Հասարակություն

Մենք ու միջազգային տոները

Մենք ու միջազգային տոները

Անցած ու ընթացիկ շաբաթների ընթացքում տասնյակ միջազգային եւ ազգային տոներ ու հիշատակի օրեր կան: Այժմ տեսնենք, թե այդ տոներին Հայաստանը որքանով է հաղորդ:



Ապրիլի 18-ին նշվեց Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը: Այդ օրն աշխարհով մեկ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հուշարձանների այցելություններ, համաժողովներ, հուշարձանների եւ տեսարժան վայրերի մաքրում, կլոր սեղաններ։ Հայաստանում կա 25 հազար հուշարձան։ Այս թիվը մշտապես պահպանվում է, չնայած որ, օրինակ, միայն 2010 թվականին 2 հազար նոր հուշարձան է հայտնաբերվել:



Միաժամանակ, կան հուշարձաններ, որոնք քայքայվել են եւ ոչնչացել՝ հոգատար ձեռքի չհանդիպելով: Այսօր աշխարհում ու Հայաստանում հայկական հուշարձանները ոչնչացվում են մեծ արագությամբ: Ամեն տարի պետությունը մոտավորապես 200 մլն. դրամի գումար է հատկացնում հուշարձանների վերանորոգմանը, որով մի քանի հուշարձան է նորոգվում: Բայց բյուջեի միջոցները սուղ են, եւ հաճախ ընդամենը նրանք են նորոգվում, որոնք ծայրաստիճան անհրաժեշտություն ունեն: Վերականգնումն էլ հաճախ լինում է վայրենի ձեւով, ինչի մասին հուշարձանագետները հաճախ հայտարարում են: Հավուց Թառ, Աղջոց, Սեւքար գյուղի Սբ. Հռիփսիմե, Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցիների մասին շատ է խոսվել, թե ինչպիսի պայմաններում են գտնվում, Գառնու «Քարերի սիմֆոնիան», որը մաշվում է…



Ապրիլի 20-ին ՄԱԿ-ը նշում էր Չինարենի օրը: Մենք ու չինացիները կապված ենք բազմաթիվ թելերով։ Խոսքը միայն Հայաստան լցված բազմաթիվ անորակ ապրանքների մասին չէ: 15 մլն. դոլարի պայմանագիր վերջերս կնքվեց Երեւանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության համար: Երկու տարի անց մենք կսկսենք չինարեն սովորել, իսկ օրերս տեղի կունենա «Չինարեն լեզվի կամուրջ» մրցույթ: Այսինքն՝ ամենահայտնի լեզուներից մեկը Հայաստանում հիմնավորվում է:



Ապրիլի 22-ին նշվեց Երկիր մոլորակի օրը: Համաշխարհային ակցիայի հիմնական նպատակը հասարակության եւ յուրաքանչյուր մարդու՝ Երկիր մոլորակի վրա ուշադրության սեւեռումն է, ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա: Գիտնականները դասակարգել են շուրջ 4 հազար տեսակի հանքեր, որոնց մի մասը կարեւոր նշանակություն ունի: Կարեւորում է դրանց խնայողաբար օգտագործումը: Հայաստանն այս տոնին ոչ միայն ուշադրություն չի դարձնում, այլեւ բոլորովին հակառակ գործունեություն է ծավալում թե հանքերի շահագործման, թե շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից: Եթե հաշվելու լինենք, թե ով է Հայաստանի շրջակա միջավայրին ավելի շատ վնաս տվել, առաջին 10 տեղերում ՀՀ կառավարությունը կլինի՝ իր զանազան օղակներով:



Ապրիլի 23-ին նշվեց Գրքի եւ հեղինակային իրավունքի համաշխարհային օրը: Ամբողջ աշխարհում գրքի նկատմամբ սերն ու հոգածությունը պակասել է, Հայաստանում՝ առավել եւս: 2013-ին հանրապետությունում գործել է 3 հանրապետական եւ 897 հանրային գրադարան: Հանրային գրադարաններից 10-ը մարզային կենտրոնական են, 52-ը` տարածքային կենտրոնական, 83-ը` քաղաքային, 723-ը` գյուղական, իսկ 29-ը` մանկական: Փաստորեն, Հայաստանում կան շատ համայնքներ, որ գրադարան չունեն, եւ գրքերն ընթերցողին հասանելի են միայն ընտանեկան գրադարանների միջոցով: Ըստ ԱՎԾ տվյալների՝ Հայաստանում գրադարաններից օգտվում է 544 հազ. 977 մարդ, որոնց մեծամասնությունը կանայք են: Պատճառն այն է, որ կանանց շրջանում գործազրկությունն ավելի շատ է, քան տղամարդկանց: Հայաստանում բազմիցս են մտահոգություն հայտնել հրատարակվող գրականության բովանդակության առնչությամբ: Հայաստանում ամեն տարի տպվում են բազմաթիվ գրքեր, որոնք մնում են գրախանութների դարակներին կամ գրապահեստներում:



Ապրիլի 26-ին Հայաստանում նշվում է Սահմանապահի օրը: Սահմանապահի օրվա նպատակն է ցուցադրել զորքերի մարտական ուժը, ինչպես նաեւ բարձրացնել երկրի ու պետության առաջ ծառայողական պարտքը կատարող զինվորների մարտական ոգին: Սա այն տոնն է, որը կարող է նշվել իրապես հպարտորեն, որովհետեւ մեր գլխավոր ձեռքբերումը մեր սահմանապահներն են: Երկրի ներքին ու արտաքին կյանքի բոլոր ոլորտներում առանձնանում է այս մեկը, որը բարձր մակարդակի վրա է:



Մայիսի 1-ին նշվում է Աշխատավորների միջազգային օրը: Մայիսի 1-ը տոն է այնքանով, որ օրացույցում նշված է կարմիրով: Տոնի շունչ չկա, գուցե այն պատճառով, որ մասնակիցները հիմնականում թոշակառուներն են ու գործազուրկները: Չնայած հենց սա է այն օրը, երբ պետք է աշխատավորները բարձրացնեն իրենց իրավունքների հարցը, այնուամենայնիվ, մեզ մոտ անհրաժեշտ ուշադրության չի արժանանում: Ինչպես նշում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչները, իրենց իրավունքների ոտնահարման դեպքում աշխատողները չեն դիմում՝ վախենալով աշխատանքից զրկվել: Նախորդ տարի մայիսի 1-ին Ազատության հրապարակում բողոքի ցույց էին անում «Նաիրիտ» գործարանի աշխատողները: Նրանք Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում աշխատավորների օրվան նվիրված միջոցառմանը մասնակցող ՀՀ նախագահից պահանջում էին վճարել իրենց տարիներով կուտակված աշխատավարձը։



Կան բազմաթիվ տոներ եւս, օրինակ՝ Երիտասարդության համերաշխության օրը, որը Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում հստակ երեւաց մի քանի բողոքի ցույցերի ընթացքում, Ռադիոսիրողի օրը, Լաբորատոր կենդանիների պաշտպանության օրը, Քարտուղարուհու միջազգային օրը, Մտավոր սեփականության համաշխարհային օրը, Աշխատավայրում անվտանգության եւ առողջության համաշխարհային օրը: Սա, ի դեպ, եւս կարեւոր է, քանի որ թե Հայաստանում, թե արտասահմանում, որտեղ հայերն աշխատում են, տարեկան բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում կանոնները չպահպանելու արդյունքում, մի դեպքում էլ աշխատանքի ժամանակ առողջությունը քայքայածները մինչեւ հիմա կառավարության դիմաց փոխհատուցում են պահանջում: Այս օրերի մի մասը զուտ ձեւական է նշվում: Օրինակ՝ ապրիլի 30-ը Ջազի օրն է: Հիշում եմ՝ տարիներ առաջ Հայաստանում հայտարարվել էր ջազի միամսյակ: Բազմաթիվ հաստավիզներ, փողկապավորներ տարածվել էին ջազային սրահներում, քանի որ միջոցառումներն անցկացվում էին նախագահի հովանու ներքո, բայց նայելիս խղճում էիր՝ հազիվ էին իրենց զսպում, որ ինֆարկտ չստանան:



Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image