Մշակույթ

Հրաշալի մարդկանց եւ գործի պատմություն

Հրաշալի մարդկանց եւ գործի պատմություն

Երեւան քաղաքի Տերյան 89/2 հասցեն ոչ մի կերպ նշանակալի չէր դառնա, եթե փողոցի կողմից աննկատ, մթին դալանը չլուսավորեր, Գրապալատի շենքի հետնամասում չհայտնվեր սկզբում ընդամենը երկու սեղանով գործող «Տերյան քեբաբ» հացատունը: Հիշում եմ՝ ամեն անգամ, երբ ընկերներով գնում էինք հացատուն, ինչ-որ նոր, փոքրիկ մի բան ավելացված էր լինում, իսկ ամիսներ հետո այն գրեթե անճանաչելի դարձավ:



«Տերյան քեբաբ» փոքր հացատունը հիմնվեց 2013 թվականի հոկտեմբեր ամսին, Սիրիայից Հայաստան տեղափոխված Ազըլեան եւ Համալեան ընտանիքների կողմից: Ազըլեանները Երեւան տեղափոխվեցին 2012 թվականի դեկտեմբերին, այնուհետեւ՝ 2013 թվականի մայիսին, նրանց միացան Համալեանները: Այն, ինչ տարիների աշխատանքով ձեռք էին բերել (տուն, աշխատանք, բարեկեցություն), իր հետ տարավ պատերազմի ավերը: Ազըլեան եւ Համալեան ընտանիքները նոր կյանք պիտի սկսեին՝ անճանաչելիից ու անհայտությունից: Եվ սկսեցին: Վարձակալեցին երեսանց անշուք, անհարմար թվացող Տերյան 89/2 հասցեում գտնվող տարածք ու կարճ ժամանակահատվածում այն վերածեցին գեղեցիկ, լուսավոր ու սիրելի մի վայրի՝ թե սիրիահայերի եւ թե երեւանաբնակների համար, որտեղ կարելի էր վայելել ընտանիքների մայրերի ձեռքերով պատրաստված արեւելյան (սիրիական խոհանոցի) ամենահամեղ կերակուրները: 2014-15 թվականներին շրջակա տարածքն ընդլայնվեց, եւ փոքրիկ հացատունը վերածվեց 30, ապա 70 մարդ սպասարկող ընտանեկան ինքնատիպ ռեստորանի՝ ամառային բացօթյա տարածքով (որը փակվելով՝ օգտագործվում է նաեւ ձմռանը), երաժշտական կատարումներով համեմված երեւանյան տաք ու անուշ գիշերներով: Ամիս առ ամիս ռեստորանի այցելուները կրկնապատկվում էին, եւ 2016 թվականի սկզբներին նրանք որոշեցին կենտրոնում նոր տարածք վերցնել: Ըստ Ազըլեանների եւ Համալեանների, այս համարձակ նախաձեռնության քաջալերողները նաեւ երեւանցիներն էին, այն քաղաքաբնակները, ովքեր «Տերյանի» մշտական հաճախորդներն էին դարձել:



Եվ, ահա, 2016 թվականի մարտի 14-ին Բուզանդ 1/3 հասցեում, Վերնիսաժի հարեւանությամբ, բացվեց երկրորդ ռեստորանը՝ «Derian» անվանումով: Այժմ նոր համալիրն ունի 90 հոգու համար նախատեսված ընդարձակ սրահ, որտեղ կարող են անցկացվել նաեւ մեծ միջոցառումներ (ռեստորանն ապահովում է նաեւ կենդանի երաժշտություն):



Ընտանիքի անդամները պատմում են, որ սկզբում դժվարություններ, իհարկե, ունեցել են. որդին՝ Հակոբը, 2014-15 թվականներին Դուբայում եւս գործարարությամբ է զբաղվել, սակայն վերադարձել է Հայաստան, եւ վերադառնալու գլխավոր պատճառներից մեկն էլ «Տերյանի» հաջողությունն է եղել, նաեւ մեծ ցանկությունը, որ երեխաները հայկական միջավայրում մեծանան: «Լավ աշխատեցիր՝ կունենաս նաեւ լավ վարձատրություն,- ասում են նրանք,- մեր խոհարարները մեր մայրերն են, ամեն ինչ իրենց ձեռքով են պատրաստում՝ օգտագործելով խոհարարական յուրահատուկ իմացություններն ու տարիների փորձառությունը: Մեր մայրերն սկսեցին զրոյից, ու իրենք էին, որ ոտքի կանգնեցրին բոլորիս: Մեզ համար ամենակարեւորը հաճախորդների հարմարավետությունն է, որ ամեն առումով իրենց լավ զգան, վայելեն սիրիական համեղ ուտեստներ, լսեն լավ երաժշտություն: Նաեւ ուզում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի կառավարությանը՝ մեզ աջակցություն ցուցաբերելու համար, եւ, իհարկե, մեր հաճախորդներին (որոնց շարքում են նաեւ դեսպաններ, հայտնի մարդիկ), ովքեր գնահատեցին մեր աշխատանքը: Նրանք միշտ մեր կողքին են»:



Ի դեմս այս երկու հրաշալի ընտանիքի, նրանց կողմից զարկ տված գործի, Երեւանը ձեռք է բերել մի նոր գույն, նոր շնչառություն: Տերյան 89/2, Բուզանդ 1/3 հասցեներում գործող երկու ռեստորաններն ընտանեկան վայրեր են, որտեղ հարմարավետ գներով կարող եք գտնել համեղ ուտելիք, բարեկիրթ սպասարկում: Ազըլեաններն ու Համալեանները հաճախորդներին միշտ հարազատորեն ու ջերմ են ընդունում, եւ նրանց հետ զրուցելը, նրանց աշխատանքին հետեւելը պարզապես ուրախության, հաճույքի եւ մեծ հավատի անսպառ աղբյուր է: Այցելեք եւ ինքներդ կհամոզվեք:



 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image