբինզոնի» պատմությունն իր նախատիպն ուներ՝ «Cinque Ports» նավի բոցմանը՝ շոտլանդացի Ալեքսանդր Սելքիրքը, որը 1704-1709 թվականներին ապրել էր մի անմարդաբնակ կղզում։ Սակայն, ի տարբերություն Կրուզոյի (որը նավաբեկության արդյունքում է կղզում հայտնվում), Սելքիրքը կղզի է իջեցվում իր ցանկությամբ: Սա վեպի ամենաէական տարբերությունն է՝ կյանքի մի հանգամանք, որը գրչի սահուն հարվածով վերափոխվում է գրականության: Սելքիրքի կյանքի անմշակ նյութը, կուզեք՝ կյանքի մասին տարածված լուրը կամ, ավելի հեռուն գնանք՝ առասպելը կատարելապես վերաբերում էր մարդկային աշխարհագրության realis-ին, որը քաջ գիտակցում էր վեպի հեղինակը: Բախվել անհավանականի ու զարմանահրաշի հետ հենց այստեղ, այլաբանության զեղումներին խորթ այս շոշափելի ու զգալի իրականության մեջ: Մի բան, որ կարող է պատահել մոլորակում ապրող յուրաքանչյուր մարդու հետ: Ահա պայթյունը՝ Դեֆոն յուրաքանչյուրին հնարավորություն տվեց լինել Ռոբինզոն Կրուզո, քանզի այդ լինելիության սահմանագիծը քարտեզագրված էր հարազատ բնահողով:
Մարդկային կյանքի համար գուցե չկա ավելի բարդ, հետաքրքիր, նաեւ սենտիմենտալ դրություն, քան ամեն ինչ նորից սկսելը, նոր կյանք, որը պիտի սահմանել, որակել, ապա նկարագրել դրա ներքին եւ արտաքին ճանապարհը: Վեպի սկզբնամասերում Կրուզոն գրում է. «Ես ծնվել էի ինձ կործանելու համար»: Այս խիստ դեկադանսական խոստովանության փակագծերն այդպես էլ չեն բացվում: Նրա մասին համառոտ տեղեկություններ տալով մինչ նավաբեկությունը եւ անմարդաբնակ կղզում հայտնվելը՝ Դեֆոն իր հերոսին ոչ մի կերպ ներհայեցողական հատկություններով չի օժտում՝ բավարարվելով համառոտ տեղեկատվության, դիցուք, հեռագրային բնույթով: Երեսանց մենք գիտենք, որ Ռոբինզոնը ծնվել է բարեկեցիկ ընտանիքում, մի եղբայրը մարտում ընկած զինվորական էր, մյուսը՝ անհետ կորած: Գիտենք նրա աշխարհը տեսնելու ցանկությունը, նավ բարձրանալը, որ շուտով պիտի կործանվի: Ահա, նոր կյանքի հետ անծանոթությունից առնչվելու ժամանակներում մարմինն ու հոգին գործում են հատկապես արտաքին աշխարհը պատկերով համտեսելու համար (այս հատկությունը հետագայում իր լրիվությամբ դրեւսորվում է Ժյուլ Վեռնի վեպերում): Ռոբինզոնի համար եղած աշխարհի մեջ մի նոր աշխարհ բացահայտելը, ապա նկարագրելը հոգեբանական իրադարձություն չէ, ավելի շուտ՝ բնազդային կենսունակություն է, երբ կյանքն սկսվում է ամենապարզ այբուբենից, ամենապարզ տառատեսակով՝ Դեկտեմբերի 25. Ամբողջ օրն անձրեւեց («Ռոբինզոն Կրուզո», Երեւան, 2013, «Անտարես» հրատարակչություն, թարգմանությունն անգլերենից՝ Սարգիս Ալեմյանի):
Ո՞ւմ հետ է զրուցում Ռոբինզոնը, խնամքով լրացնում իր օրագիրը, երբ ամեն րոպե ստեղծված ոչ նպաստավոր հանգամանքները կարող են կործանել նրան: Վերջապես, օրագիրը լոկ ինքնախոսության մատյան չէ, այլ մանկական գաղտնագրությամբ ուրիշի հետ խոսելու ակնհայտ փորձ. «Ամբողջ օրն անձրեւեց»: Անձրեւը միայն անձրեւի վավերացումից հետո է իրականանում. սա «Ռոբինզոնի» ամենակարեւոր նախադասություններից մեկն է, որի մեջ զետեղված է պատմության ողջ տրամախոհությունը: Վեպում էպիստոլյար գիրը ոճաբանական մոտիվ չէ: Այն ավելի շատ առարկայի դերակատարն է, որի մակերեսին ճարտարապետական տեսք ընդունելով՝ լեգիտիմանում են քաոսն ու անհայտությունը, կերպարանափոխվում բովանդակ իրականության: Անմարդաբնակ կղզում Կրուզոյի կյանքն ու արկածները, Ուրբաթի հայտնությունը, նրանց փոխհարաբերությունները, վերադարձը քաղաքակիրթ աշխարհ, իրականության վերահաստատմանն ուղղված հայտեր են: