Էլիաս Կանետին իր նոթատետրերից մեկում այսպիսի գրառում ունի.
«Մեր ժամանակներում մարդը քնքուշ ու բուրավետ պղպջակի նման պայթում է ու անհետանում իրականությունից»:
Կանետին «Մեր ժամանակներ» ասելով՝ նկատի ուներ 60-70-ականների մարդուն: Հիմա պայթյունների ձայնն ավելի զրնգուն է, ավելի չոր: Բայց սա չի նշանակում, թե մենք ունկ ենք դնում ձայնին: Մարդկանց Հայաստանից հեռանալու հանգամանքը մենք սովորական, անզգայական տատանումներով ենք դիմավորում, նույնիսկ, եթե այդ մարդը մեր ընկերն է եւ իր երկիրը նեղսրտած ու դառնացած է թողել:
Սրճարանում նստել եւ համրել Հայաստանից հեռացած ընկերների անունները…
Սա ամենատխուր ակնթարթներից մեկն է, որ ապրում ես: Հետո գալիս է պատճառահետեւանքային կապերի վերլուծության, խոհափիլիսոփայական ու սոցիալ-տնտեսական համատեքստերում եզրահանգումների ժամանակը, որը վերջում վերածվում է տրամաբանության իրական թելերը կորցրած աննպատակ գործընթացի:
Այսօրինակ գնալը շարքեր լքել չէ:
Մենք շարքերի մեջ չենք ապրում, որ գնացողներին լքողներ համարենք: Մարդիկ գնում են, քանի որ չգնալ չեն կարող: Սա շարժման երազանքին է նման, քանի որ սահմանները հատվում են միայն այն ժամանակ, երբ շարժվում են պակերացումտներդ:
Հայաստանում օր օրի շարժվելու հնարավորությունները սակավանում են: Գաղջի մեջ կարող ես միայն ինքդ քեզ եւ ինքդ քեզ համար պարզապես թպրտալ: Եվ այս ամենի դեմ ըմբոստության միակ ալիքը, այսպես ասած՝ շարժելությունն է, որ նշանակում է փոփոխություն, առաջխաղացում, նաեւ՝ վարվելակերպ, վերջապես՝ արարք: Մարդիկ հեռանում են պատրանքով, թե ինչ-որ մի բան կկենդանացնեն, ինչ-որ շնչավոր մի բան, որ այստեղ, այս մահաբեր կայունության մեջ գոյությունից զրկված է: Նրանք կնստեն կերպարանափոխությունների գնացքը ու կհեռանան իրենց շարժման ետեւից, այնտեղ, ուր մարմնի մեջ դեռ արյան անոթների հունար կա:
Կանետիի «Մեր ժամանակը» իսկապես մեր ժամանակն է, եւ արտագաղթի ու ներգաղթի պարույրում անհետացող մարդկանց թվի մեջ մեր անուններն էլ կան, եւ կապ չունի, թե դու որ պետության սահմանն ես անցնում՝ թողնելով քո ծննդավայրը: Կա մի ներքին սահման, որն անցնելու ժամանակ քեզ չեն որսա, քանի որ ոչ սահմանը կերեւա, ոչ էլ քո գնալը: