Սույն դրվագով շարունակում եմ ներկայացնել հատվածներ Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպից, որտեղ այլ քաղաք կտեսնեք, այլ Երեւան՝ իր ուրույն, հետաքրքրական կեցությամբ եւ պարադոքսներով հարուստ մի բնակավայր:
Քարվանսարան շինված է շատ-շատ տարիներ առաջ, համարյա թե Կապույտ մզկիթի հետ միաժամանակ: Այնտեղ են իջեւանում բազմաթիվ ուխտավորները, որոնք յուրաքանչյուր տարի գալիս են հեռու-հեռավոր տեղերից, Կապույտ մզկիթին այցելելու: Այդ օրերին քարվանսարան իրենից ներկայացնում է չափազանց կենդանի մի տեսարան: Նրա բոլոր խուցերը լիքը լցվում են բնակիչներով, ծխանները ծխում են, կերակուրների հոտը բռնում է ամբողջ թաղամասը, եւ մինչեւ ուշ գիշեր անթիվ մարդկային ձայներ ղժժում են այնտեղ…
Ուխտավորների պետքերին բավարարելու համար թե հայաթում եւ թե դուրսը,- քարվանսարայի պատերի տակ իրենց շտապ շինած փայտե կրպակներն են բաց անում բազմաթիվ սափրիչներ, թայավաճառներ, մանրավաճառներ, մրգավաճառներ… Եվ երեկոներին, երբ սովորաբար քարվանսարան կորած է լինում մթության մեջ, այդ օրերին փայլփլում է նավթի բազմաթիվ լույսերով:
Բացի նավթի լամպերից, իրենց բոցն են առկայծում նաեւ խարույկները, որոնցից մեկի վրա միս է տապակվում, մյուսի վրա խորովվում է գառը, երրորդի վրա ապուրն է եփվում…
Օրեկան երեք անգամ մզկիթի մինարեթից մոլլան ազանի է կանչում: Հավատացյալները ծունկի են գալիս, նամազ անելու համար: Առավոտվա եւ երեկոյան նամազների ժամանակ տղամարդիկ մտնում են Կապույտ մզկիթի հայաթը եւ նրա կենտրոնում գտնվող քառակուսի ավազանի կողքերին պպզելով՝ լվացվում:
Ցերեկվա շոգերին քարվանսարայի ահագին ընկուզենու տակ զանազան դիրքերով պառկած՝ մրափում էին ջորիները, մարդիկ, էշերը, փոքրիկ տղաները… Իսկ դրսում, շենքի ստվերոտ պատի տակ նստած՝ իրենց անվերջ որոճն են որոճում ավանդական ուղտերը…
Կապույտ մզկիթն իր լուռ հանդիսավորությամբ կանգնած է քարվանսարայի դիմաց: Նրա շուրջը գտնվում են ցեխաշեն փոքրիկ տներ, նեղ, շատ նեղ փողոցներ, ուր ապրում են քաղաքի մշտական բնակիչները եւ մզկիթի մշտական հաճախորդները:
Շրջապատի այդ տնակների փոքրության ու գորշության մեջ Կապույտ մզկիթն ավելի գունագեղ եւ հանդիսավոր է երեւում: Նա ամենաբարձր շենքն է, եւ նրան են ենթարկվում շրջապատի բոլոր ցեխե տներն ու նրանց բնակիչները…
…Հիմա քարվանսարան չկա:
Մի քանի խարխուլ բեկորներ, մնացած ամբողջ շենքից, հիշեցնում են նրա անցյալի օրերի մասին: Շենքն անհետացել է երկրի երեսից, որովհետեւ հեռվից, իր ուրույն ընթացքով ծավալվող ու մոտեցող նոր փողոցը քանդել է նրան՝ իր ճանապարհը բաց անելու համար: Այժմ այդ փողոցն ավելի է երկարել եւ քարվանսարայից առաջ անցել: Մի շարք նոր փողոցներ էլ եկել են մզկիթի զանազան կողմերից: Նրանք եւս իրենց հերթին քանդել են իրենց ճանապարհի վրա կանգնած բոլոր ցեխե պատերը, տները, նրբանցքները…