Հասարակություն

Ցողած ջուր

Ցողած ջուր

Օրեր առաջ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական այցի կապակցությամբ, ամբողջովին վերակենդանացել էին Արաբկիրի 21, 22 փողոցները, ավելի ճիշտ՝ ոչ թե վերակենդանացել էին ինքնաբերաբար, այլ՝ արհեստական միջամտությամբ: 



ՀԿ-ների, նաեւ թաղապետարանի աշխատակիցներն ավլում էին փողոցները, ջրով ցողում շենքերի մուտքերը եւ բակերի փոքր պուրակները: Հետո ասֆալտ բերեցին՝ նախընտրական արշավի սրբազան շիլան, սկսեցին փռել, ծեփել հին ու նոր փոսերն ու խոռոչները, ասես կյանքը երեւանյան գարնան հետ իսկապես արթնանում էր, ասես Արաբկիրը խորին վերափոխություններ էր ապրում: Մարդիկ իրար մեջ խոսում էին․ «Ընտրությունների համար են անում», «Մեկ էլ 4-5 տարի հետո կգան, ոնց որ՝ միշտ»: Մյուսներն ասում էին․ «Տարոնն ա գալիս, փողոցները Տարոնի խաթեր են սենց լիզում»:
Փողոցներին փողոցանման տեսք հաղորդելուց եւ շպարի զանազան տեխնիկա օգտագործելուց հետո աշխատակիցները հեռացան՝ իրենց տեղը զիջելով Տարոն Մարգարյանի վարչական թեւին: Հիմա արդեն կարեւորագույն քարոզի համար բեմ, միկրոֆոն, պաստառ պատրաստելու եւ տեղադրելու ակնթարթն էր:



Եվ, ահա, դանդաղ քայլքով փողոց մտան ՀՀԿ-ի երիտասարդական սեկցիաները՝ սպիտակ կեպիներով, փոքր դրոշակները ձեռքներին երիտասարդ տղաներ ու աղջիկներ, որոնք շարժվեցին եւ կանգնեցին բեմի կողքը: Իսկ բեմն արդեն պատրաստ էր, եւ մի բարձր, տափակ երաժշտության ներքո արդեն հնչում էր հաղորդավար աղջկա ծակող ձայնը: Նա հայտնում էր, որ ուր որ է՝ բակ կժամանի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ խնդրում էր բնակիչներին իջնել բնակարաններից, հանդիպել նրա հետ: Միառժամանակ անց ՀՀԿ-ն՝ իր ջիպերով, ցմփոր ու հաստագլուխ փաղանգներով, նվաճում էր փողոցը, այնպես որ, շուտով ասեղ գցելու տեղ չկար: Հաղորդավար աղջիկը մի վերջին, նվիրական ծղրտոցով ավետեց, որ ակնթարթ հետո Տարոն Մարգարյանն Արաբկիր համայնքի այս չքնաղ բակում կլինի, եւ հորդորեց բոլորին մոտենալ բեմին: Աղջիկը ճիշտ էր, Տարոնը եկավ՝ առույգ եւ վճռական, ապա իր թիմով կանգնեց բեմի վրա ու սպասեց: Սկզբում թիմից ինչ-որ մեկն սկսեց խոսել… Ինչ-որ բաներ ասաց քաղաքի հետ կապված, հետո գովեստներ շռայլեց քաղաքապետի հասցեին, ասաց, որ ճշմարիտ ու կարեւոր է նրան վերստին աշխատելու հնարավորություն ընձեռելը, չէ՞ որ դեռ այնքան բան կա անելու:



Վերջապես միկրոֆոնին մոտեցավ Տարոն Մարգարյանը, բոլորը, շունչները պահած, ունկ դրեցին: Նրա նախընտրական խոսքն այնքան համառոտ էր, որ դեռ չսկսված՝ ավարտվեց: Լսվեց հաղորդավար աղջկա վերջին ճիչը․ «Սիրելի արաբկիրցիներ, ուրեմն ընտրենք Տարոն Մարգարյանին»… եւ ամեն ինչ ավարտվեց: Տարոն Մարգարյանը քայլելով շարժվեց դեպի մեքենաների շարասյունը՝ ընթացքում բարեւելով մի քանի բնակչի: Բայց, այդուհանդերձ, այդ անբնական խոսքի մեջ ի՞նչ ամփոփեց Տարոն Մարգարյանը…



Նա ասում էր, որ քաղաքի խնդիրները շատ են, շատ բաներ արվել են, եղել են նաեւ բացթողումներ, որ դրանք ընթացքում կշտկվեն, որ իրեն եւս մեկ անգամ պետք է արաբկիրցիների վստահությունը… Ահա, սա էր ամենը, նախընտրական քարոզ, ՀՀԿ-ի շտամպային խոսքն ու խոստումը, որը տեւեց ընդամենը 3-4 րոպե, եւ ոչ ոք չիմացավ, թե ծրագրային ինչ մտայնություններ ունի քաղաքապետը, կոնկրետ ինչ խնդիրներ է իր առջեւ դրել, եւ, վերջապես, ինչու այս 3-4 րոպեի համար այսքան ծախս անել, ասֆալտ փռել, ջուր ցողել ու գալ-հասնել այստեղ… Շարասյունը հեռացավ, փողոցները դատարկվեցին՝ վերադառնալով դեպի հարազատ դարձած ամայությունն ու տխրությունը, մնացին ասֆալտն ու ցողած ջուրը, որը, իհարկե, գնալով գոլորշիանում էր:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image