Այլ

Բարև ձեզ և հաճելի օր

Բարև ձեզ և հաճելի օր

Ոչ միայն ՍԱՍ-ի Արտակի սուպերմարկետներում, այլեւ ողջ կապիտալիստական հասարակարգում են ընդարձակ ժպիտով բարեւում եւ ապա նույն ընդարձակ ժպիտով հաճելի օր մաղթում: 



Սակայն այդ բարեւը բարեւը չէ, եւ հաճելի օրվա մաղթանքը երբեք հաճելի օրվա մաղթանքը չէ:
Սրանք հարստահարողների համակարգի նշաններն են: Չէ՞ որ մարդը, «եթե անգամ լոկ միայն ողորմելի սպառող է», միեւնույն է՝ այդ սպառողին գոնե դիմավորել է պետք, այնպես, ինչպես նախկինում դիմավորել են մարդուն, անցյալի՝ դեռ ճանաչելի նշաններով:
Մեր օրերում ինձ համար աշխարհի ամենատխուր բարեւը սուպերմարկետի աշխատակցի բարեւն է եւ ամենատխուր մաղթանքը՝ վերջում նրա կողմից ինձ հաճելի օր մաղթելը: Ես գիտեմ, որ բարեւ տվողը եւ ապա հաճելի օր մաղթողը դրամարկղի մոտ նստած մարդը չէ: Այդ բարեւի եւ մաղթանքի կալվածքում այդ մարդն ընդհանրապես գոյություն չունի, նրան չեն էլ հարցրել՝ կարո՞ղ ես արդյոք 10-12 ժամ շարունակ յուրաքանչյուր մտնող-ելնողին բարեւել, յուրաքանչյուր մտնող-ելնողին հաճելի օր մաղթել, կարո՞ղ ես արդյոք յուրաքանչյուրի դեմքին նայել ու ժպտալ, այնպես ասես՝ ամեն ինչ հրաշալի է, ասես ձեր երկուսի կյանքը կատարյալ է, բացառիկ ու եդեմական:



Հարստահարողը երբեւէ չի հարցնում քո ունակությունների, քո ֆիզիկական ու հոգեւոր պաշարների, դրանցում եղած հնարավորությունների մասին, նրան դա չի հետաքրքրում: «Հավելյալ աշխատանքը կապիտալի հնարածը չէ։ Ամենուրեք, որտեղ հասարակության մի մասն արտադրության միջոցների մոնոպոլիա ունի, բանվորը, ազատ թե անազատ, պետք է իր ինքնապահպանման համար անհրաժեշտ աշխատաժամանակին մի ավելորդ աշխատաժամանակ միացնի, որպեսզի կենսամիջոցներ արտադրի արտադրության միջոցների սեփական տիրոջ համար, լինի այդ սեփականատերն աթենացի արիստոկրատ, էտրուսկական թեոկրատ, civis romanus (Հռոմի քաղաքացի), նորմանական բարոն, ամերիկյան ստրկատեր, վալախ բոյար, արդի լենդլորդ, թե կապիտալիստ»,- գրում է Մարքսը: Կապիտալիստ ՍԱՍ-ի Արտակն իր աշխատողներից ավելորդ աշխատաժամանակ է պահանջում, որպեսզի նրանք գնան-ընկնեն դռնեդուռ, հարազատ-բարեկամից ձայներ աղերսեն կամ թեկուզ բռնությամբ եւ սպառնալիքներով կորզեն ու վերջնական քվեներ ապահովեն: Քաջ գիտակցելով եւ հստակ իմանալով ինքնապահպանման կամքի զորեղության աստիճանը՝ Արտակ Սարգսյանը ոչ մի վայրկյան չի կասկածում, որ հրամանը կյանքի կկոչվի, եւ հանգունապես ոչ մի վայրկյան չի կասկածում հրաման կատարողի «նվիրվածությանն ու ազնվությանը»:
Նրանք, ովքեր մերժում են հրամանը, ովքեր չեն կատարում հարստահարողի իշխանության հրահանգը, «մահապարտներ» են… Բայց սա կապիտալիզմի մեծագույն թակարդն է, սիստեմի քարոզչական մեքենայի աղը: ՍԱՍ-ի Արտակն իր խոսքում աշխատավորներին քանիցս հիշեցնում է, թե որքան բարդ է մեր օրերում գործատեղ գտնելը, եւ որքան սարսափելի է այն կորցնելը: Սա բացառապես մահվան սպառնալիք է: Միով բանիվ, հարստահարողն աշխատավորներին մահով է սպառնում՝ հավաստիացնելով, որ աշխատանքի կորուստը դա կյանքի կորուստն է, եւ ով զրկվի աշխատանքից, կզրկվի նաեւ կյանքից: Հարստահարողի եւ ողջ կապիտալիստական իշխանության դեմ պայքարը թերեւս սկսվում է հրամաններին չենթարկվելու եւ դրանք չկատարելու ակնթարթից:



Հայաստանյան իշխանության ողջ կապիտալիստական վերնախավը վերջին ամենաստոր միջոցին է դիմել՝ ՀՀ քաղաքացուն սկսել է տնօրինել միմիայն մահվան սպառնալիքով:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image