Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվեցին 55 ուղեւոր, անձնակազմի 6 անդամ: Վթարը տեղի էր ունեցել վայրէջքի ընթացքում, թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա: Բախման հետեւանքով ինքնաթիռը մի քանի մասի բաժանվելով՝ հրդեհվել էր:
Boeing 737-800-ը պատկանում էր ամենահուսալի ավիաընկերություններից մեկին՝ FlyDubai-ին, որի 8-ամյա պատմության ընթացքում սա առաջին աղետալի դեպքն է: Boeing 737-ը եւս բավականին հուսալի օդանավի համբավ ունի. «Ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը եւ ուղեւորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը: 2014թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը: Ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից։ Boeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության եւ կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի եւ 727-ի վրա օգտագործված տեխնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թեւերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ 1965թ. փետրվարի 19-ին «Լյուֆթհանզա» ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967թ. հունվարի 17-ին»:
Այնուհանդերձ՝ օդանավի, փորձառու անձնակազմի եւ ավիաընկերության անդրդվելի հուսալիությունը չփրկեց Boeing 737-800-ին: Այս պահի դրությամբ օդանավի կործանման առնչությամբ անվանի մասնագետների ու փորձագետների կարծիքները գրեթե նույնականանում են: Եղանակային վատ պայմանների, քամու ուժգնության պատճառով առաջին անգամ օդանավին չի հաջողվել վայրէջք կատարել: Հրամանատարը որոշում է կայացրել երկրորդ շրջան անել: Նոր տվյալներով, Boeing 737-800-ը օդանավակայանի շուրջ մոտ երկու ժամ պտույտ կատարելուց հետո կրկին վայրէջքի փորձ է արել, սակայն նորից անհաջող: Նոր պտույտի համար օդանավին այլեւս չի հաջողվել համապատասխան արագություն վերցնել եւ 900 մետր բարձրության, 400 կմ/ժ արագության տակ անկառավարելի դառնալով՝ բոինգն սկսել է ընկնել, սկզբում պոչով, ապա մի թեւով բախվել է գետնին եւ պայթել:
Արդեն հայտնի է, որ օդանավի հրամանատարությունը որեւէ տեխնիկական խնդրի մասին դիսպետչերին տեղյակ չի պահել, միայն մի քանի անգամ հարցրել է եղանակային պայմանների, քամու արագության մասին: Ըստ Lenta.ru կայքի՝ դեռեւս որեւէ հիմնավոր պատճառ, որ օդանավին կարող էր հանգեցնել այսօրինակ կործանման, բացահայտված եւ նույնիսկ հասկանալի չէ: Մինչ այս պահը հստակ չէ նաեւ, թե քանի պտույտ է կատարել բոինգը: Աղետից հետո սոցիալական կայքերում FlyDubai-ի ծառայություններից օգտվող հարյուրավոր քաղաքացիներ սկսել են բողոքել եւ բարձրաձայնել ավիաընկերության սպասարկման թերությունների մասին, որ ընկերության, այսպես ասած, «խնայողական» քաղաքականությունը մի շարք անհաճո խնդիրների պատճառ է դառնում: FlyDubai-ի ղեկավարությունը ցավակցական հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ ցնցված է պատահարի առնչությամբ եւ ամեն կերպ (ֆինանսապես, հոգեպես) աջակից է լինելու զոհվածների ընտանիքներին՝ ամեն ինչ անելով, որ հետաքննությունը լիարժեք իրականացվի:
ԽՍՀՄ վաստակավոր օդաչու Ժորժ Շիշկինի կարծիքով, տարակուսանք է առաջացնում այն, որ, հաշվի առնելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները, բոինգի հրամանատարությունը չի փորձել վայրէջք կատարել մոտակա քաղաքների օդանավակայաններից մեկում: Նրա կարծիքով, օդաչուներն իրենց հաշվարկներում սխալվել են: Թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա օդանավն անհամաչափ ցնցվել է եւ ուժգին քամուց, եւ արագության կորստից: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր օդաչու Յուրի Սիտնիկի կարծիքով, նման եղանակային պայմաններում օդանավի հրամանատարությունը պիտի ավելորդ հանդգնության չգնար եւ վայրէջք կատարեր մոտակա քաղաքներից մեկի օդանավակայանում: Սեւ արկղերի համահավաք վերծանումից հետո փորձագետները վերջապես կունենան որոշ կարեւորագույն հարցերի հստակ պատասխանները: