Գրել նույն վեպը՝ նշանակում է կրկնել պատմությունը, ձեր գիտակցությանը շշնջալ բաներ, որոնք մնացել են անցյալում՝ անուններ, բակեր, սրճարաններ ու փողոցներ, մանկական խաղալիքներ, որոնք ձերը չեն եւ չեն կարող լինել: Դուք պատրաստ չեք բացել նույն պատմությունը եւ լսել նույն մեղեդին: Դուք նորն եք ուզում, քանի որ (պատմվածքը) ընթերցել եք մոռացության համար: Դուք թերթում եք գրողի վեպն ու բախվում միեւնույն վեպին: Կարդում եք պատմություններ ու բախվում միեւնույն պատմությանը: Զայրանում եք ու փակում գիրքը:
- Գրողը կրկնվում է, - ասում եք դուք:
- Գրողը տեղապտույտի մեջ է - անվերջ գրում է Փարիզի նույն փողոցի, նույն սրճարանի մասին: Անվերջ գրում է հոր, ժանտախտի, հիվանդանոցի, բանակի մասին: Եվ որքա՞ն կարելի է ներել այս անպատկառությունը: Դուք փակում եք նրա վեպը, պատմվածքների ժողովածուն՝ այլեւս երբեք չբացելու մտադրությամբ: Կամ նվիրում եք կրկնության գիրքը, որ հապճեպ ձերբազատվեք այդ անհարմար ու միակողմ լաբիրինթոսից: Ձեզ թվում է՝ գրողը խաբել է, գրողը վարկաբեկում է, ձեզ խեղկատակի տեղ է դրել: Եվ այդպես էլ կա:
Սակայն ինչո՞ւ չխաբել, ինչո՞ւ վերափոխել, պատմել ԱՅԼ պատմություն, որն իրականության մեջ կրկնության կիտչն է, կրկնության ձեռական ու շինծու ցուցմունքը: Նույն վեպը պատմելու համար գրողին անհրաժեշտ է, որ սպասեք նրա ՆՈՐ պատմությանը եւ սպասելով խաբվեք՝ կարդալով այն, ինչ եղել է, այն, ինչ ձեր կյանքին ու օրվան պիտանի չէ, այն, ինչ չեք կարող սպառել:
Օգոստոս Երանելին (Խոստովանություններում) գրում է՝
Որտեղ ես սպանեցի եւ զոհ մատուցեցի հին մարդուն եւ սկսեցի մտորել իմ նորոգման մասին՝ հուսալով Քեզ. այդտեղ Դու սկսեցիր քաղցր դառնալ ինձ համար եւ ուրախություն տվեցիր ինձ իմ սրտում: Ես չուզեցա բազմանալ երկրավոր բարիքներով եւ սպանել ժամանակ ու սպանվել ժամանակից, որովհետեւ քո հավիտենական պարզության մեջ ես ունեի ուրիշ ցորեն, գինի եւ ձեթ (թարգմանությունը լատիներենից՝ Խաչիկ Գրիգորյանի):
Իմ տարբերակը՝
Որտեղ ես սպանեցի եւ զոհ մատուցեցի հին մարդուն (բերածս մի գավաթ սուրճ էր ու մի խնձոր), եւ սկսեցի մտորել իմ նորոգման մասին՝ հուսալով, որ մտորումս Դու ես. այդտեղ Դու սկսեցիր քաղցր թվալ ինձ, եւ միայն մտորումների առաջին րոպեներին էր, որ ուրախություն տվեցիր ինձ (ընդամենը երեք րոպե): Ես չուզեցա բազմանալ երկրավոր բարիքներով, քանի որ չունեի դրանք ու ճանաչել չէի կարող կորուստը: Որովհետեւ քո հավիտենական պարզության մեջ չկար ուրիշ ցորեն, գինի եւ ձեթ:
Ամեն ինչ վերջացել էր:
Ինձ մնում էր սկսելով մեռնել: