Հասարակություն

Ոստիկանությունն իջեցնում է ցուցամոլության գինը

Ոստիկանությունն իջեցնում է ցուցամոլության գինը

Ոստիկանությունը որոշել է աննախադեպ ակցիա իրականացնել՝ իջեցնել մեքենաների «գոլդ» համարանիշների գները։ Վարորդները, որոնք մինչ այժմ իրենց մեքենաների վրա, օրինակ, 88 XX 888 կամ 11 YY 111 կոմբինացիայով «ազդեցիկ» համարանիշներ փակցնելու համար ստիպված էին վճարել 8 մլն. դրամ, նոյեմբերի 14-ից սկսած՝ կխնայեն մի ամբողջ 3 մլն. դրամ։ Ոստիկանությունը համարանիշի հաշվին կայացող ու ինքնադրսեւորվող մեր ցուցամոլ վարորդների համար աննախադեպ «ցածր» գին է սահմանել՝ 5 մլն. դրամ։ Այսպիսի համարանիշներ կարելի է հանդիպել հիմնականում համարանիշի գինը մի 3-4 անգամ գերազանցող մեքենաների վրա՝ վերջին սերնդի Mercedes S-Class, Range Rover, հայկական ավանդական «յաշիկ» (Mercedes G-Class), BMW X5, X6, Porsche Panamera, եւ այսպես շարունակ։ Ոստիկանությունն իջեցրել է նաեւ մի քիչ պակաս «գոլդ» համարվող համարների գները՝ 150-600 հազար դրամ արժողությամբ համարների գները 50-100 հազար դրամով կնվազեն՝ տեղավորվելով 100-500 հազարի միջակայքում։ Եվ սա արել են նրա համար, քանի որ Հայաստանում մշտապես կան մարդիկ, որոնք տենչում են ունենալ նույն տառերով ու լրիվ նույն թվերով 5 միլիոնանոց համարներ, բայց ամենաշատը 500 հազար դրամ գումար ունեն այդ կարեւոր գործի համար։ Դրա համար նրանք պատրաստ են մի կերպ, իրենց նեղություն տալով՝ յոլա գնալ 250 կամ 500 հազար դրամանոց կիսագոլդ համարանիշով։ Արդյունքում նրանց 2003 թվի ու, բնականաբար, գազով X5-ը կամ Prado-ն զարդարում են ոչ թե, օրինակ, 77 ՃՃ 777՝ լրիվ գողական, այլ 76 ՃՃ 777 կամ 85 ՋՋ 888 համարները։ Նկատենք, որ ՀՀ-ում հիմնականում հենց 7-երով ու 8-երով համարներն են համարվում քրեական հեղինակությունների սիրելին։



Իսկ 01 XX 001, 10 XX 001 (նույնը նաեւ 2-ով, 3-ով, մինչեւ 09 XX 009) կոմբինացիայով համարներն էլ նախկին 3 մլն. դրամից այսուհետ կդառնան 2 մլն.։ Սրանք էլ զրոյաշատ եւ պետական չինովնիկ դառնալու իրենց երազանքն այդպես էլ չիրականացրած այն վարորդների համար են, որոնց աչքին չի երեւում մի 2-3 մլն. դրամը. կարեւորը՝ իրենց մուգ ապակիներով ու վարագույր քաշած Mercedes S-Class-ը «պադավատի» տեսք ստանա։ Նույն կոմբինացիայով, բայց արդեն տարբեր տառերով (01 ZX 001, 07 XY 007) համարների գինն էլ 1.5 միլիոնից դարձել է 1 մլն. դրամ։



Ցավոք սրտի, մեր վարորդների մեծ մասը նման ճաշակի ու մտածողության կրողն է, որ կարծում է, թե շքեղ մեքենայով ու «գոլդ» համարներով կարող է տպավորություն գործել ինչպես անցորդների, այնպես էլ «գաիշնիկների» վրա։ Բայց վերջին շրջանում հայաստանյան պետհամարանիշների շուկայում լրիվ այլ թրենդներ են նկատվում։ Ամեն դեպքում, շատերն արդեն հասկացել են, որ 7-երով, 8-երով ու 0-ներով գոլդ համարները գնալով կորցնում են իրենց երբեմնի «անձեռնմխելի» դիրքերը հայ հասարակության մեջ։ Հիմա մոդայիկ ու ավելի ազդեցիկ են դարձել ռուսական գոլդ համարանիշները՝ հատկապես Մոսկվայի սերիայով, լրիվ նույն տառերով ու թվերով, ինչպես նաեւ վրացական էքսկլյուզիվ «համարները», որ 10 հազար լարի վճարելով՝ կարող ես ուղղակի անունդ գրել համարի փոխարեն կամ սոսկ մի տառ դրոշմել դատարկ թիթեղի վրա։



Հայկական պետհամարանիշներից հիմա առավելապես մոդայիկ ու «անձեռնմխելի» կարգավիճակում են 2 խումբ համարներ՝ որոշ ազդեցիկ գերատեսչությունների սերիաներով պետական եւ խառը թվերով ու տառերով «օպերատիվ» համարները։ Դրա համար հիմա մեր մեծահարուստներից շատերը, եթե պետական բարձրաստիճան պաշտոնյա չեն, որ UU 01, SS 01, oo 01, LL 01 կամ նմանատիպ այլ սերիաներով համարանիշներ ունենան, նախընտրում են որեւէ կերպ «օպերատիվ» համարներ ձեռք գցել։ Սրանք ոստիկանությունը տրամադրում է իր այն աշխատակիցներին, որոնք գործի բերումով ստիպված են ծպտված օպերատիվ ծառայություն իրականացնել։ Այս համարները սովորաբար թվերի ու տառերի՝ առանձնապես աչքի չընկնող կոմբինացիաներով են լինում։ Դրանք ՃՈ տեսուչների կողմից հիմնականում չեն կանգնեցվում, իսկ խախտում անելիս էլ, օրինակ՝ չթույլատրված տեղից շրջադարձ, արգելված վայրում կայանում են, տեսախցիկների կողմից չեն ֆիքսվում կամ ֆիքսվում, բայց չեն տուգանվում։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image